«ԵՐԱԶԵՔ ՉԱՓԻՑ ՇԱՏ ՈՒ ՄՏՔՈՎ ՀԱՍԵՔ ՎԵՐՋՆԱԿԵՏԻՆ»․ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

«ԵՐԱԶԵՔ ՉԱՓԻՑ ՇԱՏ ՈՒ ՄՏՔՈՎ ՀԱՍԵՔ ՎԵՐՋՆԱԿԵՏԻՆ»․ ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆ

1377

Ներս մտավ, ընկերաբար ողջունեց Պետական համալսարանի ուսանողներին, ու սկսվեց մշակութային անկեղծ զրույցը։

«Երկու ժամ առաջ եմ եկել Թեհրանից,- ասում էր Արմեն Ամիրյանը,- Ներկա էի Իրանի հետ համատեղ կազմակերպած ցուցահանդեսի բացմանը․ ուրարտական շրջանի ցուցանմուշներն էին․ տեսնել էր պետք»։

Թեև չի սիրում անձի մասին շատ խոսել, բայց պատմեց իր հեռուստատեսային երկար ու ձիգ տարիներից։ «Հեռուստատեսության և ռադիոյի հոբելյանների առիթով տպագրվող գրքի նախապատրաստական աշխատանքներն էի ղեկավարում և զանգահարեցի շատ սիրելի ուսուցչիս՝ Նառա Շլեպչյանին, խնդրեցի՝ իր կենսագրությունը գրի։ Ասաց, թե կարճ է, թելադրեց՝ ծնվել եմ, մի քիչ մեծացել, եկել հեռուստատեսություն ու մինչ օրս էլ այստեղ եմ։ Ինձ մոտ էլ գրեթե այսպես է ստացվել»,- ժպիտով հիշում էր նա։

Լսարանն արդեն կլանված լսում էր․ մշակույթի նախարարի կյանքից փոքրիկ դրվագները գնալով հետաքրքրանում էին։ Հիշում էր, որ դերասան էր ուզում դառնալ, բայց ծնողների պարտադրանքով սկսեց մաթեմատիկա պարապել՝ Պոլիտեխնիկական համալսարան ընդունվելու համար։ «Բարեբախտաբար չընդունվեցի, որովհետև յուրաքանչյուր քննության սկսվելուց 15 րոպե անց ես դրսում էի․ շտապում էի հաղորդման նկարահանումներին։

Ուսանողները հեռուստատեսային տարիների կարոտից խոսեցին, ասում էր՝ կարոտ չկա ըստ էության, որովհետև նույն գործով է զբաղվում՝ պարզապես ավելի լայն հնարավորություններով։ Նախարարն հիշում էր հեռուսատեսությունում ու ռադիոյում  անցկացրած 35 տարիների մասին։ «Իմ ղեկավարության շուրջ 20 տարիներին փորձել եմ անել ամեն ինչ, որ ռադիոեթերը ներծծված լինի մշակույթով»։

Թե այսօրվա եթերում որքանով է ներծծվում այդ մշակույթը հնդկական ու էժանագին սերիալների կողքին, Ամիրյանը վստահեցնում էր, որ միայն հակակշիռ արտադրանք ստեղծելով կարող են էժանագինը դարձնել որակյալ։ «Երբեք չփորձեք լրատվամիջոցին ինչ-որ բան արգելել, ստիպելով հարցը չի լուծվի»։

Ուսանողների հարցերը շարունակվում էին՝ մշակութային մի հիմնախնդրից անցնելով մյուսին։ «Ամեն ինչ միանգամից չի տրվում, անգամ մարդը միանգամից չի ծնվում, պետք է կարողանալ երազներում տեսնել այն վերջնակետը, որտեղ ցանկանում ես հասնել,-հաջողության հասնելու բանաձևերի մեջ առանձնացնում էր նա,- ես պիտի խնդրեմ, որ չափից շատ երազեք։ Երազեք ավելի գործնական, երազներն իրականություն դարձնելու համար»։

 

Աննա Կոստանյան

3-րդ կուրս

Կիսվել