«ՅՈԹ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՍ»

«ՅՈԹ ՈՐԴՈՎ ՍԵՂԱՆ ՆՍՏԵՍ»

5313

Հայաստանում դեռ հին ժամանակներից տղա զավակ ունենալու «մուլուցքը» մեծ տարածում է գտել։ Սա են փաստում հին, հայկական ու ավանդական ասացվածքները։ Շատերս երևի լսած կլինենք «Տղա ունեցողին` հալվա, գաթա, իսկ աղջիկ ունեցողին` մկան ծերտ», «Յոթ որդով սեղան նստես», «Աղջկա տերը դունչը հուփ կուտա» (այստեղ դունչը հուփ կուտա կապակցությունը օգտագործվում է դժբախտություն բերելու իմաստով) ասացվածքները։

Խնդիրը մինչև օրս էլ արդիական է, քանի որ հիմա էլ հայերի մեծ մասի համար տղա երեխա ունենալը մեծ երջանկություն է, իսկ երբ նա հենց առաջնեկն է,  ուրախությունը կրկնապատկվում է, եթե ոչ, եռապատկվում։

Ազգագրագետ Թամարա Զաքարյանն նշում է, որ տղա ունենալու անհագուրդ ցանկությունը տոհմը, ազգանունը շարունակելու մտահոգությունից է գալիս։
25-ամյա Կարինե Նավասարդյանը երկու տարի առաջ դիմել է վիրաբուժական միջամտության երեխային հեռացնելու նպատակով։ Պատճառը երեխայի սեռն էր։ «Ինձ բժիշկը նախազգուշացրել էր բոլոր հնարավոր վտանգների մասին, բայց ամուսինս ու սկեսուրս ինձ ստիպեցին դա անել։ Շատ եմ զղջում արածիս համար, քանի որ այլևս մայրանալ չեմ կարողանում։ Հիմա եմ հասկանում, որ երեխայի ծնվելու կամ չծնվելու հարցը չպիտի որոշվի նրա սեռով»։

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ–գինեկոլոգ Անահիտ Սեյրանյանը նշում է,որ հիվանդանոցի բակում էլ, երբ իմանում եմ որ արու զավակ են ունեցել, շատ են ուրախանում։ Բայց ուրախ եմ, որ օր օրի սերունդի մտածելակերպը փոխվում է։ Այլ կերպ են սկսում հարցին նայել»։

20-ամյա Գոհար Արիստակեսյանը մի քանի ամիս առաջ է իր զավակին լույս աշխարհ բերել։ «Փոքրիկիս անունը որոշեցինք Դանիել դնել։ Ամուսինս շատ էր ուզում, որ իր առաջնեկը տղա լինի։ Փառք Աստծո, որ ստացվեց։ Հակառակ դեպքում, չգիտեմ, թե ինչ կլիներ։ Իմ ամուսնանալուց հետո էլ սկեսուրս ինձ հորդորում էր ամեն ինչ անել, որ իր առաջին թոռը տղա լինի»։

Շատ հայ ընտանիքներում է այս հարցը արդիական։ Սկեսուրները մեղադրում ու կշտամբում են իրենց հարսներին նրա համար, որ իրենք չեն կարողանում տղա երեխա ունենալ։ Սակայն գինեկոլոգ Անահիտ Սեյրանյանը մանրամասնում է. « Երեխայի սեռը պայմանավորված է միմիայն տղամարդուց։ Այստեղ կինը ընդհանարապես կապ չունի։ Հետո էլ, աղջիկ ունենալուց լավ բան չկա»։

Սուսաննա Ստեփանյանը վեց դուստր ունի։ Պատմում է, որ իր ողջ կյանքը մղզավանջ է եղել այդ պատճառով։ «Երբ իմացանք, որ աղջիկ ենք ունենալու, ես շատ ուրախացա, բայց ամունուս ռեակցիան ինձ համար շոկային էր։ Ինձ ստիպում էր աբորտ անել, բայց ես չարեցի։ Դրանից հետո ևս հինգ դուստր ունեցա, նրանցից երկուսը երկվորյակներ են։ Ամուսինս անգամ սրտի կաթված էր ստացել այդ լուրն իմանալով։ Միևնույնն է,  ես չեմ զղջում արածիս համար։ Թեպետ դժվար էր, բայց ես կարողացա նրանց մեծացնել։ Ես հպարտ եմ իրենցով։ Հազար հատ արժեն աղջիկներս»։

Բանագետ Սվետա Վարդանյանը ասում է, որ հայկական օրորոցային երգերում պահպանվել են աղջիկ երեխայի հանդեպ նահապետական հայ ընտանիքի ժխտողական վերաբերմունքը և տղաների մեծարումը` որպես օջախի սյան: Որոշ երգերում մայրը դառնությամբ է օրոր ասել աղջիկ երեխային, 1890-ական թվականներին բանահավաք Գևորգ Շերենցը մի օրոր է գրառել, որտեղ մայրը երեխային օրոր է ասում նման բառերով.

Նա~-նա~-նա~, նաներ լաճիկ,

Գրողը գեյր տաներ աղջիկ,

Տերտերը գեյր հողեր աղջիկ,

Աղջիկ հող, հողն ի վերեն,

Նեկ տապանիկ` սալն էլ վերեն,

Ոչ մեկ մարդ կուլեր վերեն:

32-ամյա Սևանուհի Հարությունյանը  մի դուստր ունի, ում Տիգրանուհի են անխանակոչել։ «Դե, ինչ մեղքս թաքցնեմ, մենք որդի էինք ուզում ունենալ, ու իրեն անունը Տիգրան դնել, բայց դեպքերի այլ կերպ դասավորվեցին ու ըստ այդմ նրան անվանադրեցինք Տիգրանուհի»։

Գինեկոլոգ Հակոբյանը գիտի, թե ինչպես օգնել տղա զավակ ունենալ ցանկացողներին:  «Կան չինական և ճապոնական օրացույցներ, որոնցով կարելի է հաշվարկել և իմանալ երեխայի սեռը։ Հավանականությունը կազմում է 75 տոկոս, ես շատ եմ փորձել հաշվել, և, պատկերացրեք, հազվադեպ է սխալ դուրս եկել։ Եթե զույգն ուզում է արու զավակ ունենալ, ապա կինը պետք է մի քանի ամիս առաջ սկսի ավելի շատ կծու, թթու սնունդ օգտագործել, իսկ ամուսինը պետք է գոլ ջրով լողանա և թույլ անդրավարտիք և տաբատ հագնի»։

Վաղ 1990-ականներից ի վեր, Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը՝ 2015 թ.-ին կազմելով 114 տղա՝ 100 աղջկա դիմաց: Մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Այսինքն՝ մենք ունենք շեղում և եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, ապա ըստ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների, մինչև 2060 թ-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր։

Խնդիրը նաև արտերկրում է առկա։ Հայատանից բացի նաև Չինաստանը, Հոլանդիան, Իրաքը ևս համարվում են այսպիսի երկրներ։ Իրաքում անգամ մինչև երեխայի ծնունդը ծնողներին չեն ասում նրա սեռը։

Նշենք, որ ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին  նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել սեռով պայմանավորված հղիության ընդհատումը, ինչպես նաև մի շարք այլ կանխարգելիչ միջոցներ են նախատեսվում:  Օրինակ, հղիության արհեստական ընդհատման ահմար դիմած  կնոջը վերջնական որոշում կայացնելու  համար տրամադրվելու է  երեք օր, նաև նրանից գրավոր համաձայնություն է  պահանջվելու:

Օրինագծի հիմնավորման մեջ, ասված է. «Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես. 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա): Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր): Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում  մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման,  և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման»:

Օրինագիծն Ազգային ժողովի օրակարգում է անցյալ տարվանից:

 

Մայա Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել