Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում շուրջ 250 երեխա է մարզվում ցանցացատկ մարզաձևով: Մարզադպրոցում մարզվող երեխաներից 15-ը մանակցել են Կրասնոդար քաղաքում կայացած բաց առաջնությանը, այստեղ նրանք մրցել են տարբեր երկրները ներկայացնող ավելի քան 350 մարզիկների հետ, և նվաճել են 5 ոսկե, 4 արծաթե և 3 բրոնզե մեդալներ: Մարզադպրոցի սաները շարունակում են մարզվել. 10 մարզիկներ պատրաստվում են Հայաստանը ներկայացնել դեկտեմբերին կայանալիք Կրասնոդարի բաց առաջնությունում:
«Մարզաձևն ունի մի խոցելի կողմ. այն չի ֆինանսավորվում և այդ պատճառով էլ երեխաները չեն կարողանում մասնակցել ավելի մեծ մասշտաբով մրցումների: Տարին ամենաքիչը 2-ից 3 մրցում պետք է կազմակերպվի, բայց դա էլ չի լինում: Վերջին տարիներին մարզադպրոցը մարզագույք է ստացել Ռուսաստանի հայ համայնքի կողմից»,- ասաց Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի նախագահ, գինեսի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը:
Ցանցացատկը կամ բատուտը օլիմպիական մարզաձև է, գեղարվեստական մարմնամարզությունից և ակրոբատիկայից հետո հաջորդ ձևն է մարմնամարզության մեջ:
«Այս մարզաձևով զբաղվում են հիմնականում տղաները, նրանք, մասնակցելով թե՛ միջազգային, թե՛ Հայաստանում տեղի ունեցող մրցումներին, գրանցել են լավ արդյունքներ: Հաջորդ տարի մասնակցելու ենք ավելի մեծ մասշտաբ ունեցող մրցումների, որտեղ արդեն հանդես կգան մեծահասակները»,- նշեց պարոն Ֆահրադյանը:
Բատուտը գնալով զարգանում է, և օր օրի շատ ու շատ երեխաներ են հաճախում մարզադպրոց: Այստեղ կան տարիքային տարբեր խմբեր՝ 6-ից մինչև 17 տարեկան:
«Սիրում եմ զբաղվել ցանցացատկով, քանի որ այն օգնում է ավելի ճկուն դառնալ: Ցանկանում եմ հետագայում շարունակել մարզվել այս մարզաձևով և երազում եմ մասնակցել Օլիմպիական խաղերին»,- ասաց մարզադպրոցի սան, 13-ամյա Գագիկ Խաչատրյանը:
Մարզիչները վստահ են, որ մարզաձևը կշարունակի զարգանալ Հայաստանում և մարզադպրոցը ապագայում կտա այնպիսի մարզիկներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն միջազգային ճանաչում ունեցող մրցումներում: Ըստ նրանց՝ երեխաները մի օր կիրականացնեն իրենց երազանքները և կմասնակցեն Օլիմպիական խաղերին:
Աննա Բզնունի
3-րդ կուրս