ՔՐԻՍՏԻՆԱ ՕՍԻՊՅԱՆ. «ՄԱՐԴԿԱՆՑ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ԳԱՂՏՆԻՔԸ»

ՔՐԻՍՏԻՆԱ ՕՍԻՊՅԱՆ. «ՄԱՐԴԿԱՆՑ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՍ ԳԱՂՏՆԻՔԸ»

1310

Մեր օրերում գրեթե բոլոր երիտասարդները ձեռնամուխ են լինում սեփական բիզնեսն ունենալու գործում. շատերը հաջողում են, իսկ ոմանք ճանապարհի կեսից հետ կանգնում և հուսահատվում: Չնայած երիտասարդ լինելուն՝ 26 ամյա Քրիստինա Օսիպյանն արդեն երկու տարի է՝ տուրիստական գործակալություն է հիմնել և ոչ մի պահ չի ափսոսում իր կատարած քայլի համար. «Սեփական բիզնես ունենալու գաղափարը դեռևս դպրոցական տարիներից է եղել, պարզապես չէի կողմնորոշվում՝ որ բնագավառում եմ ինձ լիովին պատկերացնում և երբ սկսեցի տուրիզմն ուսումնասիրել, հասկացա՝ գտել եմ այն, ինչը վաղուց փնտրում էի»:

Քրիստինան պատմում է, որ շատ անգամներ է քննարկել այդ հարցը ընտանիքի անդամների հետ և երբ արդեն հասկացել է, որ պահը հասունացել է այդ քննարկումներին լուրջ ֆոն հաղորդելու համար, վճռորոշ քայլերի է դիմել. «Ընկերուհուս հետ ունեցած երկար քննարկումներից հետո, հասկացանք, որ պետք է փորձել, քանի որ կար և՛ փորձ, և՛ գիտելիք, և՛ ցանկություն: Նույնիսկ այն միտքը, որ, գուցե, մեր սպասելիքները չարդարացվեն, մեզ հետ չպահեց ու հենց այդ օրն էլ արդեն որոշակի լուրջ հարցեր լուծած գնացինք տուն և պատմեցինք սպասվող իրադարձության մասին»:

Քրիստինայի համոզմամբ տուրիզմը շատ հետաքրքիր աշխարհ է, որտեղ ամեն քայլափոխի կարելի է մի նոր բացահայտում անել.«Եթե անկեղծ լինեմ աշխատանքս կենսակերպ է դարձել ու ինձ հոգեհարազատ է այն, ինչով զբաղվում եմ: Աշխատանքիս հանդեպ սերն ու ոգևորվածությունս մեծանում է, երբ տեսնում եմ հաճախորդներիս գոհունակություն արտահայտող դեմքերն ու այն ժպիտները, որոնք մեր աշխատանքի արդյունքն են: Հավատացե՛ք, մասնագետի համար չկա ավելի կարևոր գնահատական»:

Չնայած ունեցած հաջողություններին՝ Քրիստինան անկեղծանում է, որ իր կյանքում ձեռքբերումները չեն փոխել իրեն ու հուսով է, որ բոլոր մարդիկ, ովքեր ինչ-որ հաջողություններ են գրանցում կյանքում ավելի բարի ու հոգատար են դառնում. «Անկեղծ ասած ոչ մի էական փոփոխություն չեմ նկատել իմ մեջ, եթե, իհարկե խոսքը այժմյան և երկու տարի առաջվա Քրիստինայի մասին է: Մենք ամեն քայլափոխի ենք փոխվում, անկասկած, բայց դրա վրա երբեք պիտի չազդի մեր ունեցած հաջողությունները: Մարդկային հատկանիշները վեր են ամեն տեսակ աշխատանքից, ինչն էլ ես կարևորում եմ բոլորի մեջ»:

Քրիստինան թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում սիրում Է փոխադարձ հարգանքն ու փոխըմբռնումը և բարձրաձայնում իր հաջողությունների գրավականի մասին.«Եթե անգամ երկար մտածելու հնարավորություն ունենայի իմ պատասխանը կլիներ նույնը.իմ բոլոր հաջողությունների գաղտնիքը՝ մարդկանց դրության մեջ մտնելու կարողությունն է, ինչի շնորհիվ էլ ես ունեմ այն, ինչ ունեմ ու շնորհակալ եմ»:

Քրիստինայի ամենամեծ ցանկությունները, եթե փաթեթավորենք, ապա կստացվի հետևյալ պատկերը՝ հոգատար կնոջ, արժանի զավակի, որակյալ մասնագետի և լավ մարդ լինելու հարցում երբեք չթերանալ.« Վերոնշյալ ցանկություններս, գոնե, լավ կատարելու համար միշտ ամեն քայլ անելուց առաջ մտածում եմ՝ արդյո՞ք ինձ դուր կգար, եթե իմ հանդեպ նույն կերպ վարվեին, թե՞ ոչ: Եթե պատասխանն անմիջապես է առաջանում, ապա առանց վարանելու անում եմ մտածածս»:

RI.KA տուրիստական գործակալության հիմնադիրների՝ Քրստինայի և Հռիփսիմեի կարծիքով՝ այս կյանքում ոչինչ պատահական չի լինում: Պիտի ուժերի ներածին չափով անել ամեն ինչ նպատակների իրագործման համար.« Մեր առաջխաղացման գործում մեզ օգնում է այն հանգամանքը, որ մենք երբեք չենք վախենում սովորելուց, իսկ այս ոլորտում լինել՝ նշանակում է ամեն բացվող օրվա հետ նոր գիտելիքներ ձեռք բերել»:

Ցանկացած նոր գաղափար կյանքի կոչելուց առաջ պիտի հավատաս սեփական ուժերիդ և վստահ քայլերով առաջ գնաս, քանի որ ճանապարհն ամբողջովին անցնում են միայն նրանք, ովքեր երբեք ետ չեն նայում: Երիտասարդ գործունյա աղջիկները սկսնակներին խորհուրդ են տալիս ընդամենը մեկ բան. երբեք ականջալուր չլինել կողքինների թերահավատ արձագանքներին, քանի որ մարդն ինքն է իր երազանքների տերը և միայն նրան են հայտնի իր պատկերացումները այդ ամենի շուրջ:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել