ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՁԵՌԱԳՈՐԾ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ

1929

Ալինան և Հակոբն արդեն երկար տարիներ հաշմանդամություն ունեն: Երբ դժվարություններից ես հարցնում, չեն բողոքում, ժպտում են: «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ում ձեռագործ իրեր են պատրաստում` պայուսակներ, տիկնիկներ: Դրանք դեկտեմբերի 4-ից 6-ը ներկայացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած ցուցահանդեսին, որի նպատակն էր մեկ հարթակում միավորել հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքները:

«Աուտիզմ ազգային հիմնադրամի» աշխատակից Արփինե Մանվելյանի խոսքով` կենտրոնի մոտ 20 երեխա ներկայացրել է իր աշխատանքները: Ասում է`ոչ բոլորն են անհատական, կան նաև իրեր, որոնք երեխաները միասին են պատրաստել. «Երեխաների մի մասը բացիկներ է պատրաստում, մյուսները` կավից զանգակներ և կախազարդեր: Իսկ չափահասները մեր թղթի արտադրության մեջ են ներգրավված»:

Մոտենում ենք սիրիահայ Լենա Շամլյանի տաղավարին: Հիմնականում հայկական զարդանախշերով պայուսակներ են և անձեռոցիկի հարմարանքներ: Մանուկ հասակից ոտքի հետ կապված խնդիր ունի. դժվարությամբ է քայլում: Պատերազմի պատճառով 5 տարի առաջ Հայաստան է տեղափոխվել: Պատմում է, որ սիրած զբաղմունքը` ձեռագործ իրեր պատրաստելը, այստեղ վերածվել է հիմնական աշխատանքի: Իր արտադրանքը տիկին Լենան անվանել է «Վաքոշ»: Հետաքրքրվեցինք նաև արտադրանքի անվան ստուգաբանությամբ. «Ասեմ, թե սա որտեղեն եկած է: Իմ հոր անունի կրճատումն է: Նրա անունը Վարդգես էր: Ես կրճատել եմ, դարձրել Վաքոշ` անվան և ազգանվան` Շամլյանի համադրությամբ: Այսպես նրա հիշատակը միշտ թարմ կմնա մեր մեջ»,-պատմեց Լենա Շամլյանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին թե’ Երևանի, թե’ մարզերի բնակիչների աշխատանքները: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Ամեն տարի օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպվում է ցուցահանդես: Այս տարվա խորագիրն է «Փոխակերպում դեպի կայուն և դիմակայուն հասարակություն բոլորի համար»:

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

 

Կիսվել