ԳՐՔԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

ԳՐՔԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1525

Երիտասարդներից անվերջ բողոքող տատիկներն ու պապիկներին դժվար է համոզել, որ այսօրվա սերունդը ընթերցասեր է։ Շրջելով քաղաքի գրախանութներով՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ ընթերցանությունը ժամանակաշրջան ու տարիք չի ճանաչում։

«Բուկինիստ» գրախանութների ցանցը գործում է ավելի քան ութ տասնամյակ և երբեք ընթերցողների պակաս չի ունեցել։ Աշխատակիցներից Գևորգը նշում է, որ շատ են ընթերցում արտասահմանյան գրականություն, մասնավորապես Կունդերա՝«Կեցության անտանելի թեթևությունը», Ստեֆան Ցվայգ, Հենրի Միլլեր՝ «Խեցգետնի արևադարձը», Մարկես, Կուելյո։ Վերջին ժամանակահատվածում առավել վաճառվել են Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» և Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ »գրքերը։  Մեծ վաճառք են ապահովում «Անտարես»-ի հրատարակած գրքերը, սակայն մեծ պահանջարկ ունեցող շատ գրքեր դեռևս թարգմանված չեն։ Լեզվի թերի իմացության պատճառով, շատերը բնագիրը չեն կարդում, և սպասում են թարգմանությանը։

Ժամանակակից հայ գրողների գրքերը նույնպես բարձր վաճառք են ապահովում։ Ցանկալիների շարքում են Արամ Պաչյանը, Էդգար Հարությունյանը, Էդգար Կոստանդյանը։ Պահանջվածների շարքում են նաև Վահրամ Միրաքյանի «Չոր մարքետինգը» Վահագն Դիբլարյանի «100 բիզնես գաղտնիքները» գրքերը։

Գեղարվեստական գրքերից զատ շատ են գնում մասնագիտական գրքեր, բառարաններ, շտեմարաններ։

«Նաիրի» գրախանութի աշխատակցուհին՝ տիկին Մարինեն, հատուկ առանձնացնում է Ջոջո Մոիսի «Մինչ քեզ հանդիպելը» գիրքը և շեշտում, որ այն աղջիկների ամենասիրելիներից է։ Երբեմն գնորդները առաջնորդվում են մեծամասնության կարծիքով և ընթերցում են այն, ինչ նորաձև է։

Ամեն դեպքում բոլոր ժամանակների ամենակարդացվող և վաճառված գրքերն են «Փոքրիկ իշխանը» և «Նարեկը»։

 

Լիլիա Արզումանյան

4-րդ կուրս

Կիսվել