18-ամյա կրթական «հեղափոխականը» և նրա 120 աշակերտները

18-ամյա կրթական «հեղափոխականը» և նրա 120 աշակերտները

350

«Եղիր բարի, երազիր մեծ, անցիր գործի», հենց այս կարգախոսի կրողն է Իլոնա Սահակյանը,ով 17 տարեկանում բացեց իր ուսումնական կենտրոնը: Իլոնան 3-6-րդ դասարաններում խորացված անգլերեն պարապելուց հետո դիմել է Ամերիկյան համալսարանի նախապատրաստական կուրսերին, որտեղ ևս 2 տարի սովորել է անգլերեն։ Ապա միջազգային ծրագրերին մասնակցության և ինքնակրթության շնորհիվ ավելի է ամրապնդել գիտելիքները:

«12 տարեկան էի, երբ որոշեցի տանը աշակերտներ պահել և նրանց հետ անգլերեն պարապել, առաջին աշակերտս նույնիսկ տարիքով ինձնից մեծ էր և մտածել էր, թե ես ուսուցչի քույրն եմ, ու անակնկալի եկավ, երբ իմացավ, որ հենց ես պիտի պարապեմ իր հետ»:

Հետո արդեն աշակերտների քանակը սկսեց շատանալ․ 1 աշակերտը դարձավ 2 և այդպես շարունակ։ Ինչ-որ պահից արդեն անհնար դարձավ պարապմունքները իրականացնել տան պայմաններում:

Կենտորնում սովորողների թիվն այսօր արդեն հասել է 120-ի, և Իլոնան մտադրություն ունի բացել նոր մասնաճյուղ, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով աշակերտներ ընդունել:

«Հաշվի առնելով հայաստանյան ուսումնական կրթական համակարգը, նկատելով տարբեր խնդիրներ, ունենալով գաղափարներ, որոնք կարող էին բարելավել կրթական համակարգը` ես հասկացա, որ արժե սկսել մի նախագիծ, որը կօժանդակեր այդ գաղափարների իրագործմանը: Այդիսով ստեղծվեց «Կրթական հեղափոխություն» նախագիծը: Եվ հենց այս նախագծի շրջանակներում, ինչպես նաև ծնողներիս օժանդակությամբ հիմնվեց Իլոնա ուսումնական կենտրոնը: Կենտրոնում գործում են նորարարական կրթական մեթոդներ, որոնք, ելնելով ուսումնառողների քանակից և արձագանքներից, կարծում եմ՝ արդարացրել են իրենց»,-նշում է Իլոնան:

Ինչ բացեր է տեսնում Իլոնան այսօրվա մեր կրթական համակարգում, որ որոշել է իր ուսումնական կենտրոնով լրացնել, ասում է. «Ներկայիս կրթական համակարգի բացթողումներից մեկն այն է, որ սովորողները չեն հասցնում ուսումնական ծրջագրերի շրջանակներում, անվճար կրթություն ստանալով հանդերձ, յուրացնել դասերը, և հարկ է լինում վճարել անհատներին՝ կրկնուսույցներին։ Ստացվում է, որ դպրոցը չի ծառայում իր նպատակին: Իսկ արդեն հաջորդ գլխավոր խնդիրն այն է, որ կրթական համակարգում ոտնահարվում են սովորողների ազատ խոսքի և այլ իրավունքներ»:

Իր կենտրոնում, մասնավորապես, կան բավականաչափ տեխնիկական միջոցներ, որոնք ավելի արդյունավետ են դարձնում պարապմունքները: Առանձնացված է ընթերցասրահ, որը հագեցած է արտասահմանյան այնպիսի գրքերով, որոնք դժվար կլինի գտնել Հայաստանում: Աշակերտներն ազատ ժամանակ անցկացնում են թեյախմություններ՝ ընթերցանության ընթացքում: Ամեն բան տարբերվող և յուրահատուկ է այստեղ։ Խմբերն ամերիկյան նահանգների անուններով են՝ Վաշինգտոն, Կալիֆորնիա, Ռոդ Այլենդ և այլն: Կենտրոնի ամենահետաքրքիր հատվածը խոհանոցն է, որտեղ աշակերտները պատրաստում են համեղ ուտեստներ, «երբեմն ոչ շատ համեղ»,-կատակով նշում է Իլոնան։ Պատրաստման ընթացքը նկարում և ներկայացնում են անգլերենով: «Այս ամենի հետ մենք նույնիսկ ունենք խրախուսական մրցանակներ․ օրինակ` մեր  կենտրոնում նույնիսկ 5-րդ դասարանցին ստացել է կրթաթոշակ իր լավ առաջադիմության շնորհիվ»:

Չնայած իր կրթական կենտրոնն ունենալուն, այս ոլորտում «հեղափոխական» լուծումների իր որոնումներին, ինքնակայացման ճանապարհ անցնելու և ուրույն ձեռագիր ստեղծած լինելու հանգամանքին՝ Իլոնան մտածում է իր կրթության մասին։  Որոշել է ուսում ստանալ ԱՄՆ-ում։ Ընտրել է քաղաքականություն, միջազգային հարաբերություններ բաժինը: Սակայն նշում է, որ բոլոր դեպքերում կվերադառնա ու ավելի կզարգացնի այն, ինչ ստեղծել է:

Բացի այդ, Իլոնան ակտիվ զբաղվում է կամավորությամբ:

Իրինա Արևշատյան

3-րդ կուրս

Կիսվել