Հոկտեմբերի 13-ին Աբովյան քաղաքի 54-ամյակի առթիվ կազմակերպվեց «Քաղաքն իմ աչքերով» խորագրով կլոր-սեղան քննարկում:
Քննարկման նախաձեռնողն Աբովյանի ակտիվ ուսանողների ուսանողական խորհուրդն էր, որը մեկ հարկի տակ էր հավաքել երիտասարդ և ավագ սերնդի ներկայացուցիչներին, քաղաքի ակտիվ գործիչներին, մտավորականներին և ուսանողներին։
Կլոր-սեղանի հիմնական թեման քաղաքի զարգացման տեսլականն էր՝ գոյություն ունեցող խնդիրներով և հաջողություններով։ Քննարկման ժամանակ ամփոփվեցին նաև քաղաքում կատարված աշխատանքները։
Նման միջոցառումների մշտական մասնակից աբովյանցի երիտասարդ Աիդա Տոնոյանը վստահեցրեց, որ ամեն անգամ մեծ հաճույքով և ոգևորությամբ է մասնակցում հատկապես Աբովյան քաղաքին նվիրված քննարկումներին: Այնուհետև հավելեց, որ Աբովյանի ապագան ավելի լուսավոր և պայծառ է տեսնում, իսկ քաղաքի զարգացման համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աբովյանցու նվիրումը։
Միջոցառման նախաձեռնող Վեներա Գյուլինյանի խոսքով՝ այսպիսի հանդիպումներն արդյունավետ են, քանի որ դրանց արդյունքում երիտասարդների շրջանում ծնվում են հետաքրքրիր գաղափարներ, որոնք նրանք հետագայում կյանքի են կոչում:
Կլոր-սեղանի ընթացքում երիտասարդներն ակտիվորեն քննարկեցին քաղաքի սպորտային, մշակութային և հատկապես տնտեսությանը վերաբերող հարցերը, ներկայացրին իրենց առաջարկները:
Մարիամ Մարգարյան
2-րդ կուրս