ՀԱՅՈՒՀԻՆ

ՀԱՅՈՒՀԻՆ

2333

Տերյանի վրա՝ Ազգային գրադարանի նկուղում, «բանվոր դասակարգն է». իրենք են իրենց այսպես կոչում: Հավատում են. եթե կարը լավ չի ստացվում, ուրեմն՝ թելն աղոթել է պետք, որ վատ էներգիան չվնասի կրողին, որ նախշը ճիշտ ազդեցությունը թողնի:

Կպատմե՞ք, թե ինչպես ծաղկած խաչով հագուստ հագցրիք Հռոմի պապին:

-Մեզ մոտ եկավ մեր կաթոլիկ սրբազանը: Էսքիզ խնդրեց, որի ժամանակը, իհարկե, չունեինք, որովհետև 15 օրից պապը գալիս էր: Մեկ գիշերում ստեղծել ենք էսքիզը, մտածելով էսպես՝ պապին ոչնչով չես զարմացնի, որովհետև նրա համար կարվել է արդեն ամեն ինչ ու ամեն ինչից: Համեմատել ենք նախկին պապերի հետ ու հասկացել, որ ճոխությունը իրեն հատուկ չէ, այսինքն փայլերից ու քարերից հեռու էր պետք մնալ: Հայերիս համար կարևոր կլիներ, որ կաթոլիկ պապը կրեր մեր ծաղկած խաչը: Հետո մեզ համար կարևոր էր, որ Մեսրոպյան տառերը ճանաչվեն ու տարածվեն ու նախշերի մեջ դրեցինք իր անվան տառերը, բայց որ շատ զգալի չլինի, որ, թեկուզ Ադրբեջան գնալիս նեղություն չլինի իրեն կրել: Կտորը ուղարկվեց Վատիկանից, որի վրա ասեղնագործման և լիցքի տեխնիկայի շնորհիվ ամբողջացրինք ընդհանուր տեսքը: Քանի որ, մեր սրբազանները համեստ էմոցիաների տեր մարդիկ են, մենք մեր աշխատանքի արձագանքի մասին կարող էինք իմանալ Գյումրիից: Եթե նա դուրս գար մեր հագուստով, ուրեմն՝ հաջողել ենք: Եվ միայն տեսնեիք մեր աղմուկը, երբ պապին մեր հագուստով տեսանք:

Անքուն գիշերների շաբաթ, գերլարված աշխատանք. հաղթանակ, որի մասին չիմացավ արտասահմանյան ու տեղական ոչ մի լրատվամիջոց: Դա արել էին ոչ թե «PR»-ի, այլ երկրի պատիվը բարձր պահելու համար:

Լիլիթ, ինչպե՞ս ընտրեցիք մասնագիտությունը կամ, ասենք հետաքրքրությունը:

-Փոքր տարիքից սկսել եմ նկարել ու երգել: Մեր ընտանիքը հորական կողմից գաղթականներ էին, ովքեր լցված էին հայրենասիրությամբ և ինձ ու եղբորս փորձում էին սովորեցնել ամենը ինչը կապված էր հայրենիքի հետ: Միշտ նախանձում էի այն երեխաներին, ովքեր բակում խաղում էին, իսկ ես չուզենալով ասեղնագործություն էի անում: Երգելն էլ չէինք սիրում, որովհետև վեց տարեկան երեխային այնքան էլ չէր գրավում տարազով պահարանի վրա կանգնած երգելը՝ հարազատների շրջապատում: Մանկությունիցս սկսեցի, որովհետև կարծում եմ, որ այն խիստ կապ ունի մեր հետագա որոշումների ու անելիքների վրա: Փոքր երեխան, տեսնելով տարազները, որը մայրիկն էր կարում, ու հետո հագցնում կապույտ ծամթելերով, չի կարող կապվածություն ձեռք չբերել այդ աշխատանքի հետ: Այդ տարիքում երազում էի՝ երբ մեծանամ, ինձ համար, անպայման կարելու եմ այնպիսի զգեստ, որը չէր ծակծկի, իսկ ընտանեկան դաստիարակությունից ելնելով ես չէի կարող դա ասել մայրիկին:

Լիլիթը ժպտում է. հիմա էլ, անգամ երբ փողը քիչ է, փորձում են չխնայել կտորից: Միայն թե այն չծակի կրողին, հարմարավետ լինի:

Ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը Տերյան մշակութային կենտրոնի հետ, և ձեր գործունեության այդչափ ընդլայնումը:

-Տերյան մշակութային կենտրոնից հրավեր ստացա այն պատճառով, որ իմ ընտանիքին էին պատկանում Տերյանի գրական ժառանգության որոշ մասեր: Ինձ նշանակեցին տնօրեն և մենք սկսեցինք գաղափարներ մշակել, կապված Տերյանի գրական ժառանգության ուսումնասիրման ու հրապարակման հետ: Իմ և կենտրոնի համար ճակատագրական եղավ մեկ օր, երբ ես պետք է մասնակցեի մի միջոցառման, որտեղ ցանկանում էի տարբերվող տեսք ունենալ: Կարեցի ինձ համար Ղարաբաղյան հագուստին բնորոշ կանաչ-կարմիր գունային գամայով մի զգեստ, ամբողջացրի Գանձասարի զարդամոտիվներով և, իհարկե, տարբերվեցի յուրահատուկ իմ կերպարով: Մեծ հետաքրքրություն առաջացրեց հագուստը ներկաների մոտ: Շատերն էին խնդրում նկարահանման համար տրամադրել այդ զգեստը և որոշեցինք ոչ մեկին չմերժելու համար կարել մի քանի ազգային մոտիվներով հագուստներ: Հագուստների ոճավորումն ընտրելիս հանդիպեցինք բարդությունների և հասկացանք, որ մեզ չի բավարարում եղած գրականությունը և դիմեցինք ազգագրության ինստիտուտ:

Ոճաբանը լավ է հիշում գիտաշխատողների վերաբերմունքը իրենց նկատմամբ, ովքեր եկել էին կրթվելու, նոր տեղեկություններ ստանալու: Դրա համար չի հավատում այն մարդկանց խոսքերին, թե «գնացինք՝ չօգնեցին», «խնդրեցինք՝ չտվեցին»: Տարազներից բացի ուսումնասիրեցին ազգային հագուստի ամեն դետալը. մետաղը, զարդանախշերը, քարը, կարի տեսակներըժամանակն էր լավ մասնագետներ ունենալու:

Լիլիթ, իսկ ի՞նչպես եք ընտրել ձեր թիմի անդամներին:

– Լրիվ պատահականորեն: Օրինակ ասեղնագործության վարպետների ղեկավարը ինձ մոտ եկավ լսելով ռադիոընկերությանը տված իմ հարցազրույցը: Ներկայացավ ու ասաց, որ վերջապես գտավ իր տնօրենին: Մարդ ով իր գործի վարպետն ու գիտակն է: Մի անգամ էլ փողոցում տեսա ճշգրիտ կարված ոտնամաններ և վաճառողից խնդրեցի հեղինակի տվյալները՝ կապ հաստատելու համար: Դա Սոֆա Գալֆայանն էր՝ Ճամբարակից, ում շնորհիվ մեր աշխատանքների մեջ ներգրավվեցին շրջանների մարդիկ ևս:

Մեծ գումար չկար, բայց թիմը ձևավորվեց՝ կարևոր արժեքների շուրջ, ու չունեցավ ֆինանսական ոչ մի խնդիր: Լիլիթն անգամ իր ոսկե ականջօղերը վաճառեց: Միայն մի քանի տարուց վճարովի պատվերներ ստացան: Բազմաթիվ ցուցադրությունները հայտնի դարձրին կենտրոնը: Սկսեցին դիմել երկրի ղեկավարներն անգամ: Դրամաշնորհ կազմակերպություններն էլ վստահեցին: Ու աջակցեցին:

Բացի հագուստների մոդելավորումից, կենտրոնը կրթական լուրջ աշխատանքներ էլ է կատարվում: Ի՞նչ ծրագրեր ունեք այս առումով:

– Մի քանի ամիս է, ինչ սկսել ենք մի նոր ծրագիր: Փորձում ենք կոմերցիոն հոգեբանությունից զերծ, ոչ վերնիսաժային վարապետներ կրթել, որոնք չեն բավարարվի տարիներով մի նուռ նկարելով: Լինել ստեղծագործող, միածամանակ հասկանալով շուկայի պահանջները, սա ենք ուզում: Ինչ հուշանվերներ ստեղծել, ինչպես փաթեթավորել, ինչպես ստեղծել լոգոտիպը, ինչպես մատուցել ապրանքանիշը, ինչպես հայտնվել սոցիալական ցանցերում: Այսինքն անել հնարավոր ամեն բան դուր գալու ոչ միայն տեղացիների, այլ նաև զբոսաշրջիկներին:

Լիլիթը բացատրեց՝ ինչ կարևոր ազդեցություն ունի հագուստի ոճը և ամեն տիպի զարդարանքը, նախշը, որը մենք կրում ենք:

-Անպայման պիտի իմանանք նախշի նշանակությունը, դաջվածքի իմաստը, որը կրում ենք: Ես կարող եմ ցույց տալ կարպետներ, որոնք առաջին հայացքից աչքի են ընկնում գեղեցիկ զարդանախշերով, բայց ուշադիր նայելուց հետո միայն կարելի է հասկանալ, որ դրանք կերպարներ են, այն էլ սատանայի: Այդպիսի կարպետները կոչվել են« անեծք» կարպետներ: Մենք կարում ենք նաև վզակապեր, որոնք երբեք չեն կրկնվում: Այս տարվա ցանկից մեկը արված էր ֆինանսական հաջողություն բերող նախշից, որի պահանջը արագ թափ առավ, բայց միևնույնն է, մենք դեմ չգնացինք մեր սկզբունքներին և չկրկնեցինք:

Հասկանալի է, կինն ստանձնել է կարևոր առաքելություն՝ պահպանել ազգային դիմագիծն ու տարածել: Հետաքրքիր է, Լիլիթը զգու՞մ է արտերկրում եւս ազգային հագուստի պրոպագանդայի առաքելությունը:

-Այս հարցում միայն իմ ուժերը շատ քիչ են, որովհետև մենք բանվոր դասկարգ ենք, ստեղծող: Պրոպագանդան պետք է արվի գումար ունեցող մարդկանց շնորհիվ, ովքեր մեզ կտանեն ոչ թե հայկական համյնքներ միայն, այլ կտանեն միջազգային հարթակներ: Մենք պետք է ունենանք պետական ծրագիր, արտադրություն, որ շուկան սկսեն լցնել «made in Armenia»-ով ու իրական հայկական արտադրանքով:

Ամենակարևորը, թերեւս, Լիլիթ տեսակի մտքի թռիչքն, անսպառ էներգիան ու հայկականությունն է, որն ունենք մեր երկրում: Մեկը, ում կարող է դիմել աշխատանքից հիասթափված տնտեսագետը, իրավաբանը ու մի զբաղմունք խնդրել: Ինչու ՞, որովհետեւ ուրիշ հետաքրքրություններ ունի, իսկ ծնողները ուզում էին հենց այդ ֆակուլտետը: Լիլիթին մայրը փոքրուց ասել է. երջանիկ է նա, ում գումարը սիրած աշխատանքով է: Սա է նրա գործերի գաղտնիքը. ոչ էժան են, ոչ էլ շատ թանկ ու մեծ պահանջարկ ունեն. որովհետև կարողի մատներից վերցնում ու փոխանցում են շատ սեր, հոգի ու հավատ:

Կարինե Սիմոնյան

3-րդ կուրս

Կիսվել