Դղրդացող ճանապարհը բացում է ոչ այնքան խորը քնից փակված աչքերս: Ջավախքի հարթավայրերից անդին, հեռու լեռների ետևից բարձրացած արևը ճեղքել է պատուհանն ու այրում է կամ չի այրում. ինքս էլ չեմ հասկանում: Մեզ ասում են, որ անցնում ենք Աշուղ Ջիվանու գյուղի կողքով: Գյուղ՞ի: Տանիքների վրա պատած մամուռը վաղուց դարձել է բարձրահասակ խոտ: Ասես այդ գյուղի տները խոնարհվել են ինչ-որ բանի առաջ: Ես նայում եմ վերև, հեռու ու հենց իմ դիմաց երևում է հպարտ կանգնած ամայությունը: Գյուղո՞ւմ: Չէ այդպիսի գյուղ չի լինում: Արևն արդեն բավական բարձրացել է: Այն այրում է կամ չի այրում. ինքս էլ չեմ հասկանում:
Շուտով հասնում ենք անցակետին: Մեզ հորդորում են լինել կարգապահ, քանզի գտնվում ենք օտար երկրում: Օտար երկրո՞ւմ: Իսկ ես գիտեյի, թե գնում ենք մեր հայրենի երկրի մի մաս, մեր հայրենի հողակտոր… Անցակետի կամարներից վար` հենց դռների վերևում կախված է Թուրքիայի դրոշը: Մի տեսակ ճնշում ես զգում: Ասես Մելիքի սուրը լինի, որ գլուխ խոնարհելով պիտի անցնես: Րոպեներն անցնում են ու ճնշող տրամադրությունը մի պահ փոխվում է հետաքրքիր խանդավառության: Մենք ուրախ անցնում ենք երկար միջանցքով ու ժպիտով նայում հեռուն: Մոտենում է ավտոբուսն ու բոլորը հարմար տեղավորվում են: Բարձրանում է թուրք վարորդը, միացնում թուրքական երաժշտությունը: Քիչ հետո ավտոբուսի ետնամասից բարձր հնչում է ազատագրական երգերի մի ամբողջ շարան: Կռիվը սկսվում է…
Տեսարանները փոխվում են արագ-արագ: Մենք լայնացրած աչքերով նայում ենք պատուհանից դուրս` փորձելով բաց չթողնել ոչինչ: Ամեն ինչ նույնն է. նույն քարը, նույն օդը, նույն սարն ու ձորը: Եթե հերթով նայելու լինեինք, բոլորի աչքերին հստակ կտեսնեինք, թե կարոտն ինչ տեսք ունի… Լռությքան միջից մաշկիս վրա զգում եմ սուր ծակոց: Արևն էր, որ այրում էր վերևից…
Ճնապարհը երկար էր, ասես առանց վերջի: Մենք փորձում էինք նայել այդ սուրբ հողի ամեն մի պատկերին, սակայն թմրությունը պատում էր մեզ ու միայն երեկոյան հեռանում: Ու հենց այդ ժամանակ տիրում էր հրճվանք: Հայակական բոլոր երգերից մի-մի կտոր լսել էր Արևմտյան Հայաստանի սառը օդը: Հաղթական տրամադրությամբ մենք մտնում ենք Վան: Վա՞ն: Մութն էր, թե սաստիկ լույսը, որ ցրում էր ամեն տեսանելի բան: Դա գունավոր շենքերից բաղկացած քաղաք էր, ամբողջովին լցված թուրքական դրոշներով, որոնց կարմիր գույնը խելագարության էր հասցնում մեզ: Շարժվում էր ամեն ինչ: Կողքից խոսում էին ցածր, բարձր, անհասկանալի տխուր կամ ուրախ: Իսկ դու չէիր հասկանում. դու գտնվում ես, թե չես գտնվում:
Հաջորդ օրը տրամադրությունն այլ էր: Թուրքը մեր աչքին չգիտես ինչու բարի էր ու մենք ներողամտաբար էինք մոտենում նրանց: Ավտոբուսի մեջ առանց ընդհատման հնչում էր թուրքական մուղամը: Քաղաքի ամենագեղեցիկ ու փառավոր տեղում կանգնած էր Վանի ամրոցը: Ամենահամառ երիտասարդները պարզում են եռագույն դրոշն ու հպարտ լուսանկարվում: Իսկ հսկիչը մեղ անհասկանալի լեզվով ինչ-որ բան էր բարբաջում: Սակայն այդ պահին դա մեզ չէր հուզում: Տիրած ոգևորությունը խառնվում է հպարտությանն ու քոչարիի հնչյուններով պարիսպների ներքո` դղրդում են երիտասարդների ոտքերի տակ գտնվող քարերը: Մի հին շունչ ենք նվիրում Վանին, մի հին կարոտի պատառիկ: Ու նա ի պատասխան` մեզ է պարգևում Բզնունյաց ծովից պոկված սառը քամին…
Անձրևը գալիս է կամ չի գալիս: Իսկ քամին ահարկու ալիքների հետ մեզ տանում է դեպի Աղթամար: Ոչ մի տեսախցիկ ի զորու չէր պատկերավորելու հեքիաթային ծովն ու կզղին: Միայն աչքերն էին, որ տեսնում էին ու փոշմանանքի հատիկների հետ լուռ հառաչում: Իսկ ականջներում լսվում էր եկեղեցու ձայնը, որ դուրս էր գալիս տասնյակ երիտասարդների բերաններից…
Ճանապարհը կրճատվում է կամ չի կրճատվում: Այն մեզ վաղ առավոտյան հասցնում է Մուշ: Մո՞ւշ: Փողոցի աղմուկն էր, թե ահավոր աղբը, որ իրենց տակ էին թողել հայկական ամեն ինչ: Բլրի վրա երևում էր Գևորգ Չաուշի տապանաքարը: Անշքության մեջ մենք կամաց երգում էինք. Ելի՛ր Գևորգ, ելի՛ր, դուշմանը շատ է…
Գետը հոսում էր վեր կամ վար: Մինչև չկանգնեիր չէիր հասկանա Արաքսի ուղությունը: Այն պղտոր էր, ցեխագույն, բայց այնքան համահունչ կիրճին, որ թվում էր` շարժվող կտավ ենք տեսնում:
Կարոտն այրում էր կամ չէր այրում. Մենք էլ չենք հասկանում: Մեր առջև խոյանում է Անիի պարիսպը: Մի տեսակ դողով ներս ենք մտնում: Քամին էր, թե մոխրագույն ամպերը, որ մեզ էին ներկայացնում Անին իր ամբողջ վեհությամբ: Վեհությա՞մբ: Այո՛, վեհությամբ: Դա կիսաքանդ եկեղեցիներից կառուցված քաղաք չէր, դա քաղաքների մայրն էր, դա քարի ու հայի դարավոր բարեկամության արգասիքն ու կենդանի վկան էր, դա հույսերի, հախուռն կրքերի ու մեծ, շատ մեծ հավատի կնիքն էր: Օդը իր սառնությամբ քեզ կանգնեցնում է ու յուրքահատուկ դող մտցնում մարմնումդ: Դիմացդ` Ախուրյանից այն կողմ, քո երկրի սահմանն է. Դու չես հասկանում` դու գտնվում ես, թե չես գտնվում…
Անցակետի երկար միջանցքն էլ ասես թաղման թափորի երթուղի լինի: Այդ միջանցքում մենք թողնում ենք բազում ափսոսանքի հառաչանքներ ու տնից տուն վերադառնում ունայն ձեռքերով` առանց ոչնչի:
Մարի Արշակյան
2-րդ կուրս