Հնագիտության և ազգագրության ամբիոնից մինչև ԵԼՀ ֆակուլտետ․ Արևիկի ճամփորդությունից

Հնագիտության և ազգագրության ամբիոնից մինչև ԵԼՀ ֆակուլտետ․ Արևիկի ճամփորդությունից

542
 «Բան ու գործ» էքսպոյին՝ Պատմության ֆակուլտետի ուսանողների հետ

Համալսարան ընդունվելու առաջին իսկ օրվանից սկսվեց իմ «ճամփորդությունը»։  Այո, ես  «ճամփորդություն»   կոչեցի   այս  ամենը։  

Ամեն  բան սկսվեց 2-րդ հերթից։  Դասերս ուշ  էին  սկսվում, իսկ գյուղից Երևան եկող տրանսպորտ չկար, որով ճիշտ ժամանակին, առանց  բարդությունների կհասնեի համալսարան։ Սկսվեց «թափառաշրջիկ  կյանքս»։ Շուտ  էի  գնում  համալսարան ու  ժամանակս  անիմաստ  վատնելու  փոխարեն  հաճախում  էի  քույրիկիս   Պատմության ֆակուլտետ։  Ամեն բան  այնքան  հետաքրքիր  էր,  որ  մեկ-մեկ  ուզում  էի փոխել  ֆակուլտետս։   Կլինեմ   անկեղծ  ու  կասեմ, որ  որքան  էլ  չէի  հասկանում  շատ  բաներ,  միևնույն է,  դասապրոցեսը  հետաքրքիր  էր։ Ու  որքան  էլ  զարմանալի   է, արդեն  ունեի  իմ սիրելի  դասախոսները։ Ամենից  շատ  ազգագրության  դասերն  էի  սիրում․  մշակույթի,  մարդկանց  վարք  ու  բարքի,  սովորույթների,  կենցաղի  մասին  քննարկումները  հետաքրքրել  էին  ինձ։  Հատկապես  տիկին  Ծատուրյանի  դասերին  մեծ  ոգևորությամբ   էի  գնում։ Սովորությանս  համաձայն՝ հարցերն  անպակաս  էին ինձնից։  Հաճախ  էր  հարցնում՝ «չե՞ս հոգնում»։ Այդ  պահին  լայն  ժպիտով  «ոչ»  էի  պատասխանում, բայց  տուն   հասնելուն  պես  հասկանում  էի  բոլոր հոգնած  մարդկանց։

Հաջորդ  կանգառս ԵԼՀ ֆակուլտետն էր։ Այստեղ էլ  ինձ մեծ ջերմությամբ  ընդունեցին։ Դարձել  էի  կուրսի  անբաժան  մասնիկը։ Դե, մեկ-մեկ  էլ  բացակաների  փոխարեն ներկա ես էի ասում։ Սիրվել  էի  դասախոսների  կողմից,  ու շատ  հաճախ, երբ  չեի  գնում,  հարցնում  էին՝  «ու՞ր  է»,  «ինչու՞  չի  եկել»։  Երբեք  չեմ  մոռանա    տիկին Գալստյանի արձագանքը, երբ իմացավ,  որ  այլ  ֆակուլտետից  եմ։ Տպավորիչ   ու   հուզիչ  պահ  էր։  Ու  երբ  վերջերս զրուցեցի  նրա  հետ,   հիշեց․  «Շատ  հաճելի  էր,  էմոցիաներն  իրենց բարձրակետին էին հասել․ շատ-շատ   հաճելի  էր  տեսնել ուսանողի,  որին  հետաքրքել էր դասը, ու դա պարտավորեցրեց ինձ, որ  առաջիկայում  ավելի ու ավելի ներդրումներ կատարեմ, որպեսզի դասն ավելի հետաքրքիր լինի։ Իրոք արտակարգ  զգացողություններ  էին, հուզիչ  էր  շատ»։ 

ԵԼՀ ֆակուլտետում՝ գործարարության դասին

Նոր ու հետաքրքիր գիտելիքներ ստանալը կարևոր է, հատկապաես լրագրողի  համար, իսկ այս «շրջագայության» ընթացքում դրանք բավականին շատ են․ կովկասագիտությունից  մինչև  վիմագրություն, 5000  տարվա մարդկային  ոսկորների ուսումնասիրությունից մինչև էլի այլևայլ բացահայտումներ։ Յուրաքանչյուր ֆակուլտետ կարծես առանձին մի պետություն լինի՝ իր մշակույթով, պատմությունով, հետաքրքություններով․․․ 

Այսպես են  անցել ու անցնում համալսարանական տարիներս։ Իմ   ճամփորդությունը  դեռ  չի  ավարտվել․  դեռ  1  տարի  էլ  ունեմ  ֆակուլտետներում  շրջագայելու   ու   նորանոր  բացահայտումներ  անելու  համար։

Արևիկ Արզումանյան

2-րդ կուրս

Կիսվել