Հայրենիքը կորցրին, հույսը՝ ոչ․ վստահ են՝ վերադառնալու են տուն

Հայրենիքը կորցրին, հույսը՝ ոչ․ վստահ են՝ վերադառնալու են տուն

421

«Մի օր հետ եմ գնալու»,- այս տողերով 19 ամյա Նարեկը սկսեց պատմել տեղահանված ընտանիքի, հերոս հայրիկի ու անչափահաս 2 քույրերի մասին, որոնց հետ ստիպված էր լքել հայրենի օջախը, վառել այն ու հեռվնից նայել ծխացող տանը: «Թուրքը չպիտի ապրի իմ տանը»,- ամեն հարցի պատասխանի մեջ Նարեկը տեղավորում էր այս տողն ու հիշում այն օրերը, երբ խաղաղ երկնքի տակ ընկերների հետ դպրոց էր գնում, հայրիկն էլ ուղեկցում էր ու շտապում երբեմնի ազատ ու անկախ Արցախի սահմանները պաշտպանելու․․․ հիմա ո՛չ հայրիկը կա, ո՛չ էլ հոր պահած սահմանը․․․

«Արդեն իրերն էինք հավաքում, բայց գիտակցում չկար, չէինք հասկանում՝ ինչ էինք անում, ուր էինք գնալու, ուր էինք մնալու»։ Նարեկն ընտանիքի հետ ամենավերջինը դուրս եկավ Մարտակերտից, հազիվ են տատիկին համոզել դուրս գալ տնից, մինչև վերջին վայրկյանները փաթաթվել էր որդու նկարին, տան պատերն էր շոյում ու, արցունքները ինքն իր մեջ խեղդելով, որդուն երանի տալիս, որ չտեսավ այս ամենը։

Նարեկը դեռ մանկուց երազում էր բժիշկ դառնալ, բայց հայրենիքը կորցնելուց հետո փոխեց որոշումը՝ հոր ճանապարհն է շարունակելու։ «Ես էդքան վիրավոր տեսա, բայց չկարեցա օգնել ոչ մեկին, երբ էդքան սովորել էի ու տիրապետում էի մասնագիտությանս որոշ չափով։ Հիասթափվել եմ ամեն ինչից, երևի զինվորական կդառնամ»։ Նարեկն արդեն փաստաթղթերը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, պատասխանին է սպասում ու ընտանիքի անդամներին ամեն վայրկյան վստահեցնում՝ «Ամեն ինչ լավ ա լինելու, սենց չի մնա»։

Ընտանիքը 2-րդ անգամ էր տեղահանվում․ 2020 թվականին դուրս եկան Շուշիից, տեղափոխվեցին Հայաստան, բայց որոշ ժամանակ անց հասկացան ՝ Արցախում է իրենց տունը, պետք էր հետ վերադառնալ ու շարունակել ապրել Արցախում. այս անգամ հասցեն Մարտակերտն էր։ «Տնից շատ բան չենք վերցրել, միայն Աստվածաշունչը ու ամուսնուս արիության մեդալը»,- պատմում է Նարեկի մայրն ու ավելացնում. «Անվերջանալի էր թվում ճանապարհը, լուռ էինք, ոչ մի բառ գրեթե չենք խոսել ճանապարհին, ամեն մեկս մեզ համար հիշողություններ էինք հավաքում ճանապարհից ու քանդվում ներսից, թվում էր՝ ով խախտեր լռությունը, բոլորս կսկսեինք ողբալ․․․»։

Հայաստանում այնպես էին դիմավորել ընտանիքին, որ վերջապես սկսել էին ժպտալ, տուն են նվիրել Աշտարակ քաղաքի գյուղերից մեկում, որտեղ էլ հիմա ժամանակավոր ապրում են։

«Ամեն ինչ լավ կլինի, ես գիտեմ, որ Արցախս մի օր նորից ազատ է ապրելու, պինդ կացե՛ք»-մեր ճանապարհելիս ասաց Նարեկի տատիկը, ով ամբողջ խոսակցության ընթացքում լուռ նայում էր արցախյան լուսանկարները,-«Ես իմ ձեռով եմ թուրք շներին հանելու իմ հողից․․․»։

Լիանա Քարամյան

3-րդ կուրս

Կիսվել