ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետում չկա մի այնպիսի դասախոս, ում հիշողության մեջ դաջված չլինի Սիփան Ասատրյանի անունը: Նա մեկն էր, այն մարդկանցից, ով կոտրեց բոլոր կարծրատիպերը:
4 տարեկանում Սիփանը գրիպի հետևանքով կորցնում է տեսողությունը, բայց մեր օրերում դժվար հանդիպենք ավելի բազմազբաղ ու ինքնուրույն մարդու, քան ինքն է: Նա ծնվել է Ճամբարակ քաղաքում, որտեղ էլ սկզբում դպրոց է հաճախել՝ ունենալով զուտ դասերին ներկա լինելու հնարավորություն: Վեցերորդ դասարանում ծնողները կտրուկ որոշել են տեղափոխվել Երևան և Սիփանին կրթության տալ Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան թիվ 14-րդ հատուկ դպրոցում, որը նախատեսված է տեսողական խնդիրներ ունեցող երեխաների համար. այնտեղ գրում և կարդում են բրայալյան համակարգով: Նա կարողանում է լրացնել կրթության բացը և դպրոցից հետո ընդունվել ԵՊՀ-ի հայ բանասիրության ֆակուլտետ: 2010 թվականին դառնում է մայր բուհի լավագույն ուսանող: Սիփանը պատմում է, որ առաջին դրդապատճառը, որ իրեն ստիպել է մտածել ինքնուրույն կենսակերպ վարելու մասին, դա իր մայրիկի զանգն է եղել.
«Մի անգամ մայրիկս զանգեց և ասեց.
-Տուն վերադառնալուց քեզ հետ հաց կբերես»:
Լեհաստանից եկաց մասնագետները Սիփանի կյանքում նոր շրջադարց մտցրին: Նա Լեհաստանում զարգացրեց սպիտակ ձեռնափայտով տեղափողվելու իր հմտությունները և այժմ միակ մասնագետն է տեսողական խնդիր ունեցող մարդկանց տարածական հրահանգչի դերում:
Սիփանը ամուսնացել է, ունի մի գեղեցիկ արքայադուստր: Շատ է ափսոսում, որ չի կարող տեսնել իր երեխայի դեմքը: Բայց միակ երազանքը` անել ամեն ինչ աղջկան բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Նրա կինը` Վանուհին ասում է, որ հաշմանդամությունը հոգեվիճակ է, և ոչ թէ կարգավիճակ: Սիփանը դուրս է և´ այդ հոգեվիճակից, և՛ այդ կարգավիճակից: Վանուհին նշում է. «Եթե ուրիշ երկրում լինեինք, գուցե ավելի հեշտ լիներ ընտանիք կազմելու հարցը. հասարակական կարծիքը ճնշող էր, բայց ոչ մի դեր չխաղաց, և մենք ոչ միայն նայում ենք նույն ուղղությամբ, այլ նաև միևնույնն ենք տեսնում: Համոզվել ենք, որ ճիշտ ընտրություն ենք կատարել»:
Այժմ Սիփանը ռադիո «Մենք» հաղորդաշարի հաղորդավար է, որով օգնում է հաշմանդամ մարդկանց: Հաճախ, երբ նրան կանչում են հարցազրույցի, մտածում է գնալ, թե՞ ոչ, բայց այն միտքը, որ շատ կազմակերպություններ զանգահարում և օգնություն են խնդրում սպիտակ ձեռնափայտի ներկրման համար, մի տեսակ պարտավորեցնում է:
Չկա գրեթե մի ոլորտ որտեղ ինքն իրեն փորձած չլինի: Պատմում են, որ երբեմն-երբեմն նվագում, երգում ու ասմունքում է: Ընկերների խոսքով` Սիփանը հզոր անհատականություն է, և նրանք ունեն շատ բան նրանից սովորելու և վերցնելու:
Մեզանում նոյեմբերի 13-ը նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց օր, բայց Սիփանը ցանկացավ, որ իրենց չառանձնացնեին հասարակությունից:
Էլիզա Մանուկյան
3-րդ կուրս