Դեռ մանկուց նրա երազանքն է եղել արվեստում լինելն ու դրանով զբաղվելը։ Մանուկ հասակից սիրել է նկարել ու ստեղծագործել, իսկ այսօր այդ երազանք թվացող ցանկությունն իրականություն է դարձել։ Այսօրվա մեր զրուցակիցը երիտասարդ նկարիչ, հագուստի մոդելավորող Մարիամ Մանասերյանն է։
-Մարիամ, կպատմեք՝ ինչպե՞ս սկսվեց ամեն բան և ինչպիսի՞ն էին ստացվում ձեր առաջին նկարները։
-Նկարել սկսել եմ շատ վաղ հասակից, բոլորն ասում էին, որ տաղանդ ունեմ: Տասներեք տարեկանից սկսեցի հաճախել գեղարվեստի դպրոց, ու դա իմ առաջին հիասթափությունը եղավ, քանի որ խմբում ամենավատ նկարողն էի, և շատ վատ էր ստացվում նկարելը։ Այդ ժամանակ արդեն հստակ որոշեցի, որ ոչ թե նկարիչ, այլ հագուստի մոդելավորող եմ դառնալու։ Ինձ համոզում էի, թե ինձանից նկարիչ դուրս չի գա ու պետք է մոռանամ նկարիչ դառնալու մանկական երազանքս։ Դարձա հագուստի մոդելավորող՝ սովորելով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, սակայն այնտեղ ավելի հիասթափվեցի ակադեմիական նկարչությունից։ Ավարտելուց հետո սկսեցի աշխատել որպես հագուստի մոդելավորող, սակայն զգում էի, որ նկարչությունն ինձ առավել հոգեհարազատ է, ու որոշեցի ամեն բան զրոյից սկսել՝ նորից նկարել սովորել, բայց արդեն ինքնուրույն։ Սկզբում շատ վատ էր ստացվում, սակայն իմ համառության ու աշխատասիրության շնորհիվ արդյունքը երկար սպասեցնել չտվեց։
-Եթե մասնագիտորեն բնորոշենք, ի՞նչ ուղղություն, ի՞նչ ոճ եք ներկայացնում:
-Քանի որ ավարտել եմ դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետը, իմ նկարներում շատ են դեկորատիվ տարրերը, հիմնականում նկարում եմ դիմանկարներ։ Նկարչության մեջ իմ սիրելի ոճը սյուրռեալիզմն է, և շատ մեծ հույս ունեմ ապագայում ներկայանալու հենց այդ ոճում։
-Ինչպե՞ս եք ընտրում ձեր նկարների հերոսներին:
-Ռեֆերենսները վերցնում եմ տարբեր լուսանկարիչների էջերից, սիրում եմ նկարել յուրահատուկ և տարբերվող արտաքին ունեցող աղջիկներին։
-Կա՞ն նկարիչներ, որոնց գործերը ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Ձեզ համար. ովքե՞ր են նրանք։
-Այո՛, իհարկե, կան։ Պարզապես պաշտում եմ Գուստավ Կլիմտի աշխատանքները, հավերժ կարող եմ ոգեշնչվել իր կտավներից։ Եթե ուշադիր նայեք աշխատանքներս, նույնիսկ կգտնեք Կլիմտին բնորոշ տարրեր։ Ոգեշնչման մեծ աղբյուր են նաև Դալիի, Մագրիտի, Վերմեերի, Վան Գոգի և Մուխայի գործերը։
-Ձեզ համար նկարչությունը հոբբի՞ է, թե՞ նաև գումար վաստակելու միջոց։
-Հոբբի էր, սակայն դարձավ մասնագիտություն, իսկ ժամանակի ընթացքում՝ նաև գումար վաստակելու միջոց։
-Եղե՞լ են դեպքեր, երբ դժգոհ եք մնացել Ձեր կատարած աշխատանքից։
-Այո՛, իհարկե, սակայն շատ քիչ աշխատանքներ ունեմ, որոնք չեմ հավանում կամ համարում եմ չստացված։
-Մտածու՞մ եք անհատական ցուցահանդես ունենալու մասին։
-Այո՛, իմ ամենամեծ նպատակն է։ Փորձում եմ որոշակի քանակ հավաքել ցուցահանդեսն իրականացնելու համար. ներկա պահին բավականին քիչ են աշխատանքներս։
-Եվ վերջում․ ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։
-Ես միշտ խորհուրդ եմ տալիս չհիասթափվել, կանգ չառնել ճանապահի կեսին և, իհարկե, անդադար նկարել՝ չվախենալով նոր էքսպերիմենտներից։
Էլեն Գրիգորյան
3-րդ կուրս