ԲԻԶՆԵՍՄԵՆԸ ԱՊԱԳԱՅԻՑ

ԲԻԶՆԵՍՄԵՆԸ ԱՊԱԳԱՅԻՑ

1900

Հիսուներկուամյա Արթուր Հակոբյանը բիզնեսմեն է։ Նա առաջիններից է, ով Հայաստանում սկսել է զբաղվել սև ձկնկիթի արտադրությամբ։ Արթուր Հակոբյանը այսօր արդեն սեփական ձկնաբուծարանն ունի հայրենի գյուղում։ Բուծում է թառափ, ստանում բարձրորակ սև ձկնկիթ, որն իրացում է թե՛ ներքին և թե՛ արտաքին շուկայում։

Բայց մինչև հաջողակ բիզնեսմեն դառնալը Արթուր Հկոբյանը անցել է երկար ու դժվարին ճանապարհ։ «Հակոբյան խավիար» ընկերության հիմնադիրն ու սեփականատրեը ծնվել է Արմավիրի մարզի Ապագա համայնքում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո արհեստ է սովորել, միաժամանակ օգնել է հորը՝ միասին գաջ են քսել։ Հետո որոշել է այլ գործով զբաղվել՝ Թուրքիայից կողպեքներ է ներկրել ու վաճառել։

Ամեն ինչի հիմքում հետաքրքրությունն է Արթուր Հակոբյան

«Ձկնաբուծությամբ զբաղվում եմ 1999 թվականից։ Այդ ժամանակ մեր երկրում այս ոլորտը նոր սկսել էր զարգանալ։ Մի մի քանի տեղ գնացի, տեսա, շփվեցի ձկնաբույծների հետ ու հասկացա, որ ինձ էլ է այս ոլորտը հետաքրքրում։ Ես էլ ձկան արտադրությամբ զբաղվելու ցանկություն ունեցա։ Գնեցի փոքր տնտեսություն և սկսեցի զբաղվել ձկնաբուծությամբ։ Ժամանակի ընթացքում իմ բիզնեսը ընդլայնվեց ու զարգացավ»։

Առաջին քայլերը

«Սկզբնական շրջանում բուծում էինք սովորական իշխան ու կարմրախայտ, 2001-ին Երևանում խանութ գնեցի, ուր և սկսեցինք վաճառել մեր ձկնեղենը։ Ավելի ուշ որոշեցինք նաև թառափ բուծել, ընթացքում մտքովս անցավ՝ ինչու չէ, փորձել ձկնկիթ ստանալ։ Այդ նպատակով մոտ երեսուն թառափ պահեցինք։ Առաջին քայլն էր։ Ընթացքում թառափների թվաքանակը ավելացրինք ու խորացանք ձկնկիթի արտադրության բնագավառում»։

Ամեն ինչ աստիճանաբար է լինում

«Ֆինանսական, նյութական աջակցություն երբեք որևէ մեկից չեմ ստացել։ Ամեն բան արել եմ սեփական ուժերով, հաջողությունների էլ հասել եմ աստիճանաբար։ Այսօր արդեն համագործակցում ենք «Պետրոսյան խավիար» աշխարհահռչակ ընկերության հետ։

Սկզբում շատ դժվար էր․Հայաստանում չէի կարողանում իրացնել ձկնկիթը, նամակ գրեցի Պետրոսյանին, ով էլ մեզ մոտ ուղարկեց իր մասնագետներին։ «Պետրոսյան խավիար» ընկերությունը օգնեց մեզ այս հարցում՝ արտադրության տեխնոլոգիաներին ու նրբություններին ծանոթացրին։ Կայացանք․ առաջին անգամ հենց իրենք էլ մեզանից գնեցին ձկնկիթ ու փորձնական արտահանեցին ԱՄՆ, այնտեղ իրացվեց իրենց խանութում՝ որպես Հայաստանում արտադրված ձկնկիթ։ Ամենակարևորն այն է, որ թե՛ ընկերությունը ու թե՛ գնորդները գոհ էին մնացել մեր արտադրանքի որակից։

Հետո էլ Երևանում սկսեցի իմ խանութում վաճառել իմ արտադրած ձկնկիթը։ Այսօր մեկ կիլոգրամը վաճառում ենք 320 հազար դրամով, որի 30% տալիս ենք պետությանը։ Իհարկե այն ժամանակ, երբ նոր սկսում էի այս բիզնեսով զբաղվել, սև ձկնկիթի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում արժեր մոտ հազար երկու հարյուր դլար, բայց գները աստիճանաբար նվազեցին։ Պատճառներից գլխավորը այն է, որ Չինաստանը այսօր մեծ քանակությամբ ձկնկիթ է արտադրում, իրենք քանակ են ապահովում»։

Մենք ապահովում ենք որակ

«Մեր ձկնկիթը բացառապես բնական է։ Չենք օգտագործում ոչ մի տեսակի քիմիական ու արհեստական հավելանյութեր, միայն՝ աղ։ Տեխնոլոգիաները բարձրորակ են, փաթեթավորում ենք իտալական տարաներում, ձկների կերն էլ բերվում է Դանիայից։ Ստանում ենք պատվեր, մորթում ենք ձուկը, մշակում ձկնկիթը ու տալիս պատվիրատուին։ Իսկ կան մարդիկ, որ ձկնկիթ ստանալու համար օգտագործում են կթելու եղանակը․ հատուկ նյութեր են ներարկում թառափին, այնուհետև փոքրիկ բացվածք են անում փորի շրջանում, որտեղից դուրս է գալիս ձկնկիթը։ Դա ավելի շահավետ մեթոդ է, քանի որ մի քանի տարի հետո այդ ձուկը դարձյալ ձկնկիթ է տալիս, բայց մենք այդ եղանակը չենք օգտագործում, քանի որ ներարկվող շիճուկը այնուհանդերձ ազդում է ձկնկիթի որակի վրա»։

Դժվարությունները շատ են, բայց կարևորը համբերությունն է

«Այսօր շատերն են խոսում, որ Հայաստանում բիզնես սկսել հնարավոր չէ։ Նման բան չկա․ ամեն բան էլ հնարավոր է։ Բնական է, որ դժվարություններ շատ են լինում, բայց դրանք առկա են աշխարհի բոլոր երկրներում, բոլոր բիզնեսմենների համար։ Օրինակ՝ այսօր ինձ համար մեծ խնդիր է ջուրը։ Եթե նախկինում 220 լ ինքնահոս արտիզյան ջուր էինք ստանում վայրկյանում, ապա այսօր պոմպի միջոցով 110 լիտր ենք ստանում։ Էլեկտրաէներգիայի բացակայության դեպքում մեծ խնդիրներ են առաջանում, փորձել եք համապատասխան միջոցներ ձեռք առնել, բայց դե դա հարցի լուծում չէ։ Թառափը 8-9 տարի պահում ենք, որ ստանանք ձկնկիթ, գումար ենք ներդնում այդքան տարի, և մի հոսանքազրկմամբ կարող է ջուրն լցվել ամբողջը։
Եղել են դեպքեր ձկնկիթը չենք կարողացել վաճառել, լրացել է ժամկետը՝ թափել ենք , եղել է լիճը հիմքից բլվել է, լցվել առուն։ Տարիներ առաջ անգամ 60 հազար կարմրախայտ մանրաձուկ բուժումից հետո սատկել է։ Ամեն ինչ էլ լինում է, պարզապես պետք է կարողանաս դիմադրել, դժվարությունները՝ հաղթահարել։ Այդ ամենի համար էլ պետք է ունենաս համբերություն ու նպատակասլացություն։ Հիասթափությունների լինում են, բայց դե, գործ է, չեղավ՝ չեղավ, ամեն ինչ կարելի է սկսել նորից, ամեն ինչի մեջ կարելի է գտնել ելք, պետք չէ միանգամից խուճապի մատնվել ու ծրագրերից հետ կանգնել։ Հաջողության հասնելու համար պետք է աշխատել բարեխղճորեն, լինել հետևողական ու գործին մոտենալ սիրով»։

Դեպի Եվրոպական շուկա

«Մեր արտադրանքը այսօր սպառվում է ոչ միայն Հայաստանում , այլև Ռուսաստանում ու ԱՄՆ-ում։ Արդեն արտադրությունը ընդլայնելու և Եվրոպական շուկա դուրս գալու նպատակ ունեմ: Իսկ եթե ձկնկիթի արտադրության ոլորտում նախկինում մրցակցությունը մեծ էր միայն միջազգային շուկայում, ապա այս տարի արդեն մեր երկրում էլ մրցակցություն կա․ այսօր արդեն շատերն են սկսում զբաղվել սև ձկնկիթի արտադրությամբ»։

 

Արփինե Մուրադյան

3-րդ կուրս

Կիսվել