ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷԻՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

1596

Արցախյան շարժումն արդեն 30 տարեկան է: 1988 թվականին մեկնարկած ազատագրական պայքարը փետրվարի 23-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ներկայացվեց ցուցահանդեսով: Նախաձեռնող «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության հրավերով  ներկա էին շարժման մասնակիցներ, «Ղարաբաղ կոմիտե»-ի նախկին անդամներ, ովքեր ներկայացրին շարժման արմատները, ընթացքը և նշանակությունը: «Ղարաբաղյան շարժումն ընկած է Հայաստանի երրորդ հանրապետության կերտման ակունքներում: Այն հանդիսացավ մեր պետականության և ինքնիշխանության հիմնասյունը: Եվ մենք` անկախության սերունդը, պետք է այդ գործը պատվով մինչև վերջ տանենք: Քանի որ շարժումը նախաձեռնել էին հենց ուսանողները, մենք էլ, լինելով ուսանողներ, չէինք կարող անտարբեր անցնել 30-ամյակի կողքով»,- իր խոսքում նշեց «Ազատ ուսանողների ֆորում» ուսանողական միության նախագահ Արեգ Սարգսյանը:

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի խմբի անդամ Դավիթ Շահնազարյանի խոսքով` Արցախյան շարժումն իր տեսակով մեծագույն իրադարձություն է համաշխարհային պատմությն մեջ. «ՀՀ պետականություն և Արցախի պաշտպանություն. սրանք էին շարժման խնդիրները: Մեր շարժումը ԽՍՀՄ բոլոր շարժումներից առանձնանում էր քաղաքական բարձր մակարդակով»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը կարևորեց ուսանողների դերը պետության համար էական նշանակություն ունեցող հարցերում` հորդորելով դառնալ իրազեկ քաղաքացիներ. «Ժամանակին մեր շարքերում հիմնականում գերազանց առաջադիմություն ունեցողներ էին, իսկ գերազանց առաջադիմություն նշանակում է ուղղակի սովորելուց չխուսափել: Շատ սովորեք, շատ կարդացեք, անկախ նրանից՝ ինչ են հանձնարարում, քանի որ երբ յուրացնում ես գիտելիքը, այդ դեպքում ստացվում են մեծ գործեր»:

Ցուցահանդեսին ներկա էր նաև լրագրող Աննա Իսրայելյանը, ով որպես շարժման մասնակից պատմեց իր հուշերից` ընդհուպ երթի ժամանակ «Փակել բոլոր քիմիական գործարանները» գրությամբ պաստառների պատճառով վեճի մեջ հայտնվելը: «Մենք չունեինք էն գիտակցությունը, որ պատմական այդ ժամանակահատվածում էինք ապրում, հիմա ավելի շատ հիշում եմ մեր ուսանողական կատակները, քան այն, որ մենք էդ շարժման մի մասն ենք կազմել: Բայց մի հավատ կար. ժամանակին ուժգին թափով ռուսաֆիկացիա էր գնում, ու մենք վստահ էինք, որ այդ խնդիրները կլուծվեն էն ժամանակ, երբ կունենանք մեր իշխանությունը»,- ամփոփելով նշեց Աննա Իսրայելյանը:

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել