ԾԱՂԿԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

ԾԱՂԿԱՎԱՃԱՌՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

1583

Կանանց միամսյակն է: Թվում է՝ ամենից բարենպաստ պայմաններում ծաղկավաճառների գործն է լինելու, մեծ գումարներ են վաստակելու, բայց արի ու տես, որ իրենք դժգոհելու և մտահոգվելու առիթներ ունեն. չնայած ամեն քայլափոխին կարելի է հանդիպել երիտասարդ աղջիկների՝ ծաղկեփնջերը ձեռքներին, բայց, իրականում, դրանց մեծամասնությունը ծաղկավաճառների հավաստմամբ գնված են բոլորին հայտնի Դինամոյից:

Ինքներս փորձելով պարզել քաղաքում առկա ծաղկի կրպակների գներն ու ծաղկավաճառներին հուզող հարցերը՝ զբոսնեցինք քաղաքի մի քանի վաճառակետերով:

Տիկին Լուսինեն, ով արդեն 15 տարի է ինչ ծաղկի իր փոքրիկ կրպակն է աշխատեցնում Մալաթիա համայնքում, փաստում է, որ վաճառքը նվազել է և դրա միակ պատճառը՝ երիտասարդների այլ միջոցներով ծաղիկներ ձեռք բերելն է. «Բալես, հենա կես ժամ ա, էստեղ՝ ինձ մոտ ես, մարդ մտա՞վ, կապ չունի միամսյակը, գործը մեռածա, որովհետև հիմա տղաներն իրանց մամաներին կամ սիրած աղջիկներին ծաղիկ առնելու համար ոչ թե ծաղկի խանութ են մտնում, այլ մեկի ջերմոցից կամ օպտվի տեղից վերցնում են, իրանց էլ մեղադրելու չի, ինչ կարաս ասես, հիմա մեկ-երկու կոպեկ ոչ մեկ չի ուզի իրա գրպանից ավել տա, եթե էժան տեղ գիտի»:

Անին, ով հաճախ է ծաղիկներ գնում տարբեր առիթներով, պատմում է, որ մինչև վերջերս ծաղիկներ միշտ նախընտրել է գնել մոտակա կրպակներից, բայց իմանալով գնային հսկայական տարբերության մասին հրաժարվել է երբևէ ծաղիկ գնել խանութներից. «Մի օր ընկերներիս խորհրդով չզլացա և առավոտյան շուտ՝ նախքան դասի գնալը, գնացի ծաղկի շուկա և վարդի փունջը գնեցի կրկնակի մատչելի, քան կրպակներում է: Այս դեպքից հետո միշտ բռնում եմ Դինամո բերող ճանապարհը: Գիտեմ, որ շատերը հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ հետևում են իմ օրինակին և շատ ճիշտ են անում»:

Հակառակ Անիի կարծիքին՝ Հասմիկը երբեք չի այցելել ծաղկի շուկա և նման միտք էլ չունի. «Ինձ համար ժամանակի անիմաստ կորուստ եմ համարում Դինամո այցելելը, որովհետև, եթե հաշվի չառնեմ այդքան վաղ արթնանալու  դժվարությունը, ապա այնտեղ հասնելու համար հաստատ այն նույն գումարը, որը ավել պիտի վճարեմ խանութից գնելու համար, կծախսեմ տաքսու վրա, էլ ո՞րն է իմ օգուտը, չկա: Շատ եմ լսել շուկայի մասին, բայց դեռ ոչ մեկի չի հաջողվել ինձ հակառակում համոզել և դժվար էլ ստացվի»:

Դեպքեր են լինում, երբ ծաղկավաճառներն իրենք են ուղղորդում շուկա՝ մատչելի տարբերակներ ձեռք բերելու համար: Վահանը, ով 20 տարի է ծաղկի գործով է զբաղվում, կեսկատակ-կեսլուրջ նշում է, որ վիրավորված է գնորդներից. «Քուրիկ ջան, նենց օրեր եմ ունեցել, որ եկել, գին են հարցրել, ասել եմ վարդի հատը 300 դրամ, ասել են՝ մենք 250-ով Դինամոյից կառնենք: Էդ պահերին նենց եմ ջղայնանում, մտածում եմ, որ մեր հայ ժողովուրդը չի մտածում, բա լավ էս վաճառողի օգուտը գոնե էդ 50 դրամը չլինի՞, ես էլ ասում եմ եկեք առավոտյան 6-ին ես Դինամոյում ձեզ 250-ով կտամ, ախր վստահ եմ էդ ասողների 90 տոկոսը չի էլ արթնանա իր անուշ քնից (ժպտում է): Ամեն մարդ չի կարա էս գործով զբաղվի, որովհետև ամբողջ գրաֆիկդ օրվա կտրվածքով էնքան ծանր ա լինում, որ քնին կարոտ ես մնում: Էդ ջահելները նույն մի օր կարթնանան, երկու օր կգնան Դինամո, երրորդ օրը կբերեն էդ 50 դրամ ավելը կտան մենակ թե էդքան չգնան հասնեն ընդեղ ու քնահարամ լինեն»:

Կոմիտաս շուկայի հարակից բակում գտնվող ծաղկավաճառների հավաստմամբ էլ` ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի, իսկապես, շարժ չի նկատվում. «Մեկ-երկու վարդ օրեկան ծախենք, թե չծախենք ու էդպես համատարած բոլորիս մոտ է նման պատկեր, էդ էլ դպրոցականներն են, որ իրենց ուսուցիչներին ծաղկեփնջեր տանելու փոխարեն նախընտրում են մեկական վարդ կամ հիմա էս սեզոնին ձնծաղիկ վերցնել, առևտուր չկա, ազիզ ջան: Մենք առավոտից մինչև իրիկուն էստեղ նստում ենք հազիվ 3000-4000 դրամ աշխատենք, սկի մեր էդ օրվա առած ծաղիկների գումարը դուրս չի գալիս»:

Ի տարբերություն կրպակների՝ ծաղկային խանութներում շարժը զգալի կերպով նկատելի է և դա, ըստ անցկացրած հարցման, պայմանավորված է նրանով, որ քաղաքի էլիտար մասսան մշտապես օգտվում է խանութներից. «Մեր իրականության մեջ հասարակ ապրող մարդը, ով իր օրվա ապրուստն ա վաստակում մեկ-երկու ծաղիկ վաճառելով, խնդիր ունի սպառման, բայց հլը գնացեք էն թանկանոց խանութները, տեղ ու դադար չկա, անգամ առաքմանն են գումար տալիս և արդյունքում հերթեր ա, որ գոյանում ա էնտեղ»:

Սուրենը, ով 28 տարեկան է, պատմում է, որ հանգամանքներից ելնելով է միշտ օգտվում ծաղկի խանութներից. «Երբ տղան սիրահարված է լինում, ուզում է ամենալավը անել իր սիրած աղջկան, ուստի, հետաքրքրվելով մերօրյա հայտնի ծաղկի խանութներից, նաընտրում է էնտեղից գնումներ կատարել, որ միշտ գոհացնի աղջկան և արդյունքում իրեն ամբողջ կյանքում դատապարտում է թանկ վճարել… անգամ ծաղիկների համար (ծիծաղում է)»:

Անկախ հնչած տարաբնույթ կարծիքների՝ պետք է փաստենք, որ ծաղիկներն այն հաճելի նվերներն են, որոնք նախընտրում են ստանալ իգական սեռի բոլոր ներկայացուցիչները, և միամսյակը լավագույն առիթն է նրանց այդ ամենով ուրախացնելու և ուշադրության արժանացնելու համար:

 

Լուսինե Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել