ԱՐՄԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ . ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԲԱՂՎԵԼ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ , ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ...

ԱՐՄԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ . ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ ԶԲԱՂՎԵԼ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ , ՈՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅՏՆԻ ԿԼԻՆԵՄ

1932

 14 – ամյա Արման Բարսեղյանը սովորում է Թալինի թիվ մեկ հիմնական դպրոցի  9 – րդ դասարանում։ Ընդամենը չորս տարեկանից սեր ունենալով դեպի համակարգիչը և հետաքրքրվելով համակարգչային ծրագրերով՝ նա այսօր կարողացավ հաջողության հասնել. ստեղծեց 3D մոդելներ, անիմացիաներ, իսկ վերջերս մշակեց լրացված իրականության Zoomar հավելվածը, որի օգնությամբ հնարավոր է կենդանացնել պատկերները։ Հավելվածը հնարավոր է Google play – ից ներբեռնել , շուտով հասանելի կլինի նաև iOS տարբերակը։

-Արման, երբվանի՞ց ես հաճախում «Արմաթ» ինժեներական խմբակ և ինչպե՞ս որոշեցիր հաճախել ։

-Երկու տարի է հաճախում եմ «Արմաթ», փոքր ժամանակվանից ուզում էի ծրագրավորող դառնալ. առաջին անգամ ընկերս է ինձ տարել խմբակ և օգնել, որ գրանցվեմ։

-Ինչպե՞ս եղավ, որ հենց ծրագրավորմամբ հետաքրքրվեցիր։

-Փոքր ժամանակվանից համակարգչային խաղեր էի խաղում, ֆոտոշոփ էի սովորում և վիդեո մոնտաժ. 4 տարեկանից ձևավորվեց սերը ծրագրավորման և համակարգչի հանդեպ։

-Իսկ ծնողներդ չէի՞ն զայրանում, որ ամեն ինչ թողած համակարգչով էիր զբաղվում։

-Զայրանում էին ու չէին թողնում, որ շատ նստեմ համակարգչի առջև, բայց քանի որ շատ էի ուզում, գաղտնի կամ մեկ այլ ձևով միացնում էի համակարգիչը։

-Բացի ծրագրավորումից ուրիշ հետաքրքրություններ ունե՞ս ։

-Եթե անգլերեն լեզուն կհամարվի առանձին հետաքրքրություն, ապա՝ այո, ինչպես նաև քիմիական փորձեր եմ սիրում անել։

-Ձեր ընտանիքում եղե՞լ են ծրագրավորմամբ հետաքրքրվողներ ։

-Ոչ, մայրս քիմիայի ուսուցչուհի է, հայրս՝ խոհարար։ Ծրագրավորողներ չեն եղել։

Արման, որո՞նք են քո սիրելի առարկաները դպրոցում։

-Կենսաբանություն, քիմիա, անգլերեն, մաթեմատիկա, ֆրանսերեն, հասարակագիտություն։

-«Արմաթ»- ից բացի ուրիշ խմբակներ հաճախո՞ւմ ես։

-Հաճախում եմ իմփաքտի, Ֆրանսերենի և շահերի պաշտպանության։

-Եվ կարողանո՞ւմ ես բոլորը համատեղել ։

-Այո, հասցնում եմ ։

-Երբ առաջին անգամ գնացիր «Արմաթ» , ի՞նչ տպավորություններ ունեիր։

-Քանի որ « Արմաթ » -ում հիմնականում ռոբոտներ էին հավաքում, սկզբում այդքան էլ չոգևորվեցի, բայց երբ անցանք ծրագրավորմանը, սկսեցի սիրել մեր խմբակը։

-Առաջին լուրջ աշխատանքդ ո՞րն է եղել։

-3D մոդելներս և անիմացիաներս։

-Ինչպե՞ս առաջացավ Zoomar մշակելու գաղափարը:

-Քանի որ AR տեխնոլոգիաները գնալով զարգանում էին, որոշեցի ինքս էլ ստեղծեմ AR հավելված։ Համացանցից և Youtube-ից կարողացա քիչ քանակությամբ նյութեր հավաքել, նայել, սովորել և  Արման Աթոյանի խորհրդով ստեղծեցի հավելվածը և ստացվեց։

-Դպրոցն ավարտելուց հետո ի՞նչ ծրագրեր ունես։

-Հիմնական դպրոցն ավարտելուց հետո կգնամ ավագ դպրոց, որից հետո Ամերիկյան համալսարան կամ ԵՊՀ։

-Իսկ մասնագիտությունդ և՞ս կապված է լինելու ծրագրավորման հետ։

-Այո, ծրագրավորում, իսկ Հայաստանում սովորելուց հետո երազանք ունեմ ԱՄՆ – ում սովորելու՝ Մասաչուսեթսի համալսարանում։

-Ինչու՞ հենց այնտեղ։

-Իմ երազանքների համալսարանն է , առանձին նախատեսված է նորագույն տեխնոլոգիաների համար։ Աշխարհի հաջողակ մարդիկ սովորել են Մասաչուսեթսում։

-Վերադառնալու նպատակո՞վ ես գնալու։

-Այո, իհարկե։

-Zoomar-ից հետո կա՞ ծրագիր, որով աշխատում ես։

-Հիմա վիրտուալ իրականության հավելվածի վրա եմ աշխատում։

-Որքա՞ն ժամանակում պատրաստ կլինի դրա հավելվածը։

-Երկու ամսից պատրաստ կլինի ։

-Դպրոցում և ոչ միայն, քեզ արդեն ճանաչում են, հպարտանում քո աշխատանքներով։ Դա քեզ պարտավորեցնո՞ւմ է ավելիին ձգտելու։

-Իհարկե, պետք չի սահմանափակվել նրանով, ինչ կա։ Դրանից ես ավելի եմ ոգևորվում:

Իսկ քննադատողներ եղե՞լ են ։

-Դեռ ոչ , հուսով եմ չեն լինի։ Եթե նույնիսկ լինեն, պետք չի վախենալ, հիմնականում օգնում են։

-Ծրագրավորման ոլորտում իդեալներ ունե՞ս , ո՞ւմ կուզեիր նմանվել։

-Միանշանակ, Arloopa-ի հիմնադիր տնօրեն Արման Աթոյանը, կուզեի նմանվել իրեն։ Arloopa-ն նույնպես ստեղծում է նմանատիպ հավելվածներ, ոնց ես։

-Իսկ դժվարություններ կամ հիասթափություններ լինո՞ւմ են, և ինչպե՞ս ես հաղթահարում դրանք:

-Դժվարություններ՝ այո, բայց հիասթափություններ՝ ոչ։ հացղթահարում եմ համառությամբ:

-Ո՞րն է քո մոտիվացիայի աղբյուրը, ունե՞ս հաջողության բանաձև ։

– Նորից Արմաթ Աթոյանը՝ որպես մոտիվացիայի աղբյուր, իսկ հաջողության բանաձև դեռ չունեմ. անում եմ այն, ինչ կարծում եմ , որ ճիշտ է։

-Կասե՞ս սիրելի աֆորի՞զմդ։

– Չունեմ, աֆորիզմներ չեմ սիրում։ Միգուցե նրա համար, որ դեռ չեմ գտել այն աֆորիզմը, որը կսիրեմ։

 

3D մոդելներ և անիմացիաներ

Հարցազրույցը՝ Գայանե Հարոյանի

2-րդ կուրս

Կիսվել