Փոխհամաձայնեցված ապօրինություն․ վարձակալության պայմանագրերը ձեռնտու չեն

Փոխհամաձայնեցված ապօրինություն․ վարձակալության պայմանագրերը ձեռնտու չեն

343

Վերջին տարիների ընթացքում  Հայաստանում, և մասնավորապես Երևանում, բարձր գների պատճառով  վարձավճարով տուն գտնելը մարդկանց համար մեծ խնդիր է դարձել, իսկ նրանք, ովքեր արդեն ապրում էին վարձավճարով տանը, կա՛մ դուրս են գալիս տնից, կա՛մ ստիպված են լինում նախկինում վճարված վարձի կրկնակին վճարել։

Գների կտրուկ բարձրացման պատճառները կապում են գնային շուկայի փոփոխությունների և արտասահմանցիների ներհոսքի հետ։ Այս իրավիճակում վարձակալները, ովքեր ժամանակին  վարձակալության պայմանագիր էին կնքել վարձատուի հետ, կարողացել են խուսափել առանց նախապես զգուշացման կրկնակի թանկացումից, իսկ նրանք, ովքեր նախընտրել էին բանավոր պայմանավորվածությամբ երկարաժամկետ բնակություն հաստատել վարձավճարով տանը, ստիպված են եղել հարմարվել վարձատուի պայմաններին։

Ըստ ՀՀ Անշարժ գույքի մասին օրենքի 13-րդ հոդվածի՝ մեկ տարի կամ ավելի ժամկետով վարձակալության պայմանագիրը կնքվում է գրավոր: Իսկ եթե կա համաձայնություն անշարժ գույքը փոփոխությունների ենթարկելու և գրավ դնելու, պայմանագիրը կնքվում է գրավոր` անկախ վարձակալության ժամկետից:

Օրենքի այս կետի մասին շատերը անգամ տեղեկացված չեն և առանց իմանալու խախտում են այն, որոշ վարձատուներ էլ խուսափում են պայմանագրի կնքումից հարկերից խուսափելու համար:

Ըստ Journalist.am-ի անցկացրած առցանց հարցման արդյունքների՝ մարդկանց 86%-ը չի կարողանում վարձով տուն գտնել, որոնց 48%-ը փնտրում է սովորելու, 29%-ը՝ աշխատելու նպատակով։ Հարցվածների 78%-ը վարձում են տունը առանց պայմանագիր կնքելու, մեծամասամբ անշարժ գույքի սեփականատերերը չեն համաձայնում գրավոր պայանագիր կնքել, կամ մարդիկ դա ժամանակի անիմաստ կորուստ են համարում և չեն էլ առաջարկում։

Անշարժ գույքի գործակալությունները և գործակալները փաստում են, որ վերջին 2 տարում պատվիրատուների պահանջները բավարարելը բավականին դժվարացել է, հիմնական պատճառը գների բարձր լինելն է կամ վարձատուների հետ համաձայնության չգալը։ Առանցքային խնդիր է նաև պայմանագրեր կնքելը, որից կա՛մ վարձակալներն են հրաժարվում, կա՛մ վարձատուն։ Անշարժ գույքի գործակալություններից մեկը նշեց, որ առանց պայանագրի աշխատել չեն համաձայնում, բայց մեծամասամբ կողմերը կնքում են պայմանագիրը առանց նոտարի հաստատման՝ հենց հարկերից խուսափելու նպատակով։

Երևանի կենտրոնում իր բնակարանը երկար տարիներ վարձակալության հանձնած Ս․ Բ․-ն չի հիշում դեպք, որ բնակարանի համար պայմանագիր կնքած լինի․ «Վարձով տուն փնտրողները երբեք չեն էլ առաջարկել պայմանագիր կնքել, դա ավելորդություն ենք համարել ու գլխացավանք, ես էլ աշխատել եմ բանավոր պայմանավորվածը պահել։ Եղել է, որ տարիներով ապրել են, առանց խնդրի, այս վերջին տարիներին եղել է, որ վարձը թանկացնելու մասով կոնֆլիկտ լինի, բայց խնդիրը լուծվել է, ընդհանուր համաձայնության կարողացել ենք գալ»։

Մարզից Երևանում բնակություն հաստատած Հ․ Մ․ -ն և Ա․ Ս․ – ն 4 տարուց ավել է բնակվում են վարձով տանը։ Նրանք պատմում են՝ եղել են դեպքեր, որ առաջարկել են պայմանագիր կնքել, սակայն վարձակալը չի համաձայնել, նշել է, որ կարիք չի տեսնում։

«Բնակարան գտնելը դժվար է, երկար ժամանակ ենք ծախսում, մինչև հարմար տուն գտնենք, գտնելուց հետո էլ, երբ առաջարկում ենք պայմանագիր կնքել, չեն համաձայնում, հրաժարվելն էլ կնշանակի նորից այդքան փնտրել ու ժամանակ կորցնել, դրա համար էլ նախընտրում ենք բնակվել առանց պայմանագրի, դա ևս կարող է իր խնդիրները առաջացնել, վարձակալը կարող է որոշել թանկացնել տունը, և մենք ստիպված ենք լինում անմիջապես դուրս գալ կամ վճարել»։

Սրան հակառակ, կան մարդիկ, ովքեր հրաժարվում են վարձակալել բնակարանը առանց գրավոր պայմանագրի՝ անախորժություններից խուսափելու համար։ Արմինեն 14 տարի է բնակվում է վարձավճարով բնակարաններում․ «Հարմար վարձով տուն գտնելը միշտ է դժվար եղել, հիմա՝ առավել ևս, բայց ես երբեք առանց պայմանագրի չեմ համաձայնում վարձակալել, վարձատուները հաճախ հրաժարվում են, երբ առաջարկում եմ գրավոր պայմանագիր, բայց ես երկար բնակվելու նպատակով եմ դիմում և այդ կերպ խուսափում եմ տան վարձի հանկարծակի բարձրացումներից»։          

Խնդիրը, որում դժվար է հստակ մեղավորներ կամ զոհեր գտնելը, հանգեցնում է ապօրինության և գիտակցված կամ չգիտակցված կերպով հարկերից խուսափման։ Արդյունքը լինում է «տանտերերի» և վարձակալների ապօրինի փոխհամաձայնությունը։

Սրբուհի Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել