ՀԱՅ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՎԱՐԴԸ

ՀԱՅ ԷՍՏՐԱԴԱՅԻ ՎԱՐԴԸ

1682

Ցավոք պատահում է, որ արվեստագետն առաջնորդվելով միայն առաքինի և վեհ գաղափարներով դուրս է մնում ստեղծագործական կյանքից: Ու այդպես պատահեց մեծատաղանդ երգչուհի Վարդուհի Վարդանյանի հետ: Շնորհալի աղջնակն ավարտելով Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի «Անգլերեն և քաղաքագիտություն» բաժինը, նախ աշխատանքի է անցնում Պուշիկինի անվան թիվ 8 դպրոցում: 1991  թվականին ընդունվում է «Հայաստանի երգի պետական թատրոն», 1999 թվականին «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության» շրջանակներում արժանանում է Հայաստանի լավագույն երգչուհի տիտղոսին: 1997 թվականին Վարդուհին ամուսնանում է Արամ անունով մի երիտասարդի հետ, որին դեռ դպրոցական տարիներից էր ճանաչում:

Արամի հետ միշտ «կլաս» էին խաղում: Ամուսնությունից մեկ տարի անց ծնվում է նրանց միակ որդին, ում անվանակոչում են Վարդուհու հոր՝ Ռուբեն Վարդանյանի անունով: 2003 թվականին Վարդուհին թողարկում է իր առաջին ձայնասկավառակը՝ «Խառնաշփոթը», որտեղ ներգրավվում են նրա ճանաչված հիթերից տասներեքը: «Կյանքում ոչինչ պատահական չի լինում, ոչ մի հանդիպում, ոչ մի վեճ և վերջապես՝ ոչ մի ընկերություն պատահական չի լինում, կյանքում ամեն բան լինում է կանխորոշված», մի առիթով ասում է Վարդուհին:

«Իմ վեցերորդ զգայարանը շատ վատ է աշխատում, հաճախ եմ սխալվում, եթե կա երկու ճանապարհ՝ մեկը ճիշտ,  մյուսը սխալ, ես անպայման սխալով պետք է գնամ, հետո նոր քայլեմ դեպի ճիշտը: Եթե չորս աթոռից մեկը ջարդված է, ես անպայման հայտնվում եմ հենց այդ մեկի վրա, իսկ, երբ կանգնում եմ երկընտրանքի առաջ, նախ փորձում եմ ինքնուրույն գլուխ հանել, ապա մայրիկիս եմ դիմում՝ ով գրեթե միշտ ճիշտ է: Լինում են պահեր, երբ չեմ լսում մորս ու վերջում անպայման զղջում եմ», իր վերջին հարցազրույցի ժամանակ նշել է երգչուհին:

«Էքստրիմի սիրահար էր Վարդուհին, – ասում է Անիտա Հախվերդյանը,- մեծահոգի էր «Թութուշը», առաջին հերթին տարբերվում էր իր «մարդ» տեսակով, նպատակասլաց էր, վառ անհատականություն էր, ուրիշի ցավով ապրող, սրտաբաց…»:

Ա. Հախվերդյանի խոսքով այս ասպարեզում գոյություն ունի մրցակցություն, խանդ ասվածները, ինչն իսպառ բացակայում էր Թութուշի մոտ: Վարդուհին ոչինչ հենց այնպես չէր անում, սրտանց էր նրա ամեն մի քայլը, սրտանց լաց կլիներ, սրտանց կուրախանար, կպարեր: Կայուն մարդ էր Վարդուհին, փխրուն, անձնազոհ:

Նույնիսկ այդքան անձնազոհ լինել երևի թե չէր կարելի:

Երբեք չէր խանգարում նրան լավ վերաբերվել անգամ նրանց, ովքեր լավ չէին վերաբերվում հենց իրեն:

Ներքին հրաբխային մարդ էր նա, միայն զգայուն մարդիկ կարող էին դա հասկանալ:

Շատ էր սիրում խաղեր: Խաղում էր թղթախաղ (մաֆիա): Բազմաբովանդակ էին երգչուհու ծրագրերն ու նպատակները:

Դեռ որքան ճանապարհ ուներ անցնելու, որքան ծրագրեր անկատար մնացին: Ցավոք ամբողջովին չհասցրեց բացվել հայ էստրադայի կոկոն վարդը: Նրա հիշատակը միշտ վառ կմնա, նրան ճանաչողների և հայ երգարվեստը սիրող մարդկանց սրտերում…

 

Հայկ Գևորգորյան

3-րդ կուրս

Կիսվել