ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆԱԼ

ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՌԱՆՁՆԱՆԱԼ

1880

Մեր օրերում նորապսակներից շատերը նախընտրում են ապրել առանձին, ունենալ իրենց սեփական անկյունը: Ժողովուրդը կեսկատակ-կեսլուրջ ասում է՝ խոհանոցում երկու կին համերաշխ լինել չեն կարող: Աղջիկներից շատերը, գուցե, դրա համար են ցանկանում առաձնանալ, մյուսներն ունեն իրենց դրդապատճառները, որոնք բարձրաձայնել չեն ցանկանում:

Լրագրողական հարցման արդյունքում պարզ դարձավ, որ 22-26 տարեկան երիտասարդներից շատերի կարծիքով առանձին ապրելն ամենաճիշտ որոշումն է. «Երբ ես ամուսնացա, ծնողներիս ասացի՝ առանձին եմ ուզում ապրեմ, որովհետև այդպես ես ինքնուրույն կլինեմ ու հորս վրա հույս չեմ դնի: Մենք՝ տղաներս, հակված ենք առանձին ապրելուն, որովհետև անկախանալը ծնողներից բոլոր առումներով ավելի ինքնավստահ է դարձնում մեզ և դրա շնորհիվ տղան հասնում է անձնական հաջողությունների»,- ասաց 25 տարեկան Արամը, ով արդեն 1 տարի է՝ ամուսնացած էր ու բնակվում էր առանձին:

Որոշների կարծիքով էլ կենցաղային բոլոր տարաձայնությունները պայմանավորված են ծնողների հետ ապրելու հանգամանքով. «Ես իմ սկեսուրին շատ հարգում եմ, բայց ժամանակի հետ հասկացա, որ աննշան թվացող մանրուքն էլ նրա համար կարող էր դառնալ օրվա թեմա և վիճաբանություն սկսվեր տանը, ուստի նախընտրեցի առանձնանալ և հանգիստ ապրել՝ զերծ մնալով բացասական մթնոլորտից, որ մեր տանը տիրում էր: Համ էլ ժողովուրդը ճիշտ բան ա ասել՝ ինչքան հեռու, այնքան քաղցր»:

27 ամյա Ալինան պատմում է, որ միշտ ցանկացել է առանձին ապրել և նախքան լուրջ հարաբերություններ սկսելը՝ առաջ է քաշել այդ նախապայմանը, որին էլ տղան համաձայնել է առանց երկար-բարակ մտածելու. «Երբ արդեն մոտ էր հարաբերությունները օրինականացնելու ժամանակը, ես շատ լուրջ խոսեցի այդ թեմայի մասին և ընտրյալս ասաց, որ կլինի այնպես, ինչպես ցանկանում եմ: Ամուսնացանք, անցավ 1-2 ամիս, բայց այդ թեմային առնչվող ոչ մի զրույց չեղավ: Ես արդեն չէի դիմանում սկեսուր-սկեսրայրիս՝ ամեն օր ինձ ամեն ինչում ուղղորդելուն. այս բաժակը էստեղ մի դիր, այս ծածկոցը լավը չի, մյուսը փռիր և այլն: Թվում է՝ շատ մանր թվացող բաներ եմ ասում, բայց նման մանրուքներն են, որ լցնում են համբերության բաժակը և արդեն չես համբերում ու ցանկանում ես բաժանվել, ինչպես եղավ մեզ մոտ, իհարկե, ես սիրում էի ամուսնուս, բայց կենցաղային խնդիրներն իրենն արեցին»:

Հակառակ մեր հերոսուհու կարծիքին՝ Աննան երջանիկ է, որ մինչ օրս ապրում է սկեսուր-սկեսրայրի հետ և ոչ մի պահ չի մտածում առանձնանալու մասին. «Իրենք որ չլինեին, ես չեմ պատկերացնում, թե ոնց էի հասցնելու իմ գործերը: Աղջիկներից շատերը, երևի, պատկերացում չունեն, որ սկզբնական շրջանում է առանձին ապրելը գերող առաջարկ, բայց երբ երեխա ես ունենում, կարող եմ վստահեցնել, որ մեծի հետ ապրելը դառնում է մեծ առավելություն, իրենց խորհուրդներով և օրվա հոգսերը կիսելով՝ շատ են օգնում: Իմ պարագայում հաստատ այդպես է, առավել ևս, որ ես նաև աշխատում եմ, սկեսուր մայրիկս է երեխայի հետ հիմնականում մնում և խնամում»:

Հոգեբաններն այս հարցի շուրջ առանձնացնում են թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր և միանշանակ հարցին լավ կամ վատ դիրքորոշում տալ հնարավոր չէ: Հոգեբան Տաթև Պիվազյանը այն կարծիքին է, որ հիմա համեմատաբար պատկերը փոխվել  և  տղայի հայրական տանը մնալու կարծրատիպը գնալով վերանում է. «Այսօր ամեն երկրորդ նորապսակ ցանկանում է առանձին ապրել, հատկապես աղջիկները, ովքեր ուզում են ավելի անկաշկանդ լինել»: Դրական կողմերի մեջ հոգեբանը առանձնացրեց մի քանիսը՝  երիտասարդների ավելի ինքնուրույն լինելն ու ինքնավստահ դառնալը, ավելի ներդաշնակ մնալն  ու առանց կոնֆլիկտների ապրելը. «Առանձին ապրելու առավելություններից է այն, որ ծնողների հանդեպ ավելի դրական վերաբերմունք են ունենում, քանի որ հյուրի կարգավիճակում է, այլ ոչ կենցաղային մակարդակի»:

Բացասական կողմերի մեջ էլ հոգեբանը առանձնացրեց սկզբնական շրջանում երիտասարդների՝ կենցաղում անփորձ լինելը, երեխայի դաստիարակության հարցում թերանալը, զույգերի անձնական խնդիրների մեջ ծնողների խառնվելը. «Մի շարք ընտանիքներ են լինում, որոնք երկար առանձին ապրել չեն կարող, որովհետև կան նաև բացասական կողմեր դրա մեջ, ինչպիսիք են վերը նշվածները, բայց դրա հետ մեկտեղ այս հարցում ճիշտ և սխալ տարանջատել չի կարելի: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ոնց ապրի, պարզապես ցանկալի է, որ թե՛ միասին, թե՛ առանձին ապրելու ժամանակ չմոռանան փոխադարձ հարգանքը»:

Մեր հերոսներից Արմինեն էլ, ով 25 տարեկան էր և արդեն երկու տարի է՝ ուներ իր սեփական ընտանիքը անկեղծացավ իր պատմությամբ և նշեց, որ չնայած սկզբնական շրջանում առանձին ապրելու ցանկություն է ունեցել և հասել դրան, բայց սպասելիքներն այդ ամենով չի արդարացել. «Գիտեք՝ տպավորություն էր ինձ մոտ, որ առանձին ապրելը կլուծեր իմ բոլոր խնդիրները, բայց չդիմացա. երկու ամիս առանձին ապրելուց հետո ես ինքս ամուսնուս խնդրեցի վերադառնալ իր հայրական տուն, իհարկե, ներքուստ ինքս ինձ խոստովանում էի և գիտեի՝ որոնք էին պատճառները: Ամուսինս ֆինանսապես երկար չկարողացավ դիմանալ և հավուր պատշաճի հոգալ կենցաղային հարցերը և դա ինձ մտահոգում էր: Նախընտրեցի վերադառնալ և ապրել սկեսուր-սկեսայրիս հետ, բայց իմանալ, որ ապագաս վտանգի տակ չէ»:

Մեր երիտասարդների օրինակով պարզ դարձավ, որ ցանկացած պարագայում կարծիքները այս հարցում միևնույնը լինել չեն կարող, հետևաբար պիտի պարզապես գտնել ոսկե միջին տարբերակը և, կարևորը, սիրել այն մարդուն, ում հետ պատրաստվում ես կապել կյանքիդ հետագա տարիները և հարգել ծնողներին:

 

Արմինե Գասպարյան

4-րդ կուրս

Կիսվել