ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՏԻՎ Է

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՏԻՎ Է

1469

Վաղուց էի որոշել մեկ անգամ էլ հանդիպել հորս մարտական ընկերներին`նորից զրուցելու, հուզվելու, ոգեշնչվելու:

Զրուցակիցս`Ղուկասյան Վահագը, նույն ինքը մահապարտ Վահագը պիտի լիներ: Զանգահարեցի նրան. Սիրով ընդունեց առաջարկս, իսկ հետո ասաց, որ նույն օրը Մհեր Գինովյանը`Ռազվետկի Չուգունը նույնպես իր հյուրն է լինելու: Ուրախացա: Նրանք իրար չէին լրացնում: Երկուսի խոսքերն էլ վերապրած էին: Հացի սեղանի շուրջ գրեթե երեք ժամ զրուցեցինք:

՞րն է ապրելու առաջին պայմանը:

-Որոշ մարդկանց համար սնունդը, որոշների համար պատիվն է, որն ավելի բարձր է. խորոված ես կերել, թե փլավ, կարևոր չի, կարևորը արժանավայել ապրես: Խոսքս շքեղ պալատի մասին չի: Հայրս միշտ ասում էր. քանի ես կամ, դուք կարող եք ապրել իմ անունով. Կասեն Համբոյի տղեն է, խնդիր չկա: Ապրելու առաջին պայմանը այն է, որ փողոցով քայլելիս ոչ աչքդ փախցնես`չբարևելու, ոչ գլուխդ կախես, ոչ էլ վախենաս,- պատասխանեց Վահագը:

Մհերը լուռ լսում էր, ու հենց հերթն իրեն հասավ մի պահ ժպտաց ու պատասխանեց.

-Ապրելու առաջին պայմանը արարելն է ինձ համար: Արարել ոչ միայն նյութականը, այլև պատիվ, անուն, սեր, երջանկություն: Այսօր ցանկացած մարդու, եթե անգամ նա չի եղել զորավար, այլ եղել է հասարակ տակառ նորոգող, եթե իր գործը լավ է անում և ճիշտ է արարում, կհիշեն, հաստատ կհիշեն:

-Պատիվ-խաղաղություն անուղղակի կապ գոյություն ունի՞:

-Կապ կա…  Խաղաղությունն ինքնին պատիվ է: Պատիվն ինքնին խաղաղություն է ,- ասաց Մհերը

-Երկու անգամ պատերազմ գնալու որոշում եք կայացրել: Ինչպե՞ս է ծնվում այդ որոշումը:

-Դաստիրակությունն է ծնում,- կամաց ասաց Վահագը:

-Այո, համաձայն եմ. տնեցիք սպասում էին ու վախենում, բայց ի զօրու էին հնձել այն, ինչ ցանել էին իմ մեջ մանուկ ժամանակ: Արյան կանչն էր․․․ Դե՜, ոչ թե ծնվեց այլ զարթնեց այդ որոշումը։ Պատերազմը չի սկսվում, այն նորից է սկսվում։

-Ի՞նչ է հայրենասրությունը:

-Հայրենասրությունը սահմանին կանգնած զինվորն է: Ծրագրավորված ու գիտակցված տեղից պոկվելն ու սահման հասնելն է : Մեզ ոչ ոք չի տարել, մենք գնացել ենք,- ասում էր մահապարտը:

-Միշտ խուսափել եմ այդ հարցից: Ոչ թե չեմ հասկացել` ինչ է այն, այլ չեմ ուզել որևէ կերպ նյութականցնել: Բառերն ինքնին նյութականացնում են այն: Հայրենասիրություն ասվածը, իրականում, ազգի ապրելու ոճն է: Այն պիտի ապրի ոչ միայն սահմանին, այլև հենց այստեղ` մեր մեջ, ողջ ազգի մեջ: Ասել` ես գնացել եմ սահման, ուրեմն հայրենասեր եմ, դու չես գնացել` հայրենասեր չես, միանշանակ սխալ է,- ասաց Մհերը:

-Պատերազմը փոխե՞ց ձեզ:

-Փոխեց, բայց չփոխեց ,- ծիծաղեց Վահագը:

Մհերը հարցս կրկնեց ինքն իրեն ու պատասխանեց.

-Որպես մարդ` դժվար թե, բայց ամեն իրադարձություն փոխում է մարդու մտածողությունը: Մինչ սահմանում թշնամու վրա առաջին անգամ կրակելս, ինձ համար զենք բռնելը արդեն իսկ հանցագործություն էր, վերջիվերջո մարդ ես սպանում, ոչ թե հավի վիզ ես կտրում: Բայց պատերազմի ժամանակ ես, Վահագը, հայրդ, ու մյուսները կրակեցին: Փոխե՞ց… Մարդը կրակեց, թեկուզ ազգի պաշտպանության համար, չէ՞: Տասնվեց տարեկանում ինչի մասին պիտի մտածի մարդը: Ուսման, սիրո բերկրանքի, երջանկության: Բայց ես տասնվեցում երկրիս խաղաղության մասին էի մտածում: Փոխե՞ց … Երբ ամենամոտ ընկերդ կողքիդ անշնչացած ընկած է, չես փոխվո՞ւմ: Փոխվում ես, սկսում ես չարանալ, կարծրանալ: Երբ խոստանում են քեզ ինչ որ պաշտոն, որ հրաժարվես այս ամենից, այ այստեղ չփոխեց, որովհետև հիմա ոչ թե գեներալ եմ, այլ շինարար:

-Պատերազմը ավարտվել է թե՞ շարունակվում է:

-Զինադադարը պատերազմի ավարտ չէ: Մեր պատերազմի սկիզբն ու ավարտը չի հայտարարվել,- ասաց Մհերը:

-Պատերազմը երբեք չի ավարտվի քանի դեռ կան հայ և թուրք ազգերը,- ամփոփեց Վահագը։

 

Մարինե Երեմյան

3-րդ կուրս

Կիսվել