ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՑ ՍԿՍՎԵՑ ՄԵԾ ՊԱՀՔԸ

ՓԵՏՐՎԱՐԻ 12-ԻՑ ՍԿՍՎԵՑ ՄԵԾ ՊԱՀՔԸ

1191

Այս տարի Մեծ Պահքը Հայ Առաքելական եկեղեցին նշեց փետրվարի 12-ին:

Պահքը ըստ հոգևորականների լինում է հոգևոր և մարմնավոր, քանզի մարդն ինքը հոգի է և մարմին: Ինչպես ուտելիքն է հաճելի մարմնին, այնպես էլ պահքը` հոգուն: Իսկ հոգուն հաճելի լինելու համար անհրաժեշտ է ոչ միայն սնվել բացառապես բուսական կերակուրներով (զերծ մնալով նաև հայհոյանքներից, ալկոհոլային ըմպելիքներից,մոլի սովորություններից),այլև վարել հոգևոր կյանք` աղոթել, կարդալ հոգևոր գրքեր և խորհել իրագործած մեղքերի մասին:

Նշեմ, որ պահեցողության գլխավոր նպատակը ապաշխարհությունն ու մեղքից գորշացած հոգու բուժումն է:

Սուրբ հայրերի խոսքով ամենակարևոր առաքինություններից է սեփական մեղքերը տեսնելն ու դրանց դեմ պայքարելը: Մեծ պահքը կատարում է ինքնաճանաչողության գործառույթը: Այդ 48 օրերի ընթացքում քրիստոնյան կկարողանա գտնել և´ իրեն, և´ ներքին խաղաղությունը:

«Մեծ Պահքի շրջանն այն շրջանն է, որ մենք մեզ դիտում ենք մեր ներքին աշխարհի հայելու, մեր խղճի հայելու մեջ, որ Աստծո ներկայության զգացումն է մեր մեջ: Ու՞ր եմ Ես, Ո՞վ եմ Ես իմ խղճի հայելու մեջ: Այդ հարցումի բարերար ներգործության ժամանակն է Մեծ պահքը»,_ասել է Գարեգին Ա կաթողիկոսը:

Մեծ Պահքը ունի 7 կիրակիներ` Բուն Բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Նշվածներից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը: Այն շղթայակապ դասավորվածությամբ սկզբում ներկայացնում է մարդու դրախտային կյանքը,  ապա պատվիրանների չհետևելու պատճառով դրախտից արտաքսումը: Իսկ որոշ ժամանակ անց բանական էակի զղջումն ու վերադարձը` Երկնավոր Հոր ներմանն արժանանալով: Մարդ ստանալով նախկին փառքը, աշխարհի վրա կարգվում է որպես տնտես:

Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ և իր մեջ ներառում է Փրկչի հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդից մինչև հրաշափառ Հարություն`Սուրբ Զատիկ): Ի դեպ նրանց համար, ովքեր չեն կարող երկար ժամանակ պահեցողության մեջ լինել, կարող են նաև պահել միայն վերջին շաբաթը:

 

Ռաիսա Պապյան

3-րդ կուրս

Կիսվել