«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՏՆԵԼ». ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«ՄԱՐԴԿԱՆՑ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՏԵՂ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՏՆԵԼ». ԷԴԳԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

4221

Էդգար Հարությունյանն արդեն երկու գիրք է հրատարակել` «Նվիրվելու արվեստը» և «Չգտնված երիցուկներ»: Չնայած դրան` իրեն գրող չի համարում: Էդգարի հետ զրուցեցինք իր ստեղծագործական ուղու և ապագայի պլանների մասին:

-Էդգար, դուք մասնագիտությամբ արևելագետ եք, սակայն այժմ զբաղվում եք լուսանկարչությամբ, արշավների եք գնում և գրքեր եք գրում: Ինչպե՞ս եղավ, որ Ձեր ճանապարհը փոխվեց:

-Արևելագիտության ֆակուլտետ ընդունվելու միտքը առաջացավ 16 տարեկանում: Իրականում փոքրուց երազել էի իրավաբանական բաժնում սովորել, բայց, քանի որ ընտանիքի սոցիալական վիճակը այն ժամանակ ծանր էր, իսկ այդ բաժին անվճար ընդունվելու շանսերը շատ քիչ էին, վերջին պահին որոշումս փոխեցի և Արևելագիտության բաժին ընդունվեցի: Հատկապես այդ շրջանում տարված էի «Կլոն» հեռուստասերիալով և արևելյան, արաբական մշակույթով: Բայց հետագայում մասնագիտությունս չսիրեցի և ինձ այլ ոլորտներում փնտրեցի:

Մի անգամ նշել եք, որ ԵՊՀի ֆիզկուլտուրայի դասախոս Հարություն Երանոսյանի հետ արշավների գնալիս է լուսանկարչության հանդեպ սեր ծնվել: Այդ ժամանակ մտածո՞ւմ էիք, որ լուսանկարչությունը կարող է դառնալ, ինչպես Դուք եք ասում, Ձեր եկամտի հիմնական միջոցը:

-Ես սկսեցի այդ արշավներին մասնակցելով հետաքրքրվել Հայաստանի բնությամբ ու ճարտարապետությամբ: Երանոսյանն այդ բնագավառում դարձավ իմ առաջին ու միակ ուսուցիչը, որից շատ բան եմ սովորել: Այդ ժամանակ առաջացավ սերը և արշավների, և լուսանկարչության հանդեպ, բայց երկուսն էլ սիրողական մակարդակում էին: Ես չէի էլ մտածում, որ գուցե ինչ-որ ժամանակ այդ երկուսից մեկը ինձ համար աշխատանք դառնա: Համալսարանն ավարտելուց հետո տարբեր՝ այսօրվա լեզվով «սև աշխատանքներ» արեցի: Հետո հասկացա, որ ընդունակություններ ունեմ արշավներով զբաղվելու և հիմնադրեցի «Արշավականներ» ակումբը:

Ձեր հիմնադրած «Արշավականներ» ակումբը ակտիվ գործել է, հետո՝ պասիվացել: Այսօր ի՞նչ գործունեություն է ծավալում այն:

-Ակումբը հիմնադրեցի, համացանցի միջոցով արշավներ կազմակերպեցի և 6-7 տարի շատ հաջող գործունեություն ծավալեցի: Այդ ընթացքում արդեն զբաղվում էի լուսանկարչությամբ, որոշեցի ավելի պրոֆեսիոնալ դառնալ այդ ոլորտում և «Արշավականներ» ակումբի գործունեությունը կիսատ թողեցի: Կարելի է ասել` վախեցա մարդկանց հանդեպ պատասխանատվությունից, ինչը տարիքի հետ ավելի էր մեծանում: Խնդիր չէր եղել, բայց ինչ-որ պահի հասկացա, որ եթե այսքան ժամանակ վնաս չի եղել, չի նշանակում, որ վաղը չի կարող լինել:

Իսկ լուսանկարչության ոլորտում ի՞նչ հաջողություններ եք գրանցել:

-Երբ ամբողջությամբ նվիրվեցի լուսանկարչությանը, իմ կյանքում շատ հաջողակ շրջան էր՝ ինչ նախաձեռնում էի, հաջողությամբ էր պսակվում, երկու տարի իրար հետևից ցուցահանդես կազմակերպեցի, մինչև 5000 այցելու եղավ, ինչը գոհացնող էր:

Ե՞րբ սկսեցիք գիրք գրել, ի՞նչն էր պատճառը, որ լուսանկարչությունից անցաք ստեղծագործելուն:

-Դեռ մանկուց շատ էի սիրում կարդալ և այդ ժամանակվանից երազում էի, որ գրող դառնամ, իմ գրքերի հատորներն էլ շարվեն գրադարանում: Բայց երբեք լուրջ քայլեր չեմ արել այդ ուղղությամբ: Ինչպես բոլոր նորմալ տղամարդիկ, հատկապես լուսանկարիչները, ես նույնպես հաճախակի սիրահարվում էի իմ մոդելներին, որոնցից մեկի հանդեպ սիրահարվածությունն էլ ստեղծեց «Նվիրվելու արվեստը կամ Ձոն վարդին» գիրքը: Գրքի 3-րդ ամյակը կլրանա հուլիսի 2-ին: Մինչ այսօր վերահրատարակել եմ 7 անգամ, բայց երբևէ փոփոխություն չեմ կատարել: Այսօր ընդհանուր 4500 տպաքանակ կա:

2017-ի փետրվարի 15-ին լույս տեսավ Ձեր երկրորդ՝ «Չգտնված երիցուկներ» գիրքը, որը դարձել է 2017-ի ամենաշատ վաճառված գիրքը եւ ամենաշատն է քննարկվել: Ի՞նչ կարծիք ունեք քննարկումների վերաբերյալ:

-«Չգտնված երիցուկներ»-ից մեկ տարում 5000 օրինակ է տպագրվել և գերազանցել է «Նվիրվելու արվեստը» գրքի ցուցանիշները: Դրական մեկնաբանությունները հաճելի են և նորմալ եմ ընդունում, բացասականներին ևս արդեն սովորել եմ, պարզապես կոնկրետ քննադատություն չկա, որը կարող է մտածմունքի առիթ տալ: Գրում են՝ իրենց դուր չի եկել, բայց հիմնավոր պատճառ չկա, որ հեղինակը կարդա ու մտածի այդ ուղղությամբ, անգամ ուղղելու ուղղությամբ: Բայց ասել՝ գիրքը լավն է կամ վատը, դա պարզապես լուրջ չէ: Եթե քննադատում են,  պետք է նաև հիմնավորեն, չէ՞ որ քննադատությունները մարդկանց արածի մեկնաբանություններն են:

Ինչո՞ւ ինքներդ Ձեզ գրող չեք համարում:

-Գրող բառը մեծ արժեք ունի, դա կոչում է, որին հասնելու համար երկու փոքր ծավալի գիրք գրելը քիչ է: Այսօր գիրք գրելը բոլորին հասու է, բայց մի գիրք գրելով գրող համարել ես չեմ ընդունում: Կարծում եմ՝ գրողը գոնե 3-4 հաջողված, պահանջված և ասելիք ունեցող գիրք պետք է ունենա: Եվ մարդ իր ընտրած ոլորտի մասնագետն է լինում այն ժամանակ, երբ արդեն երկար տարիներ եփվել է այդ ոլորտում և իր եկամտի գոնե 51%-ը վաստակում է տվյալ աշխատանքով: Իսկ ես, չնայած գրքերից էլ եմ բավականին շահույթ ստանում, բայց եկամտիս հիմնական մասը լուսանկարչությամբ եմ վաստակում: Եվ, այնուամենայնիվ, ես լուսանկարիչ եմ:

Կա՞ մի թեմա, որի մասին կցանկանայիք գրել, բայց չեք գրում:

-Հայրենիքի թեման, հայրենասիրության, մեր մասին, անցած ճանապարհի մասին… Չեմ գրում, քանի որ հիմա մարդկանց ավելի շատ հետաքրքրում են իրենք, իրենց զգացմունքները, ռոմանսը, մարդկանց հետաքրքիր է պատմություն, որտեղ կարող են իրենց գտնել: Իսկ այդ գրքերը պարզապես ընթերցող չեն ունենա:

-Ինչի՞ վրա եք աշխատում հիմա և առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք ստեղծագործական առումով:

-Հիմա աշխատում եմ ևս մեկ գրքի վրա: Չեմ կարող կոնկրետ ժամանակ նշել, բայց կարծում եմ` այս տարի կլինի երրորդ գրքիս շնորհանդեսը:

 

Հարցազրույցը` Ոսկեհատ Պողոսյանի

2-րդ կուրս

Կիսվել