ԻՍՊԱՆԻԱՆ ՀԻԱՑԱԾ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ , ԻՍԿ...

ԻՍՊԱՆԻԱՆ ՀԻԱՑԱԾ Է ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՎ , ԻՍԿ ԳՈՌԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅՈՎ

1903

Իսպանիայի Լորետ դե Մար քաղաքում սեպտեմբերի  24-25-ին կայացավ միջազգային երաժշտական մրցույթ։ Տարբեր տարիքային խմբերում Հայաստանը ներկայացրին Գոռ Թումանյանը, Յուրի Սարգսյանը եւ Գրիգոր Գրիգորյանը։ Հայաստանի պատվիրակությունը սպասում էր, որ մասնակիցներից  գոնե մեկը  կհաղթի  մրցույթում, սակայն,  փայլուն ելույթ  ունենալով ու ժուրիների գոհունակությանը արժանանալով ,երեք տղաներն էլ հաղթող ճանաչվեցին։

  Գոռ Թումանյանը ,ով ելույթ էր ունեցել 15-18 տարիքային խմբում, պատմում է երգարվեստում իր առաջին քայլերի, հաջողությունների ու մրցույթում ունեցած տպավորությունների մասին։

-Ինչպե՞ս սկսեցիք երգել։

-Մայրս ոկալի ուսուցչուհի է, երգել սկսել եմ դեռ մանկուց։ Արդեն 14 տարեկանում ընդունվել եմ Ուջանի երաժշտական դպրոց, ավարտել եմ դաշնամուրի բաժինը, իսկ այս տարի ընդունվել եմ  Երևանի Պետական  կոնսերվատորիա։

-Երաժշտական ի՞նչ մրցույթների եք մասնակցել։

-Մասնակցել եմ թե’ հանրապետական, թե’ միջազգային բազմաթիվ մրցույթների։ «Ոսկե ձայն» միջազգային մրցույթում 1-ին տեղն եմ զբաղեցրել , «Գյումրի վերածնունդ» միջազգային փառատոնում զբաղեցրել եմ 3-րդ տեղը։

-Եթե երգարվեստը չընտրեիք, ո՞ր ոլորտում կլինեիք։

 –Հայրս ատամնաբույժ է, միշտ հետևել եմ նրան։ Սիրում էի այդ աշխատանքը ու ինձ թվում էր, որ արդեն կողմնորոշվել եմ մասնագիտությանս հարցում, բայց հետո հասկացա, որ իմը երգարվեստն է։

-Հիմնականում , ո՞ր ժանրի երգող եք։

-Հիմնականում դասական երգեցողությունն եմ նախընտրում։

Իսպանիա մեկնելիս մտածե՞լ էիք, որ հաղթողը կարող եք լինել Դուք։

-Իհարկե մտածել էի, ավելին ասեմ, ես գնացել էի հաղթանակ բերելու համար։ Երբ բեմ եմ բարձրանում, ձգտում եմ առաջինը լինել։

Մեծ թվով հանդիսատեսի առաջ ելույթ ունենալուց չէի՞ք անհանգստանում:

-Անհանգստություն կար, բայց երբ սկսեցի երգել, հանդիսատեսը առաջին նոտայից սկսեց ծափահարել ու դա ինձ ոգևորեց։

-Ունեի՞ք ուժեղ մրցակիցներ։

-Այո,կային ուժեղ ու արժանի մրցակիցներ։

-Սպասու՞մ էիք, որ երեք հայ մասնակիցներդ էլ առաջին տեղը կզբաղեցնեք։

-Ճիշտն ասած չէինք պատկերացնում, որ նման բան կլիներ։ Ասեմ, որ մրցույթը ուներ ժանրային ու տարիքային սահմանափակումներ, ու երեքս էլ լավ ներկայացանք մեր խմբերում  ու եղավ այն, ինչ եղավ։

Երբ հաղթողների շարքում Ձեր անունը լսեցիք, ի՞նչ զգացիք։

-Ուրախությունս սահմաններ չուներ, իսկ երբ եռագույնը ձեռքիս բեմ բարձրացա, հպարտանում էի, որ ես հայ եմ։

Ի՞նչ տվեց Ձեզ այս մրցույթը։

-Ձեռք բերեցի նոր ընկերներ։ Իսկ ամենակարևորը մրցույթն ինձ տվեց ինքնավստահություն, միշտ առաջ գնալու ու ավելի մեծ  բեմերի հասնելու ձգտում։

Մրցույթից հետո ստացե՞լ  եք նոր առաջարկներ։

-Ուսումս Իտալիայում շարունակելու առաջարկ եմ ստացել, բայց սա որոշակի ֆինանսի հետ է կապված։ Ասեմ, որ երազանքս է Իտալիայի Լա Սկալա օպերայում երգել։

-Իսպանիայում ի՞նչը ավելի շատ դուր եկավ Ձեզ:

-Շատ գեղեցիկ քաղաք էր, ինչ-որ բան կդժվարանամ առանձացնել: Հիացած էի  քաղաքների գեղիցկությամբ, հարուստ բնությամբ ու հնադարյան կոթողներով: Իզուր չէ, որ երազանքս կապում եմ այս քաղաքի հետ:

-Երբ Հայաստան ժամանեցիք, ինչպե՞ս ընդունեցին ձեր խմբին։

-Բոլորիս շատ մեծ ոգևորությամբ ընդունեցին։ Իսկ իմ քաղաքում՝ Աշտարակում, շատ մեծ  ուրախությամբ դիմավորեցին, կարծեցի նորից արաջին տեղն ընկա։

-Ու՞մ եք շնորհակալ Ձեր  հաջողությունների համար։

-Ընտանիքիս ու հարազատներիս, ովքեր միշտ կողքիս են եղել ու վստահել են իմ ուժերին։

Լիանա Բրյան

3-րդ կուրս

Կիսվել