Հերթով պատմվող պատերազմներ

Հերթով պատմվող պատերազմներ

700

Գյուղերում դեռևս մի հետաքրքիր «ավանդույթ» է պահպանվել․ հավաքվում են մեծերը, նստում իրար կողքի, իրենց շուրջը հավաքում տան փոքրերին ու սկսում ինչ-որ պատմություններ պատմել։

Սահմանամերձ բնակավայրերում վերջին օրերին այդ պատմությունները հատկապես պատերազմի մասին էին։ Հիշում եմ՝ մեծ տատս, որն արդեն 92 տարեկան է, պատմում էր մի աղջկա մասին, որին թուքերը գյուղի վերևից գողացել ու տարել էին։ Սկզբում գյուղացիները չէին հասկացել, թե ուր է անհետացել աղջիկը։ Մտածել են՝ նրան գայլն է կերել, կամ ընկել է ինչ-որ ժայռից։ Սակայն այդ դեպքից շատ տարիներ անց աղջիկը նամակ է ուղարկել իր ընտանիքին և ասել, որ իրեն թուրքերն են տարել։ Ինքն արդեն ամուսնացել է և երջանիկ է։

Հետո խոսակցության մեջ է մտնում մյուս տատս։ Նա սկսում է խոսել 90-ականների պատերազմի մասին։ Ասում է՝ երեխաներին ապահովության համար ուղարկել էր Գորիս՝ քրոջ տուն։ Սակայն  հենց նույն օրը նրանց բակում է գրադ ընկնում։ Դրանից հետո էլ երեխաները ոչ մի տեղ չեն գնում։

Մեծ հորաքույրս ընդհատում է նրան ու պատմում, թե ինչպես են հարևան տղամարդիկ հավաքվել, մի մեծ փոս փորել ու, այսպես ասած, ապաստարան սարքել, որ գոնե իրենց երեխաները քիչ թե շատ ապահով լինեն։ Ասում է՝ ինքը չէր վախենում։  Երեխաների հետ կրակի տակ գնում էր բերքահավաք էր անում իրենց այգում։ Երբ թուրքերը սկսում էին կրակել, ուշադիր նայում էր ու որոշում կրակի ուղղությունը։ Երեխաներին էլ այսպես էր հանգստացնում․ «Այս մեկն էլ Կոռնիձորի վրա ընկավ»․․․

Լռում է ու մտքերի մեջ ընկնում։

Ու ես հիշում եմ վերջին պատերազմը, որի մասին մի օր ես կպատմեմ իմ թոռներին։ Մենք էլ էինք նույն կերպ որոշում կրակի ուղղությունը։ Պայթյունից հետո հաշվում էինք, թե քանի վայրկյան հետո է ձայն  գալիս ու թե ինչ բարձրությունից։ Այդպես իմանում էինք՝ մենք խփեցինք, թե նրանք։ Այդ ծանր օրերին մեզ էլ էին քաղաք ուղարկել, ու մենք էլ կարճ ժամանակ անց նորից վերադարձել էինք գյուղ, որովհետև պատերազմի ժամանակ դու պետք է մնաս այնտեղ, որտեղ հայրենիքդ է քեզ վստահել։

Սաթենիկ Ավետիսյան

2-րդ կուրս

Կիսվել