ՆԿԱՐԻՉԸ ԵՎ ԻՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ

ՆԿԱՐԻՉԸ ԵՎ ԻՐ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ

2787

Նարեկ Բարսեղյանը մանուկ հասակում նկարել չի սիրել, սակայն դա չի խանգարել նրան դառնալ նկարիչ: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողն այսօր ունի իր արվեստանոցը, որի մի անկյունում ներկերի կույտեր են, մյուսում`իրար վրա դարսված կտավներ. «Արվեստի հետ կապս սահմանափակված է եղել նրանով, որ մանկությունս գյուղում է անցել: Երբ փոքր էի, հայրս ինձ համար «Ներկիր ինքդ» թերթիկներ էր առնում, ու ես ներկում էի էդտեղ եղած պատկերները»,- պատմում է Նարեկը:

Իր կտավների մասին խոսել չի սիրում: Ասում է, որ դրանց գաղափարը հիմնականում ծնվում է պահի ազդեցությամբ: Կյանքում հանդիպող ցանկացած մանրուք կտավին փոխանցելը հավանական է համարում: Նարեկի հետաքրքրությունների շրջանակում մեծ տեղ է զբաղեցնում փողոցային արվեստը (street art): 2017թ. Նյու Յորք կատարած այցը փոխեց նրա ստեղծագործական ուղին: Վստահեցնում է` փողոցային արվեստը պարզապես պատերին նկարելը չէ. կարևոր է, որ այն իր մեջ բողոքի տարրեր պարունակի. «Վերջերս փողոցներից մեկում` շինարարական մի տարածքում, զաբոռի վրա մի տեքստ էի գրել` «Ես արդեն զաբոռ եմ, իսկ դու ինչի՞ ես հասել»: Ինձ համար արվեստի նպատակն այն է, որ մարդկանց գիտակցությունը շարժվի ու սկսեն մտածել»:

«Keep it classy». գրված է Նարեկի նոր ստեղծվող կտավի վրա: Ինքն էլ վերցրել է պահպանակի տուփից` համարելով ազատության ու անկեղծության դրսևորում. «Տեքստերը, որոնք գրում եմ, իռացիոնալ գրվածքներ են, նկարների հետ էլ կապ չունեն: Բայց եթե խորը ուսումնասիրես, շատ նմանություններ կգտնես իմ և դրանց միջև, որովհետև էս մաքսիմալ անկեղծություն է»:

Նարեկն իր կտավները գրեթե չի վաճառում, քանի որ կարծում է` դրանք քչերի համար են հասկանալի. «Էս տեսակ գործերը սովորաբար իրենց գնորդներն ունեն: Հայաստանյան մտածելակերպի հետ շատ դժվար է կոնտակտի մեջ մտնելը»:

«Կարևոր է այն, թե որքան է ստեղծածդ արմատային, և ոչ թե ազգային»

Հենց այս մտքով է առաջնորդվում երիտասարդ արվեստագետը: Նրա համար էական նշնակություն ունի մշտական վերադարձն արմատներին, քանի որ, իր խոսքով, դա էներգիայի լավագույն աղբյուրն է. «Եթե ուզում ես` ժամանակը չուտի ստեղծածդ, պիտի միշտ ցույց տաս, թե արածդ ինչքան խորությունից է բարձրանում: Էնքան պինդ, էնքան զգացողական, բայց անկեղծ»:

 

Նելլի Պետրոսյան

3-րդ կուրս

Կիսվել