ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ. ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎՈՂԸ

ԿՐԻՇՏԻԱՆՈՒ ՌՈՆԱԼԴՈՒ. ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎՈՂԸ

2727

11.07-ին «ԵՎՐՈ 2016»-ի եզրափակիչն էր` Պորտուգալիա-Ֆրանսիա։ 25-րդ րոպեին քարացավ ողջ մարզադաշտը, կարծես թե տխուր էին նույնիսկ Ֆրանսիացիները, իսկ անհուսալի վիճակում՝ ամբողջ Պորտուգալիան։ Փոխարինվում էր  Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիան կպարտվի, իսկ Ռոնալդուի 12 տարվա երազանքը կրկին կմնա երազանք, այսպիսին էր հանդիպման կանխատեսումը, բայց ոչ՝ սցենարը։ Պորտուգալիան հաղթեց լրացուցիչ ժամանակում,իսկ Ռոնալդուն հասավ իր երազանքին ու բազմաթիվ տիտղոսների շարքին ավելացրեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

1985թ.Պորտուգալիա, Մադեյրա, Ֆունշալ։ Ավեյրուների ընտանիքում տոն էր. ծնվել էր ընտանիքի չորրորդ երեխան. տղա էր։ Երեխայի մայրը նրան ցանկանում էր անվանակոչել  Քրիստիան, իսկ հայրը՝ Ռոնալդ` ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի։ Ի վերջո երեխան ծնողների ցանկությամբ անվանակոչվեց Քրիստիան Ռոնալդ, որը պորտուգալերենով դարձավ Կրիշտիանու Ռոնալդու։ Ոչ ոք  չէր էլ կարող պատկերացնել, որ այդ օրը ծնվել էր համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույններից մեկը, բազմաթիվ երկրպագուների կուռքը և, իհարկե, XXI  դարի լավագույն գոլահարը։ Կրիշտիանուն ապրում էր շատ աղքատ ընտանիքում։ Նա տարված էր ֆուտբոլով և  ստիպված էր աշխատել պարապմունքների վարձը վճարելու համար։ Ութ տարեկանում Կրիշտիանուն խաղում էր «Անդորինյա» սիրողական ակումբում, որի տնօրենը իր հայրն էր։ Երկու տարի անց Կրիշտիանուն տեղափոխվեց «Նասիոնալ», որտեղ իր հասակակիցների մեջ լավագույնն էր։ Լիսաբոնի «Սպորտինգի» ղեկավարները ուշի-ուշով հետևում էին պորտուգալացի տաղանդաշատ պատանու խաղին։ 1997 թվականին երիտասարդը արդեն լիսաբոնյան ակումբի շարքերում  էր։ Տասնհինգ տարեկանում կարող էր ավարտվել Ռոնալդուի դեռևս չսկսված կարիերան. սրտի վիրահատություն, որը չկարողացավ կանգնեցնել «մեծն» Ռոննիի փառահեղ ապագա ունենալու ձգտումը։ Նա վերադարձավ և լիսաբոնյան ակումբի կազմում սկսեց ապշեցնել բոլորին՝  իր վրա սևեռելով եվրոպական գրանդների ուշադրությունը։ Եվրոպական «թագադիրները» ամեն վայրկյան պատրաստ էին հափշտակել ինքնահավան, բայց չափից դուրս տաղանդավոր պորտուգալացուն։ Մասնավորապես նրա ծառություններով հետաքրքրված էին «Արսենալը», «Լիվերպուլը», «Ման. Յունայթեդը» ու «Բարսելոնան»։ «Սպորտինգի» ղեկավարները պորտուգալացու համար պահանջում էին 15 մլն ֆունտ, որը համարձակվեց վճարել միայն «Մանչեսթեր Յունայթեդը»։ 2003 թվականին Ռոնալդուն աշխարհի լավագույն ակումբներից մեկում սկսեց կերտել իր ոսկե ժամանակաշրջանը։ «Կարմիր Սատանաների»  գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը տրանսֆերից հետո ասաց հետևյալը.

-Կասկածամիտնե՜ր, ես գնել եմ  ֆուտբոլի պատմության ամենատաղանդավոր երիտասարդներից մեկին։ Նա կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։ Սպասեք շատ քիչ և կտեսնեք արդյունքը։

Ֆերգին ինչպես միշտ ճիշտ էր, նրան բաժին էր հասել անմշակ ադամանդ, որը մշակելու դեպքում իր փայլը կտարածեր ամբողջ աշխարհով։

-Երբ եկա «Օլդ Տրաֆորդ», ցանկանում էի վերցնել 28 համարի մարզաշապիկը, սակայն Ֆերգյուսոնը տվեց ինձ 7 համարը և ասաց, որ այդ համարով են հանդես եկել Կանտոնան, Բեքեմը, Բեսթը, որ ես նրանցից լավը կդառնամ,-հարցազրույցներից մեկում պատմել էր Ռոնալդուն։

Կրիշտիանոն հենց առաջին մրցաշրջանում փայլեց ֆանտաստիկ ֆուտբոլով և ապացուցեց, որ 15 մլն ֆունտը նրա խաղի  դիմաց չնչին գումար է, ապացուցեց,  որ արժանի է «մեծարգո յոթ»-ին։

2004 թվականին Ռոնալդուն հրավիրվեց Պորտուգալիայի հավաքական և մասնակցեց «ԵՎՐՈ 2004»-ին` հասնելով մինչև եզրափակիչ։ Մեկ տարի անց 2005 թվականի սեպտեմբերին կյանքը հերթական ծանր հարվածը հասցրեց Ռոնալդուին. ալկոհոլի չարաշահումից մահացել էր հայրը։

-Հայրս ցանկանում էր, որ  դառնամ լավագույնը աշխարհում. մի օր կդառնամ, խոստանում եմ։

Ֆերգյուսոնի «Յունայթեդը» Ռոնալդուի հետ միասին նվաճեց բոլոր հնարավոր և անհնարին տիտղոսները, իսկ անձամբ Ռոնալդուն չմոռացավ հորը տված խոստումը և 2008 թվականին նվաճելով «Ոսկե Գնդակ» մրցանակը` ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ 2009 թվականին բաց էր տրանսֆերային պատուհանը։ «Ռեալ Մադրիդը» ամեն գնով ցանկանում էր  տեսնել իր կազմում «Մանչեսթրի արքային»։ Սըր Ալեքսը ամեն ինչ արեց Ռոնալդույին թիմում պահելու համար, սակայն «Արքայական ակումբը» վճարեց 94 մլն եվրո՝ Ռոնալդուին դարձնելով ամենաթանկ ֆուտբոլիստը աշխարհում (այժմ Նեյմար՝ 222 մլն եվրո)։ Ռոնալդուն կարճ ժամանակահատվածում դարձավ Ռեալի առաջատարը, խփեց ֆանտաստիկ գոլեր, կատարեց հիասքանչ փոխանցումներ , նվաճեց բազմաթիվ տիտղոսներ և «տիրացավ» Մադրիդին։ «Ռեալ»-ի կազմում Ռոնալդուն թարմացրեց մի շարք ռեկորդներ, որոնցից ամենաանհավանականը ընդամենը յոթ տարում թիմի պատմության լավագույն ռմբարկու դառնալն էր։ 2017 թվականի Դեկտեմբերի 7-ին ողջ Էյֆելյան աշտարակը ներկվեց ոսկեգույն, իսկ կենտրոնում կանգնեց «երբեք չհանձնվողը»՝ փառահեղ Կրիշտիանուն՝ հինգերորդ «Ոսկե Գնդակը» ձեռքին։ Բոլորը դժվարությամբ էին հավատում այս իրականությանը և չէին պատկերացնում, թե ինչպես Ռոնալդուն չեզոքացրեց  Մեսիի հետ ունեցած «Ոսկե Գնդակների» տարբերությունը, ինչպես կրկին հռչակվեց լավագույնը…

Չնայած ֆուտբոլի համար իր պատկառելի տարիքին՝ Ռոնալդուն  շարունակում է զարմացնել իր գեղեցիկ ֆուտբոլով,  շարունակում է առաջնորդել «Մադրիդը» դեպի Էվերեստ և լռեցնել բոլոր չարախոսներին ու քննադատներին։

-Եթե ձեզ ասեն, որ երազանքները չեն կատարվում, չհավատաք, երազանքները կատարվելու հատկություն ունեն, ուղղակի պետք է վազել դրանց հետևից։ Ես պայքարեցի և կարողացա հասնել իմ երազանքներին. մայրս այլևս ստիպված չէ  աշխատել, իսկ ես, ես վերջին 20 տարվա լավագույնն եմ, ես Կրիշտիանու Ռոնալդուն եմ…

 

Էդմոն Մարտիրոսյան

1-ին կուրս

Կիսվել