ՔԱՂԱՔԻ ՀԻՆ ՇՈՒՆՉՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՎԵՐՆԻՍԱԺԸ

ՔԱՂԱՔԻ ՀԻՆ ՇՈՒՆՉՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՎԵՐՆԻՍԱԺԸ

1685

Երևան քաղաքի, թերևս, ամենակոլորիտային վայրերից մեկը համարվում է Վերնիսաժը: Եթե զբոսնելու սիրահար ես և, իհարկե, ուզում ես զգալ հայկական շունչն ու ջերմությունը, ապա քայլերդ քեզ կամա-ակամա կտանեն դեպի Խանջյան փողոց՝ Վերնիսաժ կամ ինչպես սիրում են ասել մեր համաքաղաքացիները՝ հին իրերի կայանատեղի: Առավոտը բացվելուն պես՝ կյանքն այնտեղ եռում է. յուրաքանչյուրն իր տաղավարն է դասավորում՝ քթի տակ սիրելի երգը երգելով: Ձայնասկավառակ վաճառող երիտասարդները գտել են ավելի հեշտ և արագ միջոց. նրանք միացնում են երաժշտությունը և ապահովում օրվա բարձր տրամադրությունը: Երիտասարդներից մեկն էլ կեսկատակ- կեսլուրջ ասում է. «Հավեսս, որ տեղն ա լինում, ման եմ գալիս տաղավարներով ու հարցնում էսօր ինչ կուզեն լսեն, էդպես համ հաճելի ա լինում, համ էլ ես եմ ինձ լավ զգում»:

Տեսականին հսկայական է, ընտրությունը՝ ժամանակատար, ուստի, եթե որոշել ես շրջել Վերնիսաժում, ապա աչքիդ տակ պիտի ունենաս ամենաքիչը 3-4 ժամ: Ամենահնաոճ սպասքից մինչև ամենայուրահատուկ զարդերը, տարատեսակ հագուստից մինչև աչքի ընկնող տարազներն ու գործվածքները ու այս ամենը մեկ վայրում: Գործը կրկնակի բարդանում է, եթե քեզ հետ են արտերկրից ժամանած բարեկամներդ, քանի որ գաղտնիք չէ՝ տուրիստների ամենասիրելի և պարտադիր այցելության վայրերի ցուցակում Վերնիսաժը առաջատար դիրքեր է զբաղեցնում:

Հուշանվերների ընտրանին ոչ մի տեղ այնքան շատ չէ, որքան Վերնիսաժում: Հուշանվերներ վաճառող կինը մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ իր գործում ամենալավ սեզոնը ամառն է. «Հիմա շատ քիչ են տուրիստներ պատահում, բայց այ ամռանը գործը գործի հետևից կպնում ա, իրար հերթ չեն տալիս, բայց աշխատացածս մի եսիմ ինչ չի, կոպեկներ եմ ստանում»:

Չնայած կնոջ անմիջականությանը՝ խորամանկ աչքերն ու ժեստերը մատնեցին իրեն, որ ամռանը ստացածը հաստատ կոպեկներ չեն լինի՝ տուրիստների առատաձեռն լինելու հանգամանքով պայմանավորված:

Մեր մյուս զրուցակիցը, ով արծաթյա զարդեր էր վաճառում պատմեց իր գործի և հաճախորդների մասին. «Ինձ մոտ հիմնականում երիտասարդ աղջիկներ են գալիս, ովքեր արծաթի մեծ սիրահար են: Պատահում են դեպքեր, երբ մոտենում են, նայում տեսականին, չեն գտնում կամ կողմնորոշվում ընտրության հարցում և հենց փորձում են հեռանալ, վրա եմ գալիս իմ խորհուրդներով կամ փորձում հասկանալ՝ ինչ են փնտրում: Հիմա շատ մոդայա, սաղ գալիս են այֆոնները դեմ տալիս, Սիրուշոյի պրեգոմեշի հավաքածուից մի բան ցույց տալիս ու ասում սրանից: Ընդ որում նենց հուսահատ դեմքով են ասում, որ դժվար գտնեն էլի էստեղ տենց բան: Ես էլ, որ զիբարները բացվի, ասում եմ՝ կսարքեմ, երկու օրից եկեք վերցրեք ու զարմանում են, որ այդքան մատչելի ձեռք բերեցին «Սիրուշոյի մատանիից» ու երջանիկ հեռանում են» (ծիծաղում է):

Վերնիսաժում կարելի է հանդիպել այնպիսի կերպարների, ում հետ ունեցած ջերմ զրույցն անգամ կարող է մի ողջ օրվա տրամադրություն ապահովել և այդպիսիններից էր Սամվել պապը, ով փայտե նարդիների սեղանի մոտ նստած զառ էր քցում և քթի տակ «հայհոյում» մրցակցին:

-Ներողություն, նարդին, ի՞նչ արժի (հարցը տվեցի, բայց տեսնելով, որ խաղի մեջ են կլանված շտապում էի հեռանալ, որ չխանգարեմ):

– Բալես, առնելու՞ ես, որ ասեմ

– Փորձենք, պապի ջան

– Ինձ հետ միայն նարդի խաղալ պիտի փորձես, արի մի պարտիա հետդ խաղամ, ասեմ՝ ով ես: Ես էստեղ բոլորին տենց եմ ճանաչել:

Սամվել պապին հազիվ համոզելուց հետո, որ խաղը թողնենք հետոյի, կարողացա մի քանի հարց տալ այն մասին, թե ովքեր են հիմնականում գնում նարդիներ ու նա տվեց սպառիչ պատասխան՝ «պուզատիները»:

Հաջորդիվ քայլերս ինձ տարան դեպի գրքերի տաղավարներ, որտեղ մարդկանց բազմությունն ավելին էր, քան ամբողջ Վերնիսաժում այդ պահին:

Լուռ մի քանի րոպե հետևելով անցուդարձին՝ մոտեցա մի տատիկի, ով այդ ժամանակ համեմատած ավելի ազատ էր և փորձեցի հասկանալ՝ ինչով է պայմանավորված այս անցուդարձը. «Մեզ մոտ միշտ էլ սենց ա, բայց չկարծեք, թե շատ առևտուր ենք անում: Էստեղ մարդկանց մեծամասնությունը գալիսա գիրք փոխանակելու նպատակով, ոչ թե առնելու»:

Արդեն շտապում էի դուրս գալ, երբ անկյունում նկատեցի մի տատիկի, ով այնքան խնամքով դասավորում էր իր տիկնիկները, որոնք իր իսկ ձեռքի աշխատանքներն էին. «Արդեն քանի տարի ա չեմ հիշում մի օր, որ առանց իլիկը ձեռքիս լինեմ: Ես միշտ եմ գործում, աղջիկ ջան, անգամ զրուցում իրենց հետ, անուններ որոշում, սիրուն հագցնում ու շարում: Եթե գնորդներ եմ ունենում (իրանք շատ քիչ են, հիմա ով փող կտա տիկնիկ առնի), իրենց նախընտրած տիկնիկին վերցնում եմ, խոսում ու ճանապարհ դնում: Շատ կուզեի իմանալ իմ բոլոր տիկնիկներն հիմա ինչ տերեր ունեն, իրանք էլ իմ ստեղծածն են ախր»:

Վերնիսաժն իսկապես այն եզակի վայրերից է, որտեղ անցկացրածդ ժամանակը հետաքրքիր է, մարդիկ՝ բարեհամբույր, իսկ ստացածդ տպավորություններն անմոռանալի, առավել ևս, եթե քեզ բախտ է վիճակվում շփվել նրանցից յուրաքանչյուրի հետ, ծանոթանալ այդ մարդկանց առօրյային և փոխանցել դրական էներգիա, որը ստանում ես ինքդ:

 

Ռիմա  Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել