Մարդկանց առողջությունն ու կյանքը մեծապես կախված են սննդի որակից: Դրան առնչվող հարցերը բոլոր ժամանակներում առաջնային են:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումները տարաբնույթ են. դրանք վերաբերում են ապրանքի պահման պայմաններին, մակնշմանը, պիտանիության ժամկետին, փոխադրմանը: Արտադրական գործընթացում անհամապատասխանություններն ավելի շատ են:
«Արտադրությունները, ըստ էության, բացառապես պետական վերահսկողության և մասնավորի ինքնավերահսկման ներքո են, և հանրային վերահսկողությունը բացակայում է, չկա հանրային վերահսկողության գործիքակազմ, իսկ որտեղ այն չկա, անտեսանելի խնդիրներն ավելի շատ են»,- մեզ հետ զրույցում նշեց նա:
Խախտումներով սննդամթերքը մի դեպքում միանգամից է վնաս հասցնում առողջությանը (օրինակ՝ ինֆեկցիոն հիվանդությունները), մյուս դեպքում՝ աստիճանաբար և ունենում է կուտակային ազդեցություն:
«Աղեստամոքսային տրակտից սկսած՝ մենք կարող ենք խախտումներ ունենալ, եթե սանիտարական ցուցանիշների խախտման հետ գործ ունենանք, և ծանր մետաղների, պեստիցիդների աղտոտվածությունը ընդհուպ քաղցկեղի պատճառ կարող է լինել»,- ասաց Բաբկեն Պիպոյանը:
Սպառողները մեր հարցումների ընթացքում նշեցին ոլորտում ամենից շատ հանդիպող խնդիրները՝ ապրանքի ժամկետանց լինելը կամ ժամկետի բացակայությունը, վաճառքի կետերում սանիտարական ցուցանիշներին չհետևելը, փաթեթավորման հետ կապված խնդիրները:
Սննդի անվտանգության տեսանկյունից մեծ ռիսկեր է պարունակում հատկապես փողոցային առևտուրը, քանի որ այդ շղթայում շրջանառվող և իրացվող սննդամթերքի համար ծագման աղբյուրը հասկանալը կամ բացահայտելը գրեթե անհնար է: Սննդամթերքի գնորդների 54%-ը մթերք է գնում արտադրող ֆերմերներից կամ նրանց մթերքների վերավաճառողներից փողոցային առևտրի պայմաններում: Մթերքների թվում են միրգը, բանջարեղենը, կանաչին, ձուկը, թարմ միսն ու կաթնամթերքը: Փողոցային առևտրից օգտվելուն Երևանում համեմատաբար քիչ են հակված` 33%, իսկ մարզերի քաղաքներում և գյուղերում` ավելի շատ, համապատասխանաբար` 61% և 72% (սոցհարցումն իրականացրել է «ԱՄ Փարթնըրզ քոնսալթինգ քամփնի» ՍՊԸ-ն 2015 թվականին):
Հետևողական լինելու դեպքում սպառողը կարող է խնդիրների մի մասից խուսափել: Պետք է միայն զգոն լինել, չօգտվել կասկածելի ծագում և պահման պայմաններ ունեցող սննդամթերքից, իսկ խախտում նկատելու դեպքում անպայման ահազանգել:
Թամարա Գասպարյան
3-րդ կուրս