ՌԵԱԼԻՍՏԻ ԱՉՔԵՐՈՎ

ՌԵԱԼԻՍՏԻ ԱՉՔԵՐՈՎ

2028

Դողացող ձեռքեր, սառած ոտքեր, ինքնտիրապետման կորուստ, սարսափահար հայացք․ չենք շնորհավորում ձեզ, դուք, մեղմ ասած, վախեցած եք։

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում երբևէ ինչ-որ վախ է ապրում։ Եթե վախը պաշտպանական ֆունկցիա է կատարում, դրանից խուճապի մատնվել պետք չէ։ Սակայն հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ  վախը վերածվում է ֆոբիայի։

ՎԱ՞Խ ԹԵ՞ ՖՈԲԻԱ

-Վայ, այն միտքը, որ հնարավոր է սենյակում մուկ լինի, հերիք է, որ ես բավական երկար ժամանակ ոտք չդնեմ տվյալ սենյակ կամ մտնելիս էլ սիրտս սկսի շատ արագ աշխատել,— Տաթևին իր կյանքի 23 տարիների ընթացքում ամենից շատ վախ են պատճառել հենց մկներն ու մկների մասին մտքերն ու երազները։

Վախը ֆոբիայի է վերածվում այն ժամանակ, երբ տվյալ իրավիճակի դեպքում նորմալ ռեակցիան էապես չափազանցված է կամ անհիմն: Խավարասերը, իհարկե, հաճելի տեսք չունի, սակայն չի կարող մեզ վնասել, իսկ եթե խավարասերի մասին ցանկացած հիշատակում տագնապ է առաջացնում, ապա դա արդեն որոշակիորեն ֆոբիա է:

Հոգեբան Արմեն Սարգսյանը փորձեց հնարավորինս մատչելի տարբերակել վախերը ֆոբիաներից․

-Վախերը և ֆոբիաները տարբեր են։ Ֆոբիան հոգեբանական խանգարում է, խիստ արտահայտված համառ ու կպչուն վախ,  այսինքն մարդն ունենում է հիվանդագին վախի զգացում և որոշ իրավիճակներում ընդհանրապես չի կարողանում իրեն տիրապետել։ Այս խանգարումները հիմնականում առաջանում են բարձր հուզականության տեր մարդկանց մոտ։

Հարուստ երևակայություն ունեցողները նույնպես հակված են ֆոբիաների, քանի որ նրանց համար դժվար է երևակայականը տարբերել իրական վտանգից: Ու այդ մարդիկ վախենում են այն բանից, ինչն իրականում գոյություն չունի: Ստացվում է, որ  ֆոբիան վախ է վախի հանդեպ, մարդը վախենում է վախենալուց:

Մոլորակի բնակչության 10%-ը տարբեր ֆոբիաներով է տառապում: Բոլոր վախերի հիմքում իրական հիմքեր կան, այսինքն՝ հենց այնպես չենք վախենում ինքնաթիռից կամ բարձրությունից, օձերից ու առնետներից:  Եթե մարդը վախի պատճառը չի գտնում, գուցե այն մանկության տարիների մեջ է թաքնված: Վախը կարող է նաև գենետիկ ինֆորմացիա լինել, այդ դեպքում մասնագիտական մոտեցում է  անհրաժեշտ։

-Հո դու երեխա՞ չես, մա՞րդ էլ մկից կվախենա կամ ընդհանրապես ոնց կարելի ա ինչ-որ կենդանուց վախենալ, այ օրինակ ես ոչ մի բանից չեմ վախենում, հա՜, լավ, մենակ մեր դպրոցի պահակից, -ծիծաղով հանգստացնում էր Տաթևին 17 ամյա Նարեկը։

Դրան հակառակ՝ անվախությունը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, օրինակ՝ օձի նկատմամբ անտարբերությունը կարող է հանգեցնել թունավոր խայթոցի: Չի կարելի երևակայել, որ անխոցելի ենք: Վախն ու զգուշավորությունը տարբեր բաներ են: Ցանկացած գործողություն կատարելիս պետք է զգուշանալ, բայց չվախենալ:

ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՎԱԽԵՐԸ

Ինչպես ասում են ընկերովի մահը հարսանիք է, մանավանդ, որ ընկերներդ էլ այս իմաստով հանարճանաչ մարդիկ են։ Հայտնիներն իրենք իրենց էությամբ տարբեր լինելով, տարբերվում են նաև իրենց ունեցած ֆոբիաներով։ Վառ օրինակ է ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանը, նա ողջ կյանքում հաղթահարում էր դիպչելու վախը։ Նկարչի վախն առաջացել էր այն բանից հետո, երբ աստիճաններով իջնելու ժամանակ նրան հարվածել էր բազրիքով ցած սահող երեխան։

ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ունի բավականին օգտակար ֆոբիա. նրան վախեցնում է խառնաշփոթը: Այդ պատճառով նա միշտ ամեն ինչ դասավորում է՝ շորերն ըստ գույների, սառնարանում ամեն ինչ իրար հավասար են, անգամ մթերքի քանակը:

Ռուս գրող Նիկոլայ Գոգոլը վախենում էր, որ իրեն կարող են թյուրիմացաբար կենդանի-կենդանի թաղել, ուստի իր մտերիմներին բազմիցս զգուշացրել էր, որ իրեն թաղելուց առաջ հավաստիանան, որ իսկապես մեռել է:

Իսկ 42-ամյա դերասան Լեոնարդո Դիկապրիոն վախենում է ծերանալ։ Դեմքի և մարմնի երիտասարդացման միջոցների համար դերասանն ամսական 25 հազար դոլար է ծախսում:

Յուրաքանչյուրս էլ մեր կյանքում վախեր ունենում ենք, սակայն պետք է կարողանալ ամեն պարագայում պահել հավասարակշռությունը և սթափ ուղեղով փորձել հնարավորինս շուտ ազատվել դրանցից, քանի որ այդ մեր կյանքի բնականոն ընթացքին միայն ու միայն խանգարում է։

Դեռ 10 տարի առաջ գիտությունը բացահայտել էր վախի 300 տեսակ, իսկ այսօր այդ թիվը գերազանցում է 1000-ը։

ԻՆՉՊԵՍ ԱԶԱՏՎԵԼ ՎԱԽԵՐԻՑ ԵՎ ՖՈԲԻԱՆԵՐԻՑ

Պարոն Սարգսյանը մեզ վստահեցրեց, որ ֆոբիան հաղթահարել հնարավոր է․

-Նախ պետք է վանել սարսափելի, բացասական, տհաճ մտքերը: Երբ երևակայությունը սկսում է սարսափազդու պատկերներ ուրվագծել, ապա պետք է փորձել այդ պատկերները վերաձևել, վերափոխել ու կենսուրախ երանգներով ներկել, զվարթ բաների մասին մտածել, պայքարել վախի դեմ, թույլ չտալ, որ դրանք մուտք գործեն երևակայություն:

Իսկ երբեմն էլ վախը հաղթահարելու համար պարզապես հարկավոր է դրանց դեմ առ դեմ հանդիպել: Այն մարդիկ, ովքեր ֆոբիայով են տառապում, պարզապես խուսափում են այն իրավիճակներից, որոնցից ամենից շատ են վախենում: Օրինակ՝ եթե մարդը փակ տարածքներից վախ ունի, ապա երբեք վերելակ չի մտնում, չի փակում դռները։ Սակայն վախը կարելի է հաղթահարել՝  նման իրավիճակներից չփախչելով: Լավ քունն ու հանգիստը մեծացնում են ֆոբիաների դեմ պայքարի արդյունավետությունը: Շատ դեպքերում էլ օգնում է ընթերցանությունը կամ երգեցողությունը, ոմանք, ասենք, սկսում են հաշվել կամ բարձրաձայն խոսել: Կարևորը շնչառությանը հետևելն է, որը պետք է կանոնավոր ու խորը լինի։ Ցավոք, ոչ բոլորը կարող են սթափ մտածել իրենց վախերի մասին: Ու դրա հետևանքը լինում է այն, որ վախի զգացումը սկսում է իշխել մարդուն ու քայքայել նրան: Հոգեբույժները դրանք անվանում են ֆոբիա-բարդույթներ:

-Երբևէ չեմ փորձել վախերիս հետ դեմ առ դեմ հանդիպել և այդ ինձ կյանքում շատ է խանգարում․ հաստատ ոչ մեկին հաճելի չի լինի անընդհատ տագնապը սրտում ապրել։

Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ բանից վախենում է, բայց չպետք  է թողնել, որ վախը թելադրի խելքին: Քանի որ, երբեմն վախն աղետի հանդեպ, ավելի մեծ աղետի է հանգեցնում: Ֆոբիաներից ազատվել անհրաժեշտ է, քանի որ դրանք թույլ չեն տալիս լիարժեք կյանքով ապրել, վայելել հաճելի զգացումներն ու ինքնավստահ զգալ զանկացած իրադրությունում: Ապրենք թեթև և փորձենք ինքներս չբարդացնել մեր կյանքը:

 

Գոհար Աթաբեկյան

3-րդ կուրս

Կիսվել