ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ

ՀԱՅ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՖԻԼՄԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ

1239

Ճապոնական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 19-ին՝ Մոսկվա կինոթատրոնում։ Կինոփառատոնը կազմակերպվեց ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի աջակցությամբ՝ նվիրված հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին։

ՀՀ-ում Ճապոնիայի լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչին, հայերենով ողջունելով հանդիսատեսին, իր խոսքում ևս մեկ անգամ կարևորեց Հայաստան-Ճապոնիա փոխհարաբերություները և հրավիրեց ներկաներին ֆիլմի միջոցով առավել մոտիկից ծանոթանալ ճապոնական կինոարվեստին և մշակույթին։ Այնուհետև «Հիկարի» գիտակրթամշակութային կենտրոնի տնօրեն Կարինե Փիլիպոսյանը խոսեց կինոփառատոնում տեղ գտած ֆիլմերի ընտրության սկզբունքի մասին՝ նշելով, որ առանձնացվել են տարբեր թեմաներով 7 ֆիլմեր, որոնք սյուժետային գծից զատ պետք է օգնեն հանդիսատեսին բացահայտել ճապոնական սովորույթները, կենցաղը, միջավայրն ու մշակութային արժեքները։
Բացի Երևանից ֆիլմերը հասանելի կդառնան նաև Էջմիածին և Գյումրի քաղաքներում բնակվող արվեստասերի համար։

Մինչ ռեժիսոր Յուզո Ասահարայի «Պատմություն սամուրայական խոհանոցի մասին. իրական սիրո պատմություն» ֆիլմի ցուցադրումը ճապոնասերները գեղարվեստական ղեկավար Գոռ Մելքումյանի երգչախմբի կատարմամբ վայելեցին ֆիլմերում ընդգրկված երգերից մի քանիսը, այդ թվում «Երգը քո շուրթերին» ֆիլմից «Թեգամի» կատարումը, ինչպես նաև հնչեցին կոմիտասյան «Էս առուն ջուր է գալի» և «Ախ, մարալ ջան» ստեղծագործությունները։

Ֆիլմի ավարտից հետո հանդիսատեսին տրվեցին հարցաթերթիկներ, որոնք օգնում էին ամբողջացնել միջոցառումից ստացած տպավորությունները՝ թողնել կարծիքներ, առաջարկություններ, և եթե այդպիսիք կային, նաև՝ բողոքներ։

Հաջորդ ֆիլմի՝ «Երաժշտախմբի ճագարն ու տղան» ցուցադրությունը կայացավ հոկտեմբերի 21-ին ՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում` անգլերեն ենթագրերով:

 

Մերի Շամիրյան

2-րդ կուրս

Կիսվել