ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ «ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԱՆԺԵԼԱ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ՝ «ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ». ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

2381

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հոկտեմբերի 19-ին Եղիշե Չարենցի անվան դահլիճում հյուրընկալեց «Հայելու առաջ» հաղորդման հեղինակ և վարող Անժելա Թովմասյանին։ Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկաըի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ: Հաղորդավարուհին ապագա լրագրողների հետ խոսեց իր անցած ուղու մասին, ներկայացրեց հաղորդավարական աշխատանքի նրբությունները։

Անժելա Թովմասյանը հանդիպման սկզբում ներկայացրեց իր կողմից սահմանված՝ լավ հեռուստամեկնաբան դառնալու մի քանի կետեր: Առանձնացրեց վստահության գործոնը. «Յուրաքանչյուր հեռուստամեկնաբան պետք է վստահություն ներշնչի իր հանդիստեսին: Դու պետք է համոզես հյուրիդ, որ նրան հավասար ես, ընկալում ես նրան, ինչպես նաև տեղեկացված ես նրա կյանքին»: Հաղորդավարուհին կարևորեց նաև հեռուստահաղորդավարի անկեղծությանը. «Շատ կարևոր է հարգել հեռուստադիտողին, նրա հանդեպ լինել անկեղծ, որովհետև հեռուստադիտողը շատ խիստ քննադատ է»:

Անկախության հռչակումից հետո նոր մշակույթ ու նոր քաղաքական հայացքներ ձևավորվեցին․ հենց այդ դժվարին տարիներին Անժելա Թովմասյանը սկսեց ոտք դնել հեռուստատեսություն՝ հիմնադրելով իր «Հայելի» ակումբը։ Հարցին՝ ինչո՞ւ է իր հեղինակային հաղորդումը կոչվում «Հայելու առաջ», նա պատասխանեց․ «Ես մարդկանց շատ եմ սիրում, հայելու առաջ մարդու դիմագիծն է, նրա տեսակը»։

Ուսանողներին հետաքրքրեց նաև՝ ինչպե՞ս ծնվեց «Հայելին ձեր տանը» հաղորդաշարը՝ հեռուստադիտո՞ղն էր ցանկանում տեսնել քաղաքական գործիչներին այդ ձևաչափով: Հաղորդավարուհին պատասխանեց. «Ոչ, դա ես էի շատ ցանկանում, հասունացել էր իմ մեջ այդ պահը, որպեսզի նմանատիպ հաղորդում ստեղծեի: Ինձ շատ հետաքրքիր էր այդ մարդկանց մասին խոսել, նրանց բացահայտել ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես հասարակ քաղաքացի, ծանոթանալ ընտանեկան միջավայրին»:

Անժելա Թովմասյանը նշեց, որ հաղորդման նախապատրաստական փուլում յուրաքանչյուր հյուրի համար հարցաշար է կազմում՝ հնարավորինս շատ տեղեկություններ հավաքելով նրա մասին։ Անժելա Թովմասյանի համոզմամբ՝ նույնիսկ ամենապրոֆեսիոնալը երբեմն կարող է սայթաքումներ ունենալ՝ օրինակ բերելով հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին․«Ձեր պրոֆեսիոնալիզմով դիմացինի հանդեպ ձեռք եք բերում հարգանք և վստահություն»։

Անդրադարձ կատարվեց նաև «Հայելու առաջ» հաղորդման ձևաչափին։ Հեղինակի խոսքերով՝ հաղորդման շրջանակներում չկա որևէ սահմանափակում։ Թե ինչպես է Անժելա Թովմասյանն ընտրում իր հաղորդման հյուրերին, նա պատասխանեց․«Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե հետաքրքիր են, կան մարդիկ և անհատականություններ, որոնք իրենց դերով են նշանակալի»։

Յուրաքանչյուր հաղորդման վերջում Անժելա Թովմասյանը միշտ նույն հարցերն է հղում հյուրին՝ փորձելով հնարավորինս բացահայտել նրան: Այս առիթով հաղորդավարուհին պարզաբանեց․«Հարցերի պատասխանները հուշում են մարդու գաղափարների, էության ու մտավոր զարգացվածության մասին, սակայն, ցավոք, նրանք ոչ միշտ են անկեղծ»։

Ապագա լրագրողներին հետաքրքրեց նաև՝ կա՞ այնպիսի մարդ, որին Անժելա Թովմասյանը երբեք չի հրավիրի տաղավար։ Հաղորդավարուհին պատասխանեց, որ չկա այդպիսի անհատ, այլ իր տեսադաշտում կան չորս մարդիկ, որոնց հետ կուզենար ունենալ հարցազրույց, սակայն չի կարող։

2-րդ կուրսի ուսանող Վիտալի Գրիգորյանի հարցին՝ ի՞նչն է այսօր մեդիայում հարցազրույցի ժանրում բացակայում և ինչո՞ւ ազատ չեն լրագրողները, Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Եթե քեզ լայն հնարավորություն է տրվել, պետք է այն օգտագործել, սակայն կա 3 անուն, որ իրավունք չունես բարձրաձայնել և կան կոնկրետ հյուրեր, որոնց չի կարելի հրավիրել հաղորդման, հակառակ դեպքում դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել»։

Ուսանողուհի Մարի Արշակյանի հարցին՝ Անժելա Թովմասյանին հյուրի մեջ ի՞նչն է հունից հանում, նա հակիրճ պատասխանեց. «Տգիտությունը. այն հզոր զենք է»։

Հեռուստահաղորդավարուհին այն համոզմանն է, որ լրագրողը պետք է բազմակողմանի զարգացած լինի, ինչի համար ապագա լրագրողներին խորհուրդ տվեց շատ կարդալ՝ հիշելով Լևոն Ներսիսյանի խոսքերը.«Ամեն ինչ գրականության մեջ ասված է»։

Խոսելով նաև մասնագիտական նրբություններից և էթիկայի դրսևորումներից՝ նա հավելեց. «Հեռուստադիտողը քեզնից միշտ ավելի խելոք է․ հարգե´ք ձեր հեռուստադիտողին»։

Հանդիպման ավարտին 2-րդ կուրսի ուսանող Ռուբեն Բանուչյանն Անժելա Թովմասյանին տվեց իր իսկ հաղորդման 3 ավանդական հարցերը՝ ինչպե՞ս է կյանքն ապրել իր համար, Աստծո առաջ, մարդկանց համար և ինչի՞ց է վախենում, ամաչում: Անժելա Թովմասյանը պատասխանեց. «Սարսափում եմ, որ ինձ պետք է հողին հանձնեն, ես սիրում եմ կյանքը․ այն գեղեցիկ եմ ապրել, կյանքի ամեն ակնթարթ պետք է սիրել ու վայելել, իսկ Աստծո առաջ մեղավոր ենք բոլորս»:

 

 

Արուս Միրզոյան

Անուշ Յոլչինյան

Մարիամ Մարգարյան

2-րդ կուրս

Կիսվել