«Նարեկացի» արվեստի միությունը վերսկսում է «Արվեստանոց» ուսուցողական ծրագիրը:
Ժամանակավորապես դադարեցված ծրագիրն այժմ նորից իր դռներն է բացել բազմաթիվ մանուկների համար: Ծրագրերից մեկն էլ ներկայանում է «Մանկություն» խորագրով:
«Ես սիրով հայտարարում եմ, որ մենք վերսկսել ենք «Արվեստանոց» շարքը, այն մեկնարկել էր դեռ 2015-ից, բայց քանի որ երկրում չէի, այդ պատճառով ժամանակավոր դադարել էր: Առաջին արվեստանոցը եղել է «Դուդուկի կախարդական մեղեդին» թեման, ամբողջ գաղափարը այն է, որ մենք ստեղծենք մտերմիկ մթնոլորտ, քննարկենք ամենաարդի թեմաները, որոնք հուզում են երեխաներին, ինչպես նաև մեր հյուրերը, արվեստագետները կներկայացնեն իրենց արվեստն ու փորձը»,-ասում է «Լապտերներ» նախագծի կազմակերպիչ Էկա Հորստկան:
«Մանկություն» խորագիրը կրող հանդիպման ընթացքում 9-ից 14 տարեկան երեխաները փորձում էին գտնել իրենց երազանքների իրականացման հնարքներն ու հարցերի միջոցով բավարարում իրենց հետաքրքրասիրությունը:
Հանդիպման հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, «Օրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը: Մարդիկ, ովքեր հայտնի լինելուց բացի նաև զբաղվում են բարեգործությամբ: Նպատակն այն էր, որ երեխաներն անձամբ շփվեին այդ մարդկանց հետ, ինչպես նաև դաստիարակվեին նման ոգով:
Հյուիրերից յուրաքանչյուրը երեխաներին խորհուրդ տվեցին ապրել կյանքի ամեն պահը, վայելել մանկությունն ու ձգտել լավագույնին: Իսկ այդ ճանապարհին չմոռանան զինվել մեծ գիտելիքներով ու երազելու հատկությունը չկորցնելով:
Արմինե Հովհաննիսյանն իր փորձով հավաստիացրեց, որ նմանատիպ միջոցառումներն օգնում ու իրենց մեծ ազդեցությունն են թողնում երեխաների վրա, այդպես նրանք կարևորում են իրենց դերն ու նշանակությունը հասարակության համար: Իսկ իրենք էլ պատրաստ են իրենց ներդրումն ունենալ երեխաների կայացման գործում:
Իսկ արվեստանոցները շարունակվում են, հաջորդը կկայան նոյեմբերի 27-ին:
Մերի Գևորգյան
3-րդ կուրս