ԻՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՊԱԳԱ ԼՈՒՐՋ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ. ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆ

ԻՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԵՋ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՊԱԳԱ ԼՈՒՐՋ ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՆ. ՏԱԹԵՎ ՂԱԶԱՐՅԱՆ

3090

Նոյեմբերի վեցին Մուղդուսյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Համազգային թատրոնի դերասանուհի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Տաթև Ղազարյանի հետ։ Այն կազմակերպվել էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հեռակա  5 -րդ կուրսի ուսանողների համար՝ մշակութային լրագրություն առարկայի շրջանակներում։ Հանդիպմանը դերասանուհին պատասխանեց ապագա լրագրողների հարցերին, խոսեց իր անցած ուղու, մասնագիտական ընտրության և այլ  թեմաների մասին: Ի թիվս այլ հարցերի, ուսանողները հետաքրքրվեցին, թե ինչու է դերասանուհին ընտրել  հենց թատրոնի դերասան լինելը, ոչ թե կինոյի, կամ, որ ավելի տարածուն է հիմա, սերիալի դերասան լինելը: Հարցին ի պատասխան Տ. Ղազարյանն ասաց. «Ես փորձել եմ. ժամանակին Սոս Սարգսյանը, որի արվեստանոցում ուսանելու պատիվ եմ ունեցել, ասում էր ինձ՝ փորձիր, պետք է հենց պրոֆեսիոնալները խաղան սերիալներում: Սակայն ինքս այնտեղ որոշ ժամանակ մնալով՝ հասկացա, որ չեմ կարող, և չեմ կարող առաջին հերթին ազնիվ չլինել ուսանողների հետ. չեմ կարող ուսանողներիս ասել՝ այսինչ բանը ոչ պրոֆեսիոնալ է, հաջորդ օրը գնալ, սերիալում խաղալ ոչ պրոֆեսիոնալ միջավայրում»: Այդուհանդերձ, նրա խոսքերով, ինքը չի մեղադրում այն դերասաններին, ովքեր խաղում են սերիալներում. տարբերակ չկա, թատրոնի դերասանների աշխատավարձերը չափազանց ցածր են: Ու չնայած սրան, դերասանուհու խոսքերով, այսօր Հայաստանում թատրոնը զարգացում է ապրում, ծաղկում, ի տարբերություն կինոյի, որի ստեղծման համար լուրջ ֆինանսական ներդրումներ են հարկավոր:

Նշենք, որ Տ. Ղազարյանը դասավանդում է նաև ԵԹԿՊԻ-ում՝ բեմական խոսք առարկան, ուստի ուսանողներին հետաքրքրում էր՝ արդյոք իրենց տարեկիցների մեջ արդեն կա՞ն խոստումնալից երիտասարդներ. «Հավատացե՛ք, հիմա արդեն ես տեսնում եմ իմ ուսանողների մեջ ապագա լուրջ դերասաններ, վստահ եմ՝ վաղը նրանցից ոմանց մասին մենք հաստատ իմանալու ենք»,-նշեց նա:  Տաթև Ղազարյանը հավաստիացնում է՝ ինքը լավատես է, և համոզված է՝ ապագան ավելի խոստումնալից է:

Հանդիպման ավարտին դերասանուհին բոլոր ներկաներին հրավիրեց՝ դիտելու իր մասնակցությամբ ներկայացումներից մեկը՝ «Փրկության կղզին»,  որը տեղի կունենա Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում,  նոյեմբերի 18- ին՝  ժամը 19։00 ին։

 

Մերի Գևորգյան

5-րդ կուրս

Լուսանկարները՝ Մերի Գևորգյանի

Կիսվել