Ավ. Իսակահակյանի անվան գրադարանում նոյեմբերի 23-ին կայացավ բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանի «Ջրից և հոգուց» գրքի շնորհանդեսը:
Գրքում հեղինակը ներկայանում է իր խոհափիլիսոփայական, հոգու որոնումների, հայրենիքի մասին մտքերով:
Մեզ հետ զրույցի ընթացքում բանաստեղծուհին անկեղծացավ. «Գիրքն ունի նոր ասելիք, մարդու հոգուն կարող է նոր գույներ փոխանցել, ընթերցողին կտա նոր զգացողություններ»:
Նրա համոզմամբ, մարդու համար անհրաժեշտ է մաքուր արժեքների հետ հաղորդակցվել, իսկ այդ արժեքներից մի քանիսը թաքնված են հենց գրքում:
Գրականագետ Սաթենիկ Ավետիսյանն իր ելույթի ժամանակ նշեց. «Հերմինեի բանաստեղծություններում երկրային ոչինչ չկա, ամենը երկնային են: Իր երազկոտ, նուրբ հոգով նա ասես ապրի արքետիպային հիշողության մեջ և ջրայինն գոլորշիներից բաղկացած ամպիկների վրա: Գրքում ամեն ինչ ջրից և հոգուց է»:
Այն հարցին, թե ի՞նչ է բանաստեղծությունն իր համար, Հերմինեն պատասխանեց. «Ինձ համար բանաստեղծությունը լույսի ներթափանցման պատուհան է, հոգու բառավորված պատկեր: Ընդհանրապես ստեղծագործում եմ, որ էանամ: Գրել՝ նշանակում է ապրել այլ մի երկնքում,այլ մի երկրի վրա, այլ աշխարհում և հաճախ այդ աշխարհը ավելի մոտ է քան այն, որ ընդունված է համարել, այսինքն՝ իրերի կյանքը»:
Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչական տպարանում՝ 300 օրինակով: Սա հեղինակի երկրորդ գիրքն է:
Ռաիսա Պապյան
3-րդ կուրս