Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը՝ նորովի․ դրական և բացասական կողմեր

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագիրը՝ նորովի․ դրական և բացասական կողմեր

775

«Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արդեն վեցերորդ տարին անընդմեջ, ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 360․000 աշակերտների հնարավորություն է տալիս՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցելու իրենց համայնքում կամ ՀՀ ցանկացած այլ բնակավայրում իրականացվող մշակութային միջոցառումների։

Բնականաբար, այն խթանում է նաև մշակութային հաստատություններ այցելությունների թվի աճին, ինչպես նաև՝ այդ հաստատություններին տալիս հնարավորություն՝ մրցակցելու մշակութային այլ կազմակերպությունների հետ հավասար պայմաններում։

Երևանում գործող ամենաակտիվ մշակութային կենտրոններից մեկի՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրենը՝ Ժաննա Մանուկյանը, ծրագրի մասին հետևյալն է նշում․

«Այն, իսկապես, ակտիվացնում է ընդհանուր այցելությունները թանգարան, և դպրոցականների հոսքն էլ դարձնում շատ ավելին, քանի որ, պարզ է, եթե կան տոմսեր, ուսուցիչներն ու աշակերտները երբեմն նաև պարտադրված կամ ստիպված են լինում այցելություն իրականացնել, և եթե նախկինում անվճար էր միայն մուտքը, ապա այս տարվանից, ցանկության դեպքում, ծրագիրը ներառում է նաև անվճար էքսկուրսիա»։

Տնօրենի խոսքով՝ աբոնեմենտային այցելության ձևաչափն այս տարի փոքր-ինչ փոփոխվել է նաև բովանդակային առումով։ Եթե անցած տարիներին կրթական ծրագրերի համար առանձին էին վճարում, և դրանք առանձին ծառայություններ էին համարվում, ապա հիմա՝ ծրագիրը ներառում է նաև ինտերակտիվ մաս։ Թանգարանի համապատասխան ոլորտը համակարգող մասնագետը և տվյալ ուսուցիչը, որը խմբին ուղեկցում է թանգարան, մշակում են ընդհանուր կրթական ծրագիր՝ աբոնեմենտային այցի շրջանակում։

«Մեզ մոտ դեռևս 3-4 կրթական ծրագիր է այս պահին մշակված։ Առաջինն իրենից ենթադրում է ինտերակտիվ էքսկուրսիա, որի ավարտին երեխաները համապատասխան խմբերով լրացնում են աշխատանքային տետրեր։ Մյուսը դասամփոփումն է, կամ՝ «ՉԱՐԵՆՑՅԱՆ հարցախաղը», և երրորդը՝ «Չարենցին հյուր» կրթական ծրագիրը»։

Նկատելի է, որ աշակերտների հետ շատ հաճախ այցելում են նաև ծնողները, որոնց մուտքն անվճար չէ, սակայն ոգևորությունը երեխային ուղեկցելու՝ մեծ է։ Մարզերից եկող ծնողների խոսքով՝ եթե ծրագրից առաջ գալիս-հասնում էին Երևան և ֆինանսական առումով կարողանում այցելել միայն մեկ մշակութային կենտրոն, ապա այժմ այցելում են երկու վայր՝ մեկի արժեքով։

Ըստ Ժաննա Մանուկյանի՝ այցելությունները շատ են թե՛ մարզերից, և թե՛ Երևանի դպրոցներից։ Դրանք հիմնականում կազմակերպվում են համապատասխան դասաժամերի հաշվին, քանի որ, ըստ դպրոցական նոր չափորոշչի, կա բաղադրիչ՝ դասի ամփոփումն իրականացնել համապատասխան մշակութային կենտրոնում։ Այս տարվանից մարզերի դպրոցների համար պետությունը փոխհատուցում է նաև ճանապարհածախսը։

Թե ինչ բացասական կողմեր ունի ծրագիրը՝ տնօրենը նշում է․

«Բացասկան կողմ առայժմ տոմսի արժեքն է, որը թանգարաններին նախատեսվում է փոխհատուցել 300 դրամի սահմանում։ Մենք վերջերս քննարկում ենք ունեցել լիազոր մարմնի և համապատասխան ոլորտը կարգավորող մասնագետների հետ՝ դիտարկելու տոմսի վճարը բարձրացնելու հարցը, որովհետև և՛ թանգարանը և՛ առհասարակ թանագարանի աշխատողը ակտիվ մասնակցություն են ունենում ծրագրի շրջանակներում երեխաների այցի իրականացմանը։ Այսօր, հիմնականում, թանգարաններում չկան 300 դրամ արժողությամբ տոմսեր։ Որոշ քննարկումների արդյունքում, կարծես թե, եկել ենք փոխհամաձայնության, որ, գուցե, առաջիկայում այս հարցը վերանայվի»։

Նշենք, որ «Դպրոցական բաժանորդային համակարգի» ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել 3 հաստատության՝ թատրոնի, թանգարանի և համերգասրահի համար, սակայն 2023-2024թթ․ տոմսերը, որոնք արդեն տպագրվել և բաժանվել են համապատասախան դպրոցներին, նախատեսված են միայն թանգարան և թատրոն այցելությունների համար։ Համերգասրահներն այլևս ծրագրում չկան։

Ասպրամ Համբարձումյան

3-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել