ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ» ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ

ԵՐԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ «ԱՆՎՃԱՐ» ՈՒՂԵՎՈՐՆԵՐԸ

1125

Շատերը կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ երթուղայինում վճարում ես 100 դրամ և նստում ում գիրկը կուզես: Քչերն են նկատել, երևի, որ երթուղայիններում կան լուռ և իրենց մշտական տեղը ունեցող ուղևորներ, ովքեր մշտապես ներկա են, ավելին՝ ապահովագրված են այն վտանգից, որ ինչ-որ մեկը կարող է նրանց գիրկը նստել: Այո, խոսքը երթուղայինների դիմապակուն փակցված խաղալիքների մասին է: Իհարկե, կախված վարորդի նախասիրությունների, խաղալիքը կարող է փոխարինվել աչքաուլունքներով, սրբապատկերներով կամ հոտավետ կախազարդերով: Իսկ ի՞նչ խորհուրդ ունեն դրանք կամ ինչու՞ են հայտնվում երթուղայիններում փորձեցինք զրուցել հենց վարորդների հետ:

52-ամյա Սամվելը, ով արդեն 22 տարվա վարորդ է, պատմում եմ, որ երբեք էլ չի սիրել նման թիթիզություններ և չի էլ հասկացել դրանց նշանակությունը. «Այ, բալես, հա մթոմ ի՞նչ, ուզում են աղոթել, թող գնան եկեղեցի, սրբապատկեր կախելը ո՞րն ա: Բա որ  էն հոտոտ բաներից են կախում, թե ասա, եթե վարորդ ես, ուրեմն մեքենադ միշտ պիտի մաքուր պահես առանց էդ զիզի-բիզի բաների»: Հակառակ Սամվելի կարծիքին՝ Արտյոմը միշտ է սիրել կախազարդեր ունենալ մեքենայի մեջ և հավատացած է, որ չար աչքից հեռու են պահում աչքի ուլունքները. «Դեպքեր են եղել, որ ընկերներս նստել են, ասել են ամոթա, հանի ու էդ օրը մի վատ բան եղել ա: Հա, թող ասեն ես սնահավատ եմ, բայց ես շատ եմ հավատում: Հիմնականում սրբերի պատկերներով կախազարդեր եմ կախում մեքենայում ու միշտ ղեկին նստելուց հետո աղոթում եմ»:

29-ամյա Վահանը, ով 4 տարի է՝ տաքսի է վարում, մեզ հետ զրույցում պատմեց, թե ինչու է հատկապես տարատեսակ խաչերի վզնոցներ կախում իր մեքենայի հայելուց. «24 տարեկան էի, երբ ընկերներիս հետ որոշեցինք քաղաքից դուրս գնալ ժամանակ անցկացնելու և մի փոքր լիցքաթափվելու համար: Երբ արդեն վերադառնում էինք, բոլորիս քեֆը լավ էր, մի քիչ գինովցած էինք: Չնկատեցի, թե ինչպես վթարի ենթարկեցի մեքենան, իհարկե, փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, բայց այդ օրից ի վեր մեքենայում իմ և ընկերներիս վզնոցներն եմ կախել, որոնք եկեղեցում օրհնված են: Ինձ համար մեծ նշանակություն ունեն և դժվար թե օրերից մի օր հանեմ դրանք»:

59-ամյա Վազգենի մեքենայում նկատեցինք մեկից ավելի խաղալիքներ, որոնք խնամքով շարված էին իրար կողք, իսկ փոքրերը կախված էին դիմապակուն և մեքենայի շարժվելու հետ մեկտեղ հանգիստ ճոճորվում էին: Վարորդը պատմեց նրանց մասին նույնքան ջերմությամբ, ինչպես պապը իր թոռների մասին կարտահայտվեր. «Ոչ մի ուղևորի աչքից չի վրիպում իմ այս մեծ ընտանիքը, որը ես ստեղծել եմ մեքենայում: Գիտեք, շատ հաճելի է, երբ մեքենադ նստում են փոքր երեխաներ ու ժպտում, իսկ ես այս խաղալիքներից մեկն իրենց սրտով նվիրում եմ նրանց, իհարկե, շարքը նորից համալրելու ակնկալիքով»: Վազգեն պապիկը անկեղծացավ, որ նման սովորույթ իր մոտ առաջացել է, երբ ծնվել է նրա առաջնեկ թոռնիկը, ում լույս աշխարհ գալուն անհամբեր սպասել է. «Արսենիս ծնվելու օրը առավոտյան, երբ ես չէի կարող գնալ անձամբ տեսնել թոռանս, քանի որ աշխատանքային օրս էր, որոշեցի ուրախությունս ինչ-որ կերպ արտահայտել և առաջին իսկ պատահած մանկական խանութից գնեցի բազմաթիվ փափուկ խաղալիքներ և փուչիկներ, փակցրի մեքենայիս մեջ և բարձր տրամադրությունս նման կերպ ապահովեցի մինչ աշխատանքային օրվա ավարտս: Ուղևորներն այդ օրը զարմանքով էին նայում ինձ, մտածում երևի գժվել ա վարորդը, ես էլ իրենց զարմացած հայացքին պատասխան շրջվում էի ու բարձր ծիծաղելով ասում, որ առաջնեկ թոռս ա լույս աշխարհ եկել»:

 

Ռիմա Համբարձումյան

4-րդ կուրս

Կիսվել