ՌԵՄԱՐԿԻ «ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆ» ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԵՆ

ՌԵՄԱՐԿԻ «ԵՐԵՔ ԸՆԿԵՐՆ» ԱՅԺՄ ԱՐԴԵՆ ՀԱՅԵՐԵՆ

1589

Գրքերը մտքի նավերն են, որոնք թափառում են ժամանակի ալիքների վրա և իրենց  «թանկարժեք խորհուրդը» փոխանցում սերնդեսերունդ: Լավ  գիրքը  իրական  զրույց է խելացի մարդու հետ: Նրանից  ընթերցողը  ստանում է կյանքը հասկանալու ունակություն և նույնիսկ կյանքի որոշակի փորձ: Շատերի համար, թերևս, նման զրույց է ապահովում «Երեք ընկեր» վեպը: Այսուհետ ամենաընթերցվող վեպը հայերեն թարգմանությամբ գրքասերների սեղանին է: Աշխարհում ամենասիրելի ու ընթերցվող վեպերից մեկը՝ Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը, թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ  դեկտեմբերի 16- ին, ժամը՝ 16:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Թարգմանությունը կատարվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գերմաներենից թարգմանության հեղինակը Վանուհի Բաղմանյանն է:

Հրատարակիչների խոսքերով, եղել են հրապարակման որոշակի խնդիրներ: Վերջիններս պայմանավորված են եղել երկու հանգամանքով: Նախ այն, որ հեղինակի գրքերը 1933-ին նացիստներն այրել են հրապարակավ՝ Ռեմարկին համարելով հրեաների ժառանգորդ: Երկրորդ՝ վեպում արծարծված  թեմաները, որոնք բողոքի ինքնատիպ ձև են Առաջին աշխարհամարտի սոսկալի  հետևանքների դեմ: 1933-ին Ռեմարկը ներկայացրել է վեպի միայն մաքրագիրը «Պատ» վերնագրով: 1936-ին արդեն, վեպը հրատարակվեց «Երեք ընկեր» վերնագրով: Մինչ գերմաներեն հրատարակումը, վեպը թարգմանվել է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով:

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող երիտասարդների մասին է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի և Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է  պատերազմի դաշտում: Կորցնելով բազում հարազատներ, տեսնելով մահ, պայքար կյանքի համար, ցավ, զգալով  վախն իր ամենասաստիկ արտահայտմամբ՝ երեք ընկերներն ամուր կառչած են միմյանց: Նրանց հիշողությունների, տառապանքների  ակունքն ու ճակատագիրն ունեն նույն տեսքը:

Ռեմարկի «Երեք ընկեր» վեպը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջությամբ կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում իր բազմաշերտությամբ, որն էլ վեպը սիրելի է դարձնում այն ընթերցող  յուրաքանչյուր անհատի համար:

 

Արաքսյա Սահակյան

3-րդ կուրս

Կիսվել