Զրուցակիցս Մարիամ Աղաբաբյանն է։ Վերջերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Մարիամի և Իրինա Ղուլինջարյանի «Մի պատառիկ Կողբից» ցուցահանդեսը։
Մարիամը սովորում է Խ․Աբովյանի անվան ԵՊՄՀ-ի գեղարվեստական կրթության դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում, սովորելուն զուգընթաց կարպետագործություն է դասավանդում Մուղդուսյան արվեստի կենտրոնում։
-Ե՞րբ սկսեցիք զբաղվել նկարչությամբ։
– Նկարել սկսել եմ 16 տարեկանից: Սովորել եմ Կողբի գեղարվեստի դպրոցում, այնուհետև ուսումս շարունակել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական արվեստի բաժնում։
-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ նկարելիս։
-Ինձ համար հիմնականում ոգեշնչման աղբյուր է հանդիսանում Հայաստանի չքնաղ բնությունը, հայրենի ծննդավայրս՝ Կողբը, մարդկային հոգեվիճակները և, առհասարակ, ինձ շրջապատող ամեն ինչ:
-Շատ գույնզգույն են Ձեր նկարները, արդյոք ունե՞ք նախընտրած երանգ։
-Յուրաքանչյուր գույն յուրովի նշանակություն ու դեր ունի իմ ստեղծագործությունների մեջ։ Նախընտրած գույն չունեմ, սիրում եմ բոլոր գույները, որոնք կարող են հետաքրքիր երանգ հաղորդել թե ստեղծագործական կյանքիս, և թե անձնական:
-Մարիամ, ունե՞ք արդյոք սիրելի նկարիչներ, քանդակագործներ կամ էլ կարպետագործներ։
-Իհարկե ունեմ, հաճախ նրանք ինձ համար ոգեշնչման աղբյուր են հանդիսանում:
-Կա՞ ինչ-որ մեկը, ով ուղղորդում է Ձեզ։
-Ծնողներս շատ մեծ դեր ունեն իմ կյանքում, հենց նրանք են իմ մեջ սերմանել այն մեծ սերը, որ ունեմ արվեստի հանդեպ, և նրանց շնորհիվ է, որ կարողանում եմ առաջ շարժվել և հասնել նպատակներիս:
-Եթե չզբաղվեիք արվեստով, ապա ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
-Ճիշտն ասած ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում:
-Վերջերս ՆԱՄ-ում տեղի ունեցավ «Մի պատառիկ Կողբից» ցուցահանդեսը։ Սա Ձեր առաջին ցուցահանդեսն էր, ինչպիսի՞ն էին ակնկալիքները, և արդյոք դրանք իրականացա՞ն։
-Նախևառաջ շատ հուզված էի, անկեղծ ասած, չէի կարծում, որ ցուցահանդեսին ներկա կլինեն այնպիսի մարդիկ, ինչպիսիք ներկա էին, հավաքվել էին արվեստագետներ և արվեստասերներ: Սպասելիքներս ավելի քան արդարացան, ամեն ինչ տեղի ունեցավ սպասվածից լավ:Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այդ հիշարժան օրը իմ կողքին էին :
-Ի՞նչն եք ամենաշատը կարոտում Կողբում։
-Կարոտում եմ Կողբիս ամեն մի փոքրիկ պատառիկը(ժպտում է)։
-Ո՞րը կլինի ձեր հաջորդ թեման։ Ի՞նչ ծրագրեր ունեք։
-Առաջիկա ծրագրերի մասին դեռևս չեմ ցանկանում խոսել:
Գայանե Հովսեփյան
2-րդ կուրս