«ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐԱՏԸ ՉԻ ՏԱԼԻՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԷԼ ԿՔԱՆԴԵԻՆՔ»

«ԱՍՏՎԱԾ ԱՐԱՐԱՏԸ ՉԻ ՏԱԼԻՍ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԴԱ ԷԼ ԿՔԱՆԴԵԻՆՔ»

1342

«Երբ նայում ենք բնապահպանական ծրագրերին, բնապահպանական կոնվենցիաներին` ընտիր, նայում ենք իրականությանը` իրականությունը չի համապատասխանում»,-այսպես սկսեց իր խոսքը «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը` բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսին և ավելացրեց, որ հենց դա է եղել ԱԺ-ում իր կողմից բնական աղետների ոչ թե նվազման, այլ ավելացման մասին խոսելու պատճառը. «Անկախության տարիներին մենք հակառակն ենք արել` ոչ թե նվազեցրել ենք աղետների ռիսկերը, այլ ընդհակառակը` բարձրացրել ենք, խիստ ենք բարձրացրել»:

Տիկին Դանիելյանը նշեց հատկապես երկու ոլորտ, որտեղ անխնա քանդումներ են տեղի ունենում ընդերքում` հաշվի չառնելով ո’չ տարածքը, ո’չ ջրային ռեսուրսները. դրանք են հանքարդյունաբերությունը և քաղաքաշինությունը: Թեմայի վերաբերյալ հիշեց մի երիտասարդի ասված խոսքը, որը նրան շատ էր տխրեցրել. «Գիտեք` ինչու՞ Աստված Արարատը մեզ չի տալիս, որովհետև եթե տար, դա էլ կքանդեինք»:

Տիկին Դանիելյանը նաև նկատեց, որ Երևանի քաղաքաշինությունը անկախության տարիներին, հատկապես Հյուսիսային պողոտան, կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել շինություն ժամանակակից քաղաքում, մեր բնակլիմայական պայմաններում, այն էլ աղետների ռիսկերի աճի պայմաններում: «Ասում են, որ ներկայումս կառուցված շենքերը սեյսմակայուն են, բայց մետրոյի կառուցումից հետո մեր ընդերքը չի ուսումնասիրվել. այդպիսի խոշորածավալ շինարարությունից, անընդհատ ընդերքը քանդելուց , այն թուլանում է», – հավելեց բնապահպանը։

Վերջինս իր խոսքը եզրափակեց՝ դպրոցներում «էկոլոգիական հիմունքներ» առարկայի չդասավանդման պատճառների մասին խոսելով. «Պետք է բարձրացնել  բնակչության իրազեկումը, կրթությունը։ Հիմա արդեն աղետների ռիսկերի նվազեցումը ընդգրկված է  դասացանկում և դա շատ լավ է, բայց խնդիրն այն է, որ առաջին հերթին էկոլոգիայի հիմունքներ պետք է դասավանդել  դպրոցում. մարդը նախ պետք է իմանա ինչ անել, որ չառաջանան այդ աղետները, հետո նոր պայքարի դրանց դեմ։ Ցավոք, ԿԳՆ-ն բացարձակ հակաէկոլոգիական դրսևորում է ցուցաբերում»:

 

Մերի Կիրակոսյան

3-րդ կուրս

Կիսվել