ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒԳԸ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԱՄՓՈՓՎԵՑ ԵՊՀ ՈՒԳԸ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

1772

Հոկտեմբերի 6-ին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում կայացավ ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովի փակման արարողությունը։ Հոկտեմբերի 2-ից մեկնարկած գիտաժողովը նվիրված է կառույցի հիմնադրման 70-ամյակին։

Զեկուցումներով ներկայացել էին 350 ուսանողներ, որոնցից 50-ը ժամանել էին աշխարհի 14 երկրներից։ Փակման հանդիսավոր արարողությանն իրենց գեղեցիկ համարներն ներկայացրին ԵՊՀ-ի երգչախումբը և պարային խումբը։ Միջոցառման ավարտին պատվոգրեր հանձնվեցին լավագույն զեկուցումներ ներկայացրած ուսանողներին: Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ 1980-2001 թ.թ. ՈՒԳԸ նախագահ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պռոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը։ Ըստ նրա`սա Հայաստանում անցկացվող ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող երիտասարդական գիտական համաժողովն է։ Այս տարի այն ունի ներհանրապետական և միջազգային լայն ընդգրկում։

Պռոռեկտորն անդրադարձավ ՈՒԳԸ վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից մեկին. «ՈՒԳԸ բազմահատոր ժողովածուի հրատարակումը մեր լավագույն նվաճումներից է։ Այն այժմ ունի ժամանակակից ինտերնետային կայք, որտեղ ըստ տարիների ներկայացված են ուսանողների և երիտասարդ գիտնականների աշխատանքները»։ Պռոռեկտորն ուրախությամբ փաստեց`դրանց շարքերը կհամալրվեն նորերով։ Միջոցառման ընթացքում պարոն Մարկոսյանը նաև տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորատը նախատեսում է հատուկ խրախուսման ֆոնդ գիտական խորհրդատուների և ղեկավարների համար։

Ռուբեն Մարկոսյանի ողջույնի խոսքը շարունակեց ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Նա խոսեց օրենքի նոր նախագծի մշակման մասին, որտեղ մեծ կարևորություն է տրվում «գիտություն, բուհ, տնտեսություն» եռանկյունու փոխկապակցված զարգացմանը և հավելեց. «Թող բոլոր կատարվելիք գյուտերը նպաստեն հարձակողական զրահների խոսցմանը»։

ԵՊՀ ՈՒԳԸ գործող նախագահ Մհեր Հակոբյանը խոսեց նախապատրաստական աշխատանքներից, նաև համաժողովի 4 օրերին 17 մասնագիտական բաժանմունքներում հնչած 350 զեկուցումների ու ընթացած թեժ գիտական բանավեճերի մասին։ Տեղեկացնենք, որ ՈՒԳԸ-ն պարբերաբար կազմակերպում է գիտաժողովներ, սեմինարներ և դասախոսություններ`նպաստելով ուսանողության ստեղծագործական ու հոգևոր զարգացմանը։ 70 տարվա գործունեության ընթացքում կառույցին անդամագրված ուսանողների թիվը կազմել է ավելի քան 7500,իսկ այժմ այն ունի մոտ 400 ուսանող֊անդամ։

 

Մոնիկա Մամյան

2-րդ կուրս

Կիսվել