ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

1392

Մեքսիկայում  երկու գագաթ կա Արարատից բարձր` Օրիսաբան է ու Պոպոկատեպետլը: Բարձրությունների տարբերությունը  նրանց  միջև շատ չէ՝ հարյուր հիսուն մետր, իսկ վերջինս բարձր է Արարատից  մոտ երկու  հարյուր  մետր: Բարձրությունների  տարբերությունը  դեռ  ոչինչ, Պոպոկատեպետլի  տեսքն  է  զարհուրելի. խիստ կանոնավոր կոնուս է, խիստ սիմետրիկ  ու  խիստ  լանջերով, ինչպես մեր Փոքր Մասիսը, բայց  բարձր է Փոքր Մասիսից 1250  մետրով: Վերջին  հազար  մետրը  համատարած  ձյուն է: Գործող  հրաբուխ  է, ժայթքել է բազմաթիվ  անգամներ, վերջին  անգամ՝ մոտ հարյուր  տարի առաջ՝ 1910  թվականին, և  Մեքսիկայի  երկրաբանների  կարծիքով՝ հաջորդ  ժայթքումը  կարող  է  տեղի  ունենալ  ամեն  օր, ամեն ժամ: Այն  օրերին, երբ  Գրիգոր  Գուրզադյանը  Մեքսիկայում  էր՝  հիսունհինգ  տարի  առաջ, հերթական ժայթքումը  դեռ  տեղի  չէր  ունեցել: Դրանով  հանդերձ  երկրաբանները  իրավացի  էին. այս  հսկա կոնուսի գագաթը  միշտ  ծածկված  է  վեր  բարձրացող  գոլորշիներով ( ասում  էին, որ  խառնարանը  եռում  է  առանց  դադարի. դա  լավ  էր  երևում  նույնիսկ  բավական  հեռվից՝ մոտ  հիսուն  կիլոմետր, որտեղ Գրիգորն  ապրում  էր), այդ  պատճառով  էլ  գտնվում  էր  ժայթքմանը  պատրաստ  վիճակում:

Գրիգոր  Գուրզադյանը  Մեքսիկայում  էր  գտնվում  Մեքսիկական  համալսարանի   հրավերով, մշտապես  գտնվում  էր  մայրաքաղաք  Մեխիկոյում: Այնտեղից  Պոպոկատեպետլը  չէր  երևում, հեռավորությունը  հազար  կիլոմետր  էր: Բայց, երբ  գտնվում  էր  Տոնանցենոլո  կոչվող  վայրում (դա  Պոպոկատեպետլի  հակառակ  կողմում  է), հրաշք  սարը  միշտ  պատուհանի  առաջ  էր, ու  նա  միշտ  նկարում  էր  այդ  ֆանտաստիկ  տեսարանը:

Օրերից  մի  օր  ցանկություն  առաջացավ  բարձրանալ  Պոպոկատեպետլի  գագաթը՝  չմոռանալով  հանդերձ, որ  ժայթքումը  կարող  է  լինել  ամեն  պահի: Մեխիկոյի  նրա  գործընկերները   զարմացած  էին: Նրանք  ի՞նչ  իմանային, թե  ինչն է  Գուրզադյանին  մղել  այդ  խելագար  քայլին: Մասիսի  գագաթին  հայտնվելը  նրա  համար  անմատչելի, անհնարին  մի  բան  էր, և  նա  մտածում  էր, որ  այս  հսկայի  գագաթին  հայտնվելով  հաճույք  կստանա: Լուրն  արագ  տարածվեց  համալսարանում: Նրան  միանալ  ցանկացողները  շատ  էին: Գուրզադյանը  հարցրեց. «Իսկ  ու՞ր  էիք  մինչև  հիմա, սարը  ձերն  է, երկիրը՝  ձերը: Առավել  համարձակը  պատասխանեց՝  Գուրզադյանի  բարձրանալու  հանգամանքն  էր  որոշիչ  եղել:

Ալպինիզմը  վտանգավոր  սպորտ  է, սոսկ  ցանկությունը  բավական  չէ  ալպինիստական  արշավի  դուրս  գալու  համար, այն  էլ՝  Պոպոկատեպետլի  պես  հսկայի… Գուրզադյանը  իրեն  ներկայացված  40  հոգանոց  ցուցակից  ընտրեց  միայն իրեն  ծանոթ  երկու  տղաների: Մեկը  Ռաֆայելոն  էր, որն  ընկերների  հետ  միշտ  ֆուտբոլ  էր  խաղում  համալսարանի  բակում: Նկատել  էր, որ  լավ  է  վազում  ու  ճարպիկ է, կարծես… Մյուսն  Ալվարեսն  էր՝ ֆիզիկոս, լուրջ, հավաքված  հայացքով, հոյակապ  կառուցվածքով  մի  երիտասարդ:

Հաջորդ  օրը  նրանք  երեքով  հավաքվեցին, որոշեցին  իրենց  յուրաքանչյուր  քայլը, 5000 մետրից  բարձր  գագաթ  բարձրանալը  կատակ  չէ, պետք է կանխատեսել  նույնիսկ  ամենաչնչին  մանրուքը:

Պոպոկատեպետլ  մեկնելուց  ընդամենը  2 օր  առաջ  Գուրզադյանին  առաջարկեցին  թույլ   տալ  խմբին  միանալու  Ալվարեսի  կնոջը՝  Եսթերային: Նա  2  տարի  առաջ  եղել  էր Պոպոկատեպետլի  գագաթին  և այդ  վերելքից  հետո ստացել  սպորտի  վարպետի  կոչում: Գուրզադյանը  համաձայնվեց, բայց  երբ  տեսավ  Եսթերային՝  փոքրամարմին, ժպտերես, բնավ  ալպինիստական  կառուցվածք  չունեցող այս  նուրբ  էակին, որոշեց  ամեն  ինչ  թողնել  նրան  սպորտի  վարպետի  կոչում  տվողների վրա…

Հասան, ալպինիստական  կայանն է՝ 3200 մետր  բարձրության  վրա, անմիջապես  գագաթի  տակ: Այստեղից  գագաթը  սարսռազդու  տեսք  ուներ. այն  ծածկված  էր  ամպերով  ու  իր  արտավիժման  գոլորշիներով. գտնվում  էին  գործող  խառնարանի  ստորոտում: Խումբը  գրանցվեց, ծանոթացավ  կանոնադրությանը  և  ստորագրեց  համաձայնագիրը, որպեսզի  անհրաժեշտության  դեպքում   փրկարար  ջոկատ  ուղարկեն: Պոպոկատեպետլի  գագաթ տանող պատից  կախված  սխեմատիկ  նկարի  վրա  ցուցադրված  երեք  ճանապարհներից  նրանք  ընտրեցին  առաջինը՝  ամենակարճն  ու  ամենադժվարը, թեքությունը՝  ոչ  պակաս  45-500… Լուսադեմին  նրանք  ստորոտում  էին, որտեղից  սկսվում  էր վերելքը: Հսկայական  քարակույտեր  են՝ 510  մետր  բարձրության, դրանից  վեր  համատարած  ձյուն  է՝ սառած, պինդ. դա  վտանգավոր  է  և  շատ, ինչ-որ  տեղ՝ ձյան  շերտի  տակ  կարող  է  դատարկ  լինել, ու, ոտքդ  դնելուն  պես, կարող  ես  հայտնվել  անդունդում: Թեքությունը  մեծ  է՝ 500, եթե  ոչ  ավել: Չորսն  էլ  կապված  են  միմյանցից  պարանով, առջևում  Գրիգորն  է  կամ   Ալվարեսը, հերթով, նրանց  միջև  Եսթերան՝  առանց  ուսապարկի, նա  է  ու իր  մուրճը, վերջում Ռաֆայելոն  է: Ռաֆայելոն… համալսարանի  բակում  խոտերի  վրա  ֆուտբոլ  խաղացող  Ռաֆայելոն  բնավ  նման  չէր  այս  մեկին. վատ  էր  շնչառությունը, անվերջ  հևիհև: Գրիգորն  անհանգստանում  էր  ու  ակամա  հարկադրում  դանդաղ  վերելք: Ցնցող  էր  պատկերը. պայծառ   արև  էր, կապուտակ  երկինք,շրջապատում՝  հսկայական   հեռավորության  վրա, լեռների  համայնապատկերն  էր… Հեռվում  երևաց  Օրիսաբայի՝  շրջապատից  խիստ  զատվող  կոնուսը: Լանջի  ուժեղ  թեքության  պատճառով  չէին  տեսնում  գագաթը, դժվարանում գնահատել,  թե  որքան  մնաց: Կարծես  գագաթը  մոտ  է, ու այդ  պահին  մի  հսկա  սառցաբեկոր  են  տեսնում, մի  վիթխարի  կոնուս՝ մոտ  100 մետր  բարձրության, ակնհայտորեն  նոր  պոկված, վերևում՝ մաս-մաքուր,թափանցիկ  սապֆիր, դեպի վար  աստիճանաբար  կապտող,  քիչ-քիչ  կապտականաչավունից  մաս-մաքուր  զմրուխտի  անցնող…Դա հրաշալի  բյուրեղ  էր՝ 100 մետր  բարձրության, սառցե  բյուրեղ՝  աներևակայելի  մաքուր  սապֆիրի, կապույտների  և  զմրուխտի  մեջ  լողացող: Դա՝  այդ  տեսարանը, եղավ  առաջինն  ու  վերջինը…Այդպիսի  սառցաբեկոր  կարող  էր  լինել  Անտարկտիդայում, բայց  այնտեղ  արևը  թույլ  է, և  այս  գունային  հրավառությունը  չէր  կարող  ստացվել:Այո՛, քայլ  առ  քայլ  մոտենում  էին  գագաթին,բայց հայացքները  գամված  էր  այդ  հսկա  սառույց- բեկորին, ու  այդ  ընթացքում  ոչ  միայն  հոգնածություն  չզգացին, այլ  նույնիսկ  չնկատեցին, թե  ինչպես  հայտնվեցին  գագաթին…

Միայնակ  մարդն, անշուշտ, սարսափից  կուշաթափվեր: Ներսից  բացարձակ  ուղղահայաց  պատեր  էին  ողջ  շրջագծով՝  սարսափ  ստեղծելու  աստիճան  խորը ՝ մոտ  վեց  հարյուր  մետր: Պատերը  բոլորովին  ուղղահայաց, բոսորագույն- նարնջագույն  կարծր  ժայռեր  էին, իսկ  հատակը..Հատակը  չէր  երևում, ամբողջովին  ծածկված  էր  գալարվող  ու  վեր  բարձրացող  գոլորշու  քուլաներով…Նայեցին  երկար, ու այդ  ընթացքում  մի  պահ  բացվեցին  քուլաները  ու… տեսան  հրաշեկ  խառնարանը. ամբողջովին  հալված  մետաղ՝  նարնջագույնի  ու  կարմիրի  փայլով. դա  հալված  լավան  է, մոտ 30000 –ի  հալված  մետաղ:

Ինչ   խոսք, բոլորի  տրամադրությունը  բարձր  էր, շատ  բարձր…Նույնիսկ  Ռաֆայելոյի… Եսթերան  ամբողջ  ժամանակ  ժպտում  էր, նայում  անխոս, հարցական  հայացքով:Գրիգորը  չէր  փոշմանել  նրան  իրենց  հետ վերցնելով:Եթե  բոլոր  կանայք  նրա  պես  լինեին,սիրեին  բարձրություն, սար, լեռ  ու  սառույց,  ունենային  տարերք, երազ, երևի  թե  աշխարհն  այլ  կլիներ… Հայտնվեցին  գագաթում  անսպասելիորեն, իրենք  էլ   չհասկացան  թե  ինչպես, ու  չորսն  էլ  բղավեցին  միանգամից, ձեռքերը  վեր  նստեցին  անակնկալից, փաթաթվեցին  իրար,բոլորի  դեմքին  ծիծաղ  էր, երջանկացած  եղածով…Հոգնությունը  չքացավ  մի  ակնթարթում…

Վերջապես  եկավ Գուրզադյանի հիմնական  քալը  կատարելու  ժամանակը,այնտեղ՝  գագաթին, քայլ, որի  մասին  նա  այսքան  երկար  լռել  էր: Հանդիսավոր  ձայնով  նա  դիմեց  ընկերներին՝  շրջանաձև  նստել   իր  դիմաց՝  մի  ձեռքով դեպի   իրեն  քաշելով  իր  ուսապարկը, իսկ  մյուսով   մտցնելով   ձեռքն  ուսապարկի  մեջ: Հաջորդ  ակնթարթին  Գրիգորն  անշտապ, զգուշորեն  դուրս  քաշեց  թևը, ու  ձեռքին՝  շողշողուն  շիշը  հայկական  կոնյակի… Շիշը  մաքուր  ոսկեգույն  հայկական  կոնյակի…Այդ  պահին  բոլորի  բերանից  աննկարագրելի  ճիչ  դուրս  թռավ…Տիեզերական  պահ  էր…Աստվա՛ծ  իմ,  միայն  ա՛յդ  գոռոցի, ա՛յդ  արձագանքի  համար  արժեր  հասնել  երկրագնդի  այն  կեսի  վրա  գտնվող  Մեքսիկա  կոչված  երկիրը  ու  հայտնվել   Պոպոկատեպետլի  գագաթին… Արևը շողշողում  էր  այրելու  աստիճան…Շիշը  մեկնեց  Ալվարեսին՝  ձեռքով   հասկացնել   տալով, որ  բացի…Զարմացավ. նա  կարծում  էր՝  շիշը   կբացվի  վայրէջքից  հետո  միայն…Գրիգորը  կրկին  շարժեց  ձեռքը…Ալվարեսի  դեմքին   երևաց  մի  աննկարագրելի  ժպիտ, ինքը՝  Ալվարեսը, բացելու  է  այստեղ՝  առասպելական  Պոպոկատեպետլի  գագաթին՝  խառնարանի  եզրին, շիշը՝  հայկական  կոնյակի… Առաջին  շիշը՝  հայկական  կոնյակի՝  այս  առասպելական  գագաթին: Շգիտես  որտեղից  Եսթերան  գտավ, հանեց  չորս   բաժակ…Բաժակները  լցվեցին, ջարդվելու  աստիճան  շրխկացրին  իրար:Կրկին լսեցին  խառնարանի  այն  ծայրից  եկած  արձագանքը…Այնուհետև  Գուրզադյանն  ուսապարկի  միջից  մի  կտոր  թուղթ  գտավ  ու  նաև  մի  գրիչ: Երեք  լեզվով՝ հայերեն, անգլերեն, իսպաներեն, գրեց  իրենց  ազգանուններն  ու  այնտեղ՝  գագաթին, այսինչ  թվի  այսինչ  օրը  հայտնվելու  հանգամանքը…Այդ  թղթի  կտորն էր  նրանց  բրոնզե  տախտակը…Որքան  հնարավոր  էր  խնամքով  փաթաթեց  երկար  փաթեթի  տեսքով  ու  շշի  բարակ  անցքով  ներս  խցկեց…Լավ  է, որ  շշի  խցանը  չէին  նետել, շիշն  ամուր  փակվեց, և Ալվարեսը, չգիտես  որտեղից, գտավ  մետաղալար , ու  շիշը  կախեցին  մետաղյա  սյանը…Ալվարեսն  ու  Ռաֆայելոն  նաև  նկարեցին շիշը՝  սյանը  կապված, այնտեղ՝  ընդարձակ  կապուտակ  երկնքի  ֆոնի  վրա…

Չգիտեմ՝ Գրիգոր  Գուրզադյանից  առաջ  եղե՞լ  է  որևէ  հայ  Պոպոկատեպետլի  գագաթին  հասած ( հազիվ  թե), բայց  որ  հայկական  կոնյակը  հասավ  այդ  կատաղի  լեռան  գագաթն  առաջին  անգամ, դա  հաստատ  է: Մե՞ծ  բան էր  դա, չգիտեմ, բայց  գիտեմ, որ  ամեն  հայ  կուզենար, կերազեր  իր  ձեռքով  առասպել   դարձած  շիշը՝  հայկական  կոնյակի  շիշը, հասցնել   այնտեղ՝ գագաթը…

 

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել