Գևորգի նստարանը դատարկ է

Գևորգի նստարանը դատարկ է

444

Սկիզբը Հյուսիսային պողոտան էր, շարունակությունն Աբովյան ու Սարյան փողոցներն էին, իսկ հետո՝ Կոնսերվատորիայի այգին։ Գևորգ Աղաջանյանի վերջին կանգառն էր։ Նվագել սկսել էր մանուկ հասակից, իսկ 2007 թվականից Երևանի փողոցները զգում էին նրա երաժշտության շունչը։  

«Ես վախենալով նայում էի կիթառին, ու ինձ թվում էր՝ նա էլ ինձ է նայում։ Ես կամաց մոտեցա նրան, վախից խփեցի լարերին, նա ինձ արձագանքեց, ու այդպես սիրահարվեցի այդ գործիքին»,- ասել է Գևորգն իր զրույցներից մեկում։ Նրան հարկավոր էր միայն կիթառը, որ փոխեր Երևանի տրամադրությունը։ Գևորգին լսող մարդիկ ասում էին, որ նրան հաջողվում էր դրական տրամադրություն ու ժպիտ փոխանցել։

Աշնան առաջին ամսին անցորդները դեռ լսում էին նրան, իսկ հետո նրա նստարանին դրված էին ծաղիկներ, չկային ժպիտներ, և լուռ էր կիթառը։ Գևորգը մահացավ սեպտեմբերի 30-ին՝ Երևանի երանգներից մեկն իր հետ տանելով։ Նրանից հետո ոչ մեկը չի նվագում այդ տարածքում։ Նա դարձել էր քաղաքի և այդ փողոցի խորհրդանիշը։ Ասում էր՝ երաժշտությունն իր հետ է, ինքն էլ՝ երաժշտության։ 

Գևորգի նստարանը դատարկ է։ Նրա հիշտակին տարված ծաղիկները թեև թառամում էին, բայց դրանց ոչ ոք չէր դիպչում։            

Լուսանկարները՝ Աշոտ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից   

Գայա Ասոյան

2-րդ կուրս                                                                                                                         

Կիսվել