ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

1911

Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսերի մի խումբ ուսանողներ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում այցելեցին ԱԺ։ 2-րդ կուրսի ուսանողները ժուռնալիստի վարպետության դասն անցկացրին խորհրդարանում։ Ապագա լրագրողները հետևեցին նիստի ընթացքին, եղան լրագրողների համար նախատեսված օթյակում, ծանոթացան ԱԺ-ում լրագրողի աշխատանքային գործունեությանը, մասնագիտական նրբություններին, հանդիպում ունեցան ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ, այնուհետև ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչության պետի տեղակալ Հրայր Զորյանի ուղեկցությամբ ծանոթացան վարչության աշխատանքներին։

Խորհրդարանի փոխնախագահը, պատասխանելով ուսանողների հարցերին, խոսեց կրթական համակարգում գոյություն ունեցող խնդիրների մասին և ներկայացրեց իր անձնական փորձը։ Հարցին՝ ի՞նչ  խնդիրների է հաճախ բախվում լրագրողների հետ աշխատելու ընթացքում, նա պատասխանեց․«Լրագրողին Հիմնականում պակասում է զսպվածությունը։ Սուբյեկտիվ վերաբերմունքն ազդում է աշխատանքի որակի վրա: Արդյունքում ձևավորվում են թյուր կարծիքներ»։ Արփինե Հովհաննիսյանը ակնկալում է ապագա լրագրողներից  լինել քաջատեղյակ իրենց լուսաբանած թեմաների մասին, քանի որ միայն այդ դեպքում նա կլինի  մրցունակ ու պահանջված։

Ուսանողների հարցերը  վերաբերում էին նաև մագիստրոսական կրթական ծրագրերին։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, կաներ․«Պետք է այնպես անել, որ ոչ միայն ուսանողը, այլև համալսարանը շահագրգրված լինի մագիստրատուրան մասնագիտացնելու․մագիստրոսական կրթությամբ պայմանավորված՝ առավելություններ կան»։

Ապագա լրագրողներին հետաքրքրեց, թե որն է Արփինե Հովհաննիսյանի մասնագիտական կայացմանը նպաստող գլխավոր սկզբունքը:  Փոխնախագահը պատասխանեց՝ կարևորը մասնագիտությունը շատ սիրելն է, ապա հավելեց․«Սիրով, հավատով, վստահությամբ ու չընկրկելով եմ առաջ գնացել։ Եթե սիրով գործդ չանես, չես հաջողի, եթե վստահ չլինես, անվստահություն ներշնչողները շատ են, եթե հավատ չունենաս, միևնույնն է, ոչնչի չես հասնի, եթե մեկ անգամ ընկրկեցիր, անընդհատ հետ ես գնալու»։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ինքն իրեն բաց է համարում լրագրողների առաջ, իսկ իր լրագրող ուսանողներից միշտ խնդրում է լավ տիրապետել այն նյութին, որի մասին խոսում և գրում են։ Հարցին՝ ում հետ է ավելի հեշտ աշխատել՝ պատգամավորների, թե՞ ուսանողների, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց․ «Պատասխանն ակնհայտ է՝ միանշանակ ուսանողների։ Նրանք ավելի բաց են ինֆորմացիայի համար և ուզում են լսել այն, ինչ դու ասում ես։ Պատգամավորները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, նրանց շահերը և տեսակետներն այլ են»։ Նա նաև անկեղծացավ՝ դասախոսական գործունեության ընթացքում սկզբունք է`աշխատում է խնդրանքով չնշանակել որևէ ուսանողի քննությունը,իսկ եթե խնդրանքն, այնուամենայնիվ, մերժել չի ցանկանում, ապա բոլոր այն ուսանողները, որոնք գտնվում են նույն իրավիճակում, սակայն նրանց համար որևէ մեկը չի միջնորդել, ևս ստանում են քննությունը։

ԱԺ փոխնախագահը պատմեց նաև իր անցած ուղու մասին. «Ստիպված եմ եղել շատ դժվարությունների միջով անցնել։ Երբեք չեմ մտածել, որ քաղաքականություն եմ գալու, դա իմ նպատակը և երազանքը չի եղել, միայն ուզել եմ իմ մասնագիտական կրթությամբ որակ ապահովել։ Իսկ կարծրատիպեր կոտրելը նվազագույնը հետաքրքիր է»։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստի վարպետության դասախոս Տաթև Հարությունյանը, կարևորելով ապագա լրագրողների գործնական հմտությունների զարգացումը, նշեց․«Ապագա լրագրողներին պետք է հնարավորություն տալ լսարանում ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում։ Նման շփումներն օգտակար են այն առումով, որ հետագայում ակտիվ լրագրության ոլորտ մուտք գործելով՝ երիտասարդ լրագրողները կտիրապետեն մասնագիտական հմտությունների ու շատ ու շատ նրբությունների»։

Անուշիկ Յոլչինյան

Լուսինե Մինասյան

Գեղեցիկ Ոսկանյան

2-րդ կուրս

Կիսվել