Կապ, որ կապենք միմյանց

Կապ, որ կապենք միմյանց

451

Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի շենքը՝ կարմիր ու սև տուֆից կառուցված հսկան, շունչ է առել 19-րդ դարի սկզբին և իր հարկի տակ «ապրեցրել» Հայաստանի առաջին հանրապետության Ազգային ժողովը, Երևանի մշակույթի տունը, Հանրային գրադարանը։ Ֆիլհարմոնիկը համարվում է մշակութային կենտրոն, որի դռները միշտ բաց են հետաքրքիր գաղափարներ ունեցող երիտասարդների առջև։ Հենց այդ բաց դռներից այն կողմ էլ հավաքվել են արվեստով ապրող մի խումբ երիտասարդներ և ստեղծել «Կապ» համայնքը՝ նորաստեղծ և տաղանդավոր արտիստների միջև երկխոսություն սկսելու համար։

Կապ, որ կապենք միմյանց

Համայնքի հիմնադիր Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ ստեղծման միտքը վաղուց իր գլխում է էղել։ Որպեսզի այս ամենը «չոր առևտուր» անվանումը չստանար, պետք էր այն համտեսել երաժշտությամբ, ցուցահանդեսով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով։ Համայնքի առաջին նախաձեռնությունը 2023թ-ի հուլիսին կազմակերպված երկօրյա «մարկետն» էր, որի ընթացքում ցուցադրվեցին մեկը մեկից տարբեր տասից ավելի ֆիլմեր, մեկը՝ Կաննից, մի քանիսն էլ ՝ Ոսկե ծիրանից։ Դրանց մեջ տեղ գտան նաև սկսնակ ռեժիսորների գործերը։

«Այս «մարկետի» շեշտը դրված չէր ցուցահանդես-վաճառքի վրա: Բայց, ի զարմանս ինձ, երիտասարդ նկարիչների՝ տարածքում ցուցադրված նկարների մեծ մասն իր նոր տիրոջը գտավ այդ ընթացքում»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի


Նկուղային հարկը ՝ հինգ արտիստի աչքերով

Մասնակցության առաջարկ ստանալուց հետո նկարչուհի Լառա Խաչատրյանը մի քիչ շփոթվել է, որովհետև դա իր առաջին ցուցահանդեսն էր: Կազմակերպիչներից ստացած օգնության միջոցով իր նկարները որակյալ թղթերի վրա է տպագրել, որպեսզի դրանք ավելի տեսանելի լինեն։

«Հաճելի է տեսնել, թե մարդիկ ինչպես են լուսանկարվում քո նկարների մոտ։ Ոչ բոլորն ինձ դեմքով  գիտեին, բայց այդ օրվանից հետո բավականին շատ մարդիկ իմացան իմ մասին, ու միայն լավ արձագանքներ եմ լսել»,- պատմում է Լառա Խաչատրյանը։

Երանուհի Ներսիսյանը նույնպես մասնակցության առաջարկ է ստացել ու համաձայնվել մեծ սիրով։

«Ինձ համար շատ կարևոր է աշխատանքներս ցուցադրելու ցանկացած գաղափար։ «Կապը» ինձ տվեց կապ նոր մարդկանց հետ, միավորեց արվեստագետներին ու ստեղծեց ակտիվ ու հաճելի միջավայր»,- ասում է Երանուհի Ներսիսյանը։

Ցուցահանդեսին մասնակցել են նաև նկարիչներ Ինա Միքայելյանը, Բեռտա Փոլադյանը և լուսանկարիչ Լիլիթ Գալստյանը։

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի

Ջազն անպակաս


«Մարկետի» օրերին 50-ականների ջազը հնչեցրել են Թոնին ու ընկերները։ Թոնին պատմեց, որ Երևան գալուց անմիջապես հետո իմացել է «Կապի» մասին ու մեծ սիրով համաձայնել է մասնակցել։ Որոշ մարդիկ էլ գալիս էին միայն չորս երիտասարդներից բաղկացած խմբին ունկնդրելու և լիցքավորված տուն գնալու համար։

Լուսանկարը՝ Կարեն Հովհաննիսյանի

Սահակյանցի մուլտֆիլմերն ու սկսնակների հաջողված ֆիլմերը

Դեռ մանկուց շատերիս հայտնի մուլտֆիլմերը նորից կենդանացել են էկրանին՝ երեք հարյուր հոգանոց դահլիճում։ «Ձախորդ Փանոսը», «Կիկոսի մահը», «Մկների ժողովը», «Բարեկենդանը» և էլի ու էլի մուլտֆիլմեր են ցուցադրվել: Հայ-ռուսական համալսարանի ուսանող Արթուր Նազարեթյանի նոր ֆիլմը՝ «Սանգրիան» նույնպես հանձնվել է կինոսերների դատին:

«Ձգտող ռեժիսորի համար դա շատ մեծ փորձ և հնարավորություն  էր՝ աշխատանքը համալսարանի պատերից դուրս ցույց տալու համար, այն էլ նման մեծ դահլիճում»,- ասաց Արթուր Նազարեթյանը։

Վիկտորյա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել