«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ ԽՈՒԶԵԼՈՎ ՎԱՐՍԱՎԻՐ ԴԱՌԱ». ԳՅՈՒՄՐԻԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՎԱՐՍԱՎԻՐԸ

«ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ ԽՈՒԶԵԼՈՎ ՎԱՐՍԱՎԻՐ ԴԱՌԱ». ԳՅՈՒՄՐԻԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ՎԱՐՍԱՎԻՐԸ

2619

Հայրաքաղաք Գյումրի այցելելու բազմաթիվ պատճառներից մեկը հանրապետության ամենահին վարսավիրանոցը տեսնելն է։ Վարդանանց հրապարակից քիչ վերև բարձրացողին միանգամից կգրավի ապակե լայն պատուհաններով ծաղկանոցի նմանվող շինությունը` վրան սպիտակ մեծ տառերով գրված` Վարսավիրանոց։ Նախկին կենցաղասպասարկման թիվ 1 վարսավիրանոցը «Լյուքս» անվանեց սրահի ամենատարեց վարսավիր Խանաև Արիստակեսյանը, ով արդեն 61 տարվա փորձ ունի այս գործում:

Վարպետը պատմում է` մինչև բանակ գնալը  աշխատել է Լենինականի հզոր գործարաններից մեկում` Մսի կոմբինատում: Հետո, երբ վերադարձել է, հայրը ձեռքն է տվել սանրներն ու մկրատը:

«Հարևաններիս գլուխները խուզելով վարսավիր դառա»: Իհարկե, կատարելագործվել ու հմտացել է Գյումրվա հին վարպետների մոտ: Հիմա օրհնում է հորը` արհեստի տեր է դարձել, իսկ արհեստավորը մինչև օրվա կես է սոված մնում: 61 տարվա ընթացքըւմ միայն 2 տարի է ընդմիջել, այն էլ որդու առողջական խնդիրների պատճառով: Վարպետ Խանիկը` նա այսպես է հայտնի ողջ Գյումրիում, ցավով ու ափսոսանքով է հիշում անցած-գգնացած տարիները: «Լեննագանս փոխին, առաջվա ղայդին քաղաքից բան չմնաց: Երկրաշարժը շենքերն ու գործարաններն ավիրեց, խեղճ մարդկանց էլ  մեր   «տերերը»  քշեցին երկրից: Մարդ չմնաց: Առաջ մենակ ես ժամում 7-8 հոգի կսպասարկեի, իսկ վարսավիրանոց 100 հոգի մարդ կմտներ, կելներ: Հմի սաղ քաղաք 100 հոգի մարդ չես գտնի…»: Փոխվել է Գյումրին, ու փոխել է իր կենցաղավարությունը գյումրեցին, իսկ քաղաքի ամենահին վարսավիրանոցում պահպանվել են հին կարգերն ու սովորույթները: 77 տարի է անցել սրահի հիմնադրումից և այն ընդամենը 2 անգամ է վերանորոգվել: 80-ականների բազկաթոռներ, հին բայց որակյալ սանրեր, մկրատներ ու չխամրող հայելիներ: Վարպետ Խանիկը հպարտանում է՝ ձեռքին 50  տարվա ընկեր-սանրն է, որ չի փոխի ոչ մի նորաոճ գործիքի հետ: Խնամքով պահված են նաև ջրաեռուցիչն ու դույլերը՝ ջուր տաքացնելու և հաճախորդի գլուխը լվանալու համար: Իսկ դե հաճախորդներն էլ վստահում են վարպետներին. հին թե նոր գործիքներով, իրենք լավ գիտեն իրենց անելիքը:

Սկզբում որդու, հետո թոռի ու ծոռի ձեռքը բռնած գալիս են հաճախորդներն ամեն կիրակի, եթե նույնիսկ գործ չկա, կարելի է զրույց անել կամ օրվա կեսին նարդի ու շախմատ խաղալ…

Ամենակոլորիտային վարսավիրանոցի երկարակեցության գատնիքը սրտացավ  աշխատողների մեջ է: «Պատն օր թեթև ճաքմ էլ տա, հերթով կելնինք կնայենք, կսարկենք մեր տան պես: Երկրաշարժին իրեք օր պահակություն էրինք, օր չավիրեն: Տեր չեղնեինք, վաղուց քանդվել էր մյուսների պես»:

Նույն հոգեբանությունն էլ սերմանում են աշակերտների մեջ: Վարպետ Խանիկը պատմում է՝ 150-ից ավելի աշակերտներ է ունեցել: Հիմա իր կողքին աշխատում են աշակերտները, նույնիսկ աշակերտների աշակերտները: Սիրով է փոխանցում տարիների փորձը ու պահանջում լինել իրենց վարսավիրանոցին արժանի սան: Հետն էլ կատակում է՝  «սկսնակ վարսավիրն օր առաջի ամիսը 3  հատ անկաջ չկտրեց, մարդ չի դառնա»: Դե, բայց ինքը սահմանափակվել է  մի քանի վնասվածքներով՝ ականջի շրջանում:

Վարպետի վարսավիական աթոռին նստել են Մհեր Մկրտչյանը, Հովհ. Շիրազը ու շատ դերասաններ Աճեմյանի թատրոնից: Հիշում է՝ մի անգամ Իսահակյանին էլ է սպասարկել: «Անցան էդ համով-հոդով տարիները, հեչ պարապ չէինք մնա, ծանրաբեռնված էինք, բայց անհոգ ու անդարդ… լավ ժամանակներ էին…»:

Վերջին խոսսքերը մի կերպ ասաց, հազիվ լսելի ձայնով: Ամբողջ ընթացքում ծխում էր, հանգցրեց ծխախոտն ու գլխով հասկացրեց՝ վերջ: Վեր կացավ ու միայն այդ պահին նկատեցի՝ աջ ոտքից կաղում էր: Զգույշ հարցրի պատճառը «Երկրաշարժին աջ թևս ու ոտս վնասվել է, շուրուպներով է ձգած, բայց դե սանր բռնեգը…»:

Շնորհակալություն հայտնեցի զրույցի համար և առողջություն մաղթեցի: Ժպտաց…: Տեսածս ամենաբարի ժպիտն էր, ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրի սպիտակած մորուքի տակից…

 

 

Աիդա Կիրակոսյան

2-րդ կուրս

Կիսվել