«Իմ Արցախն էս ա, էս երկու պայուսակը»․ բռնի տեղահանվածները Մասիսում

«Իմ Արցախն էս ա, էս երկու պայուսակը»․ բռնի տեղահանվածները Մասիսում

1026

Արցախից բռնի տեղահանված մարդանց ընտանիքներ են հավաքված Մասիս քաղաքի հրապարակում։ Օդը ծանրանում է կորստի և անորոշության զգացումից: Յուրաքանչյուր ընտանիք 9 ամիս շրջափակման մեջ դիմանալու, իր տունը հարկադրաբար թողնելու և կյանքը զրոյից սկսելու իր պատմությունն ունի: Նրանք դեռ ճանապարհներին են, փնտրում են անվտանգություն, կայունություն և տուն կոչելու որևէ անկյուն:

Մեքենաների հոսքը դեպի քաղաքապետարան օրեր շարունակ չի դադարում։ Արցախից բռնի տեղահանվածները, լավագույն դեպքում, մեքենայի վրա կարողացել են մի քանի տոպրակ տեղավորել, որոնց քանակը կարելի է մատների վրա հաշվել․ այն ամենն է, ինչ մնացել է իրենց տնից։

Այն ընտանիքները, որոնք մեքենայի խնդիր են ունեցել, մի քանի տոպրակ են իրենց ձեռքը վերցրել և ուրիշ մեքենայով փախել։ Քաղաքապետարանի դիմաց հանդիպում եմ Բելլային, արցունքներն աչքերին ձեռքով ցույց է տալիս գետնին դրված մի քանի տոպրակն ու ասում․

– Էս ա, իմ Արցախն էս ա, էս երկու պայուսակը, էսքան բան ա մնացել Արցախից։

Նոր են հասել Մասիս, բարեկամներ չունեն, չգիտի, թե ուր են գնալու։ Ասում է՝ «ինձ համար հիմա կարևոր է հասկանալ, թե այս գիշեր երեխեքիս հետ որտեղ եմ քնելու, ու չգիտեմ էլ կկարողանամ քնել, թե չէ»։

Քաղաքապետարանի դիմաց վրաններ են շարված, ընտանիքները՝ տեղավորված վրաններում, արդեն կորցրել են օրն ու ժամը, չգիտեն էլ՝ երբվանից են այստեղ նստած։

Մուտքի մոտ հուսահատ դեմքեր են, լսվում են խոսակցություններ։

– Էն տունը նայեցի՞ք

– Ասում են 300,000 ա, խոզանոց էր, կեղտոտ դատարկ տարածք էր, ավելի լավ ա՝ ես էս մաշինին մեջին քոնն նիմ, քան ընդեղ։

Քաղաքապետարանում մարդիկ բաժանվել են երկու մասի։ Մի շարքը կանգնած է Միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրվող աջակցության հերթի առաջ, մյուսը՝ Կարմիր խաչի։ Մարդկանց հոսքը չի դադարում, հերթի շարքերն արդեն խառնվել են իրար։ Նոր եկածներն էլ հարցնում են՝ վերջինն ո՞վ է։

Այստեղ նրանք գրանցվում են և ստանում սնունդի համար կտրոններ։ Կտրոնն ամեն անձին տալիս է 10.000 դրամի սնունդ, գնում են նշված խանութներն ու ստանում արդեն իսկ տոպրակներով բաշխված սնունդը։

Քաղաքապետարանի կողքին՝ դատարկ շինության ներսում, հավաքված են կամավորները, այստեղ հագուստ ու խաղալիքներ են շարված։ Կամավորներից մեկին հարցնում եմ, թե ինչպես սկսեցին հագուստ հավաքել և բաժանել, ասում է՝ ինքն էլ է Արցախցի, իմացավ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այսպիսի աշխատանքներ է սկսում, եկավ ու սկսեց օգնել։

Նինա Շահանցը

Նինա Շահանցը պատերազմից հաշմանդամություն ստացած ամուսնու հետ փախել են Մարտակերտից, այժմ ապրում են բարեկամի տանը։

– Երբ կրակոցները սկսվեցին, իջանք նկուղ, ծնողները վազում էին դպրոցներ, մանկապարտեզներ՝ երեխաներին բերելու։ Քաոսային վիճակ էր, բայց ամենաահավորը երեկոյան էր, երբ սկսեցին վիրավորներին բերել նկուղ։ Ուտելու բան չունեինք։ Մարտակերտից գնացինք Ստեփանակերտ, բայց էնտեղ էլ սննդի խնդիր կար, շատ դժվար էր, բայց դե գիտեինք, որ ճանապարհ ենք գնալու եղածից-չեղածից մի երկու բան հավաքել էինք։ Մի քանի մետր գնում էինք, մեկ-երկու ժամ կանգնում էինք արևի տակ, ժամանակին Ստեփանակերտից Շուշի գնում էինք 15-20 րոպեում, 20 ժամում ենք հասել Շուշի մոտ։ Էս անորոշ վիճակից չգիտես էլ՝ ինչ անես, բարեկամների տանն ես, հա, բայց դե, մենք հո բեռ չենք, չենք կարող հավերժ մնալ իրենց հետ։ Մղձավանջի մեջ ենք, չեմ ընկալում դեռ, որ էս ամենը կատարվեց, էլ հետ գնալ չենք կարող, – արցունքները հազիվ զսպելով՝ պատմում է Նինան։

Հերթական մեքենան հասնում է հրապարակ, սնունդ ու ներքնակներ են բերում։ Տեղահանվածները հավաքվում են միասին և փորձում են ամուր մնալ՝ մխիթարություն գտնելով նրանում, որ ողջ են և իրենց հայրենակիցների հետ:

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ հեղինակի

3-րդ կուրս

Կիսվել