Տոները մոտենում են ` իրենց հետ բերելով ծախսեր , ծախսեր ու էլի ծախսեր: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց հետևյալը , որ ամանորյա սեղանի գինն ու որակը դառնում է ընտանիքի պարագլուխների ողջ տարվա աշխատանքի գնահատականը:
«Հայաստանում մեկ շնչին ընկնող եկամուտը 10% – ով իջել է, գումարային փոխադրումները ՌԴ – ից պակասել են, քանի որ ընտանիքների քանակը կրճատվել է, ընտանիքներին տարել են Ռուսաստան»,- իր խոսքում նշեց պարոն Ադիբեկյանը: Բացի այդ, սոցիոլոգը նշեց, որ գների բարձրացումը ազդել է սեղանի որակի վրա: «Եթե մսի գին է բարձրանում, ուրեմն սեղանին պատրաստված ամեն ինչ թանկանում է, նույնը այլ սննդամթերքների վերաբերյալ կարող ենք ասել: Մի քանի հարյուր ապրանքատեսակների գների թանկացում կա, թեկուզ չնչին տոկոսով, բայց ազդում է», – նշեց նա ` հաշվելով, թե 5 հոգանոց ընտանիքը ինչքան գումար պետք է ծախսի սեղան գցելու համար. «Հինգ հոգանոց ընտանիքի համար սեղան գցելու առավելագույն արժեքը կկազմի 50 հազար դրամ, բայց հյուրեր էլ են գալու, այսինքն` սեղանը ոչ թե 5, այլ ամենաքիչը` 15 հոգու համար պիտի լինի, այսինքն ծախսն էլ եռապատկվում է» ,- հաշվարկեց սոցիոլոգը:
Պարոն Ադիբեկյանը նշեց, որ շատ ընտանիքներ բանկերից վարկ են վերցնում, պարտք են անում Ամանորի համար ու գարնան վերջ ընտանիքների սննդի վիճակը վատանում է: Ըստ սոցիոլոգի Հայաստանում բնակչության 10 %- ը աղքատ է, մյուս 10%- ը կարող է նշել ամանորը` գնալով Ծաղկաձոր կամ այլ երկիր, 5%- ը սննդի այլ օբյեկտներում են նշում: Մյուս մասն էլ իր եկամուտը ծախսում է սեղանը ավելի մրցակցային պատրաստելու համար:
Մերի Կիրակոսյան
3-րդ կուրս