ԷՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԼՈՒՅՍԸ ՑԱՎԻ ՄԵՋ…»

ԷՄՄԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ. «ԼՈՒՅՍԸ ՑԱՎԻ ՄԵՋ…»

3240

 

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի նկարիչների միության տանը տեղի ունեցավ երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի նկարների երկրորդ ցուցահանդեսը: Նկարչուհու առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 2015 թվականին:

Նկարելու առաջին քայլերն Էմման արել է 7-8 տարեկանում, իսկ նկարչությամբ սկսել է զբաղվել 10-ը տարեկանից:

-Տասը տարեկանում Էմման մուգ կապույտ ֆոնի վրա մռայլություն էր պատկերել, իսկ մեջտեղում՝ պայծառ, դեղին ծաղիկ, ինչը կարծես լույս էր ընծայում: Թվում էր՝ նկարի միջից էլեկտրական լույս է վառվում,- ասաց Էմմայի մայրը՝ Նաիրա Թումանյանը և ավելացրեց, որ հենց դա եղավ Էմմային Պատանի հանդիսատեսի թատրոնի նկարչական խմբակ տանելու պատճառը, որտեղ նա սովորեց մեկ տարի: Նկարչական դասեր Էմման առել է նաև Հ.Կոջոյանի անվան դպրոցում: Էմման առաջին աշխատանքները գուաշով է նկարել. երկու տարի է, ինչ յուղաներկով է նկարում:

Ցուցահանդեսին արվեստասերների ուշադրությանը ներկայացվեց 40 կտավ-յուղաներկ: Թեմատիկան տարբեր է՝ սեր ու կարոտ, վիշտ ու տխրություն, ցավ ու տառապանք, բայց որքան էլ նկարները տխրություն արտահայտեն, Էմման իր ցավը ներկայացնում է լույսի մեջ: «Լույսը ցավի մեջ» Էմմայի նկարները այսպես բնութագրեց ցուցահանդեսի մասնակից՝ Գայանե Աթանեսյանը:

-Էմման բավականին ուժեղ բնավորություն ունի, երբեք չի կոտրվում, նա իր ներաշխարհը բացահայտում է նկարներում: Նայում ես պարզ, պրիմիտիվ նկարներ են, բայց մեջը ծանրություն կա: Ես ստեղծագործող չեմ, մասնագիտությամբ ինժեներ եմ, բայց Էմմայի նկարները նստվածք են թողնում, ազդում են,- նշեց մայրը:

Էմմայի ընտանիքի արյունակից բարեկամ, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանն ասաց.

-Էմման շատ լավ, ջերմ, հաճելի աղջիկ է: Նրա նկարներում երևում է, թե նա ինչպիսին է տեսնում աշխարհը, ինչ հայացքով է աշխարհին նայում, կարևորը՝ ամեն նկար իր ասելիքն ունի:

«Սուրբ ակնթարթ», «Ահա և վերջ», «Չինովնիկները», «Ի՞նչ անել», «Նույնականացում», «Օտարվածը», «Կասկածներ», «Պատերազմ», «Արցախյան լուսաբաց», «Մայրպահապան», «Վտանգ», «Արժեզրկում», «Միակը», «Մղձավանջ», «Անուրջների գրկում», «Փրկություն», «Ակունքներ», «Ձգտում», «Մեղանչում», «Գնչուհին» վերնագրերը կրող ստեղծագործությունները բացահայտում են Էմմա Թումանյանի ինքնատիպ ու յուրահատուկ աշխարհը, բայց նա առանձնացրեց հատկապես «Ադաթ»-ը, իսկ վերջում ավելացրեց, որ իր կտավներում ամենաշատը սիրում է սև ու կարմիր երանգները:

Գայանե Հարոյան

2-րդ կուրս

Կիսվել